Տիգրան Ուրիխանյան VS Ստյոպա Սաֆարյան. ինչից սկսվեց և ուր հասան

Տիգրան Ուրիխանյան VS  Ստյոպա Սաֆարյան. ինչից սկսվեց և ուր հասան

Տիգրան Ուրիխանյան - Ստյոպա Սաֆարյան հակամարտությունը սկսվել է գարնանից, երբ, Սաֆարյանի խոսքով, իր դեմ էլեկտրոնային լրատվամիջոցներում նյութեր են հրապարակվել, որոնք կրել են զրպարտչական բնույթ։ Դեռ այդ ժամանակ նա ցանկացել է դիմել իրավապահ մարմիններին, սակայն չի գնացել այդ քայլին: Հրապարակվող նյութերում հեղինակի անունը նշված չի եղել, սակայն քաղաքագետը համոզված է եղել, որ պատվիրատուն այն ժամանակ դեռ ԲՀԿ անդամ Տիգրան Ուրիխանյանն է: Այդ ժամանակ Ստյոպա Սաֆարյանի ԲՀԿ-ի դեմ մեկնաբանությունները զուգադիպել են հրապարակվող նյութերի հետ:



Դեռ մայիս ամսին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Ստյոպա Սաֆարյանը ծանուցագիր էր ստացել եւ տեղեկացել, որ Տիգրան Ուրիխանյանն իր ստատուսի հետ կապված հայց է ներկայացրել դատարան: Հայցադիմումում հայցվորը նշել էր, որ Սաֆարյանի ստատուսում արված «արձանագրեմ, որ Տիգրան Ուրիխանյանն ու «Ալյանսը» պարզապես թաքնվում են այս աղջկա յուբկայի տակ» եզրակացությունը «նսեմացնում է անձի արժանիքները հանրության շրջանում, նրան ենթարկում ծաղրուծանակի, ունակ է անձին վերածել ատելության կամ արհամարհանքի առարկայի կամ ստիպում է ամաչել անձին կամ այլ մարդկանց խուսափել տվյալ անձից»: Դատարանը գտել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, քանի որ չեն պահպանվել հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանն առաջադրվող պահանջները:



Արդեն վերջին ժամանակաշրջանում Սաֆարյանի ներկայացմամբ՝ իր անունով ֆեյսբուքում բացվել են կեղծ էջեր, որտեղ աղավաղված իր լուսանկարներն են, գրվում են սեռական բնույթի հայհոյանքներ: Այս ամենի հետ կապված Ստյոպա Սաֆարյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետին եւ ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, որտեղ մասնավորապես ասված է՝ բացահայտել հանցագործներին և նրանց պատժել՝ նշելով, որ խմբի մեջ են «Ալյանս» կուսակցության ղեկավարության գրեթե բոլոր անդամները և առավել ակտիվ համակիրները:



Վերջերս էլ Ուրիխանյան - Սաֆարյան հակամարտությունը հասավ գագաթնակետին: «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր ուղերձը ընթերցելիս վիրավորեց և հայհոյեց Ստյոպա Սաֆարյանին . «… Ժամանակին արևմտամետ ընդդիմադիրի ձև բռնած, իսկ հետո հանրապետականի փոխնախագահ Աշոտյան Արմենի «ջեբի շուն» դարձած Սաֆարյան Ստյոպիկին, իշխանական կլանի հեռուստաալիքների մշտականը ձեռքը տված պաս են տվել իմ ու գործընկերներիս վրա… Նախկին պատգամավոր, իշխանության կամակատար ու ըստ ավանդական, խորհրդարանական սլենգի՝ «փոքրիկ չաթլախ» Սաֆարյան Ստյոպիկին, որն իրեն թույլ է տվել սոցիալական ցանցերում վիրավորել մերձավորներիս ու թիմակիցներիս, հայտնում եմ, որ բնակվում եմ գրանցվածս վայրում…»:



Ուրիխանյանի ելույթից հետո Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որտեղ մասնավորապես նշված է. «Մարդամեկը (ափսոս էլ է այս բառը) վերջապես շմայսերեն արտաթորեց այն կեղտը, որը ֆեյսբուքում ֆռռցնում էր ֆեյք կանանց օգտահաշիվների ու գովազդի տակ: Բայց դրանով նաև պատասխանատվություն ստանձնեց այդ կամպանիայի համար: Վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը: Ի դեպ, բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին` ոչ մի լուսաբանում ու մեկնաբանություն դրա թեմայով չի լինելու: Անգամ դատական գործընթացում: Թեման կա միայն դատարանի, դատավորի ու ոստիկանության և քննչական կոմիտեի (վերջինիս մոտ քննություն է գնում) համար: Սելը ճռալու տեղը սելվորն է ճռում»:



Նշենք նաև, որ սեպտեբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ստացվել «Ալյանս» կուսակցության վարչության անդամների, այլ անդամների ու համակիրների կողմից քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հասցեին հնչեցված սպառնալիքների, սոցիալական ցանցում կազմակերպված հանցավոր հակաքարոզչության հարցով: Գործով նյութեր են պատրաստվել և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե: