Ավստրալացի շախմատիստուհին, ով հայ լրագրողներին «ճիշտ ուղու» վրա է դնում

Ավստրալացի շախմատիստուհին, ով հայ լրագրողներին «ճիշտ ուղու» վրա է դնում

Ավստրալացի շախմատիստուհի Արիանա Կաոլին` հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը, որոշել է կրթել հայ լրագրողներին ու նրանց դարձնել «անաչառ ու պրոֆեսիոնալ»։ Դրա համար նա ստեղծել է «Ճամփորդ հիմնադրամը» եւ թողարկում է «Ճամփորդ» թերթը։ Հուլիսի 15-ին տված ասուլիսում նա հայտարարել էր. «Որտե՞ղ են այն լրագրողները, որոնք կարող են հանրությանը մատչելի, որակյալ ձեւով ներկայացնել տեղեկատվությունը: Կարծում ենք՝ «Ճամփորդ հիմնադրամը» կլինի այն սկիզբը, որը կներկայացնի որոշ լուծումներ»: Հիմնադրամն անվճար դասընթացներ է կազմակերպում երիտասարդ լրագրողների համար, որոնք «առավելապես ուղղված են լրագրողական էթիկային, անաչառությանը, մասնագիտական հմտություններին եւ տեղեկատվությունն անաչառ ու մատչելի ներկայացնելու ունակությունների զարգացմանը»։ Տիկին Կաոլին, սակայն, լրագրողական պրոֆեսիոնալ կրթություն չունի, նա մասնագիտությամբ տնտեսագետ է, հայկական միջավայրում չի ապրել եւ հազիվ թե տեղեկացված լինի, թե հայ լրագրողներն ինչ պայմաններում են աշխատում եւ ինչպես։ Բայց տաղանդավոր գրոսմայստերի շախմատիստուհի կինը որոշել է, որ ինքը պետք է Հայաստանում լրագրողներ կրթի ու դաստիարակի, սովորեցնի, թե ինչպես գրագետ ու պրոֆեսիոնալ հոդված գրել, ինչպես «ապատեղեկատվություն» չտարածել։ 



Նրա նշանավոր ասուլիսին մեծ թվով հայ լրագրողներ ու տարբեր գործիչներ էին հավաքված, որոնք խելոք, սուսուփուս, խոնարհ հարսի պես լսում էին, թե ինչպես էր Ավստրալիայից մեր երկիր հարս եկած շախմատիստուհին դասեր տալիս իրենց, հանդիմանում, որ հայ լրագրողները «պրոֆեսիոնալ», «որակյալ, անկաշառ ու անաչառ» չեն։ Ի դեպ, հիմնադրամի ղեկավարն «Ապոլիտիկա» հաղորդաշարի հեղինակ-վարող Գոհար Հայրապետյանն է։ Երեկ տիկին Կաոլին «Կոնգրես» հյուրանոցում արագ շախմատի միաժամանակյա սեանս էր անցկացնում՝ բարեգործական նպատակներով։ Առիթն օգտագործեցինք՝ հարցուփորձ անելու այս ընթացքում «Ճամփորդի» անցած ճանապարհից, գրանցած հաջողություններից եւ նրանից, թե քանի լրագրողի է հասցրել այս երեք ամսում «ճիշտ ուղու» վրա դնել։ Արիանան ու նրա թարգմանչուհին մեր հարցերին պատասխանեցին «հեռախոսի մեջ մտած»՝ զուգահեռաբար սմարթֆոններով չաթ անելով եւ զանգերին պատասխանելով։ Հուսանք՝ լրագրողական էթիկայի դասերի ժամանակ գոնե իրենց ուսանողներին չեն սովորեցնի հեռախոսով խոսել ու միաժամանակ հարցազրույց անել։



- Ինչո՞ւ որոշեցիք հայաստանյան լրագրողների համար դասընթացներ կազմակերպել եւ սովորեցնել՝ ինչպես աշխատել, նյութ գրել։



- Ես նպատակ ունեմ զարգացնել երիտասարդ լրագրողներին, որոնք տեղ կունենան իրենց նյութերը ներկայացնել եւ իրենց ներկայացման, զարգացման միջոցով լուսաբանել այն տեղեկատվությունը, որ մենք փորձում ենք փոխանցել մեր թերթի միջոցով։



- Դուք ունե՞ք լրագրողական մասնագիտական կրթություն։



- Ես՝ ինքս, մասնագիտությամբ լրագրող չեմ, ես տնտեսագետ եմ, բայց տեսնում եմ, որ Հայաստանում կոնկրետ շփման խնդիր կա տնտեսական եւ քաղաքական ճիշտ ներկայացման իմաստով։



- Կարծում եք, որ Դուք հենց այն մարդն եք, ով կարող է Հայաստանում դա՞ս տալ լրագրողներին՝ ինչպես աշխատել։



- Ինձ համար մեկ է, եթե Դուք մտածում եք, որ ես սխալ մարդ եմ այս հարցում կամ փոքր մարդ եմ։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկին սովորեցնել, ես սովորեցնող չեմ, ես ուղղակի այդ փազլի մի մասն եմ, որ փորձում եմ այդ բոլորին հավաքեմ մի տեղում, եւ, որպեսզի պատկերը լինի ամբողջական, ես փորձում եմ խնդիրները բացահայտել, որովհետեւ դա իմ մասնագիտությունը չէ։ Ես ընդամենը իմ մասնակցությամբ փորձում եմ այդ խնդիրները բարձրացնել, որ մյուսներն էլ հնարավորություն ունենան լուծել։



- Ի՞նչ հաջողություններ է գրանցել Ձեր թերթն այս ընթացքում, իր առաքելությունը որքանո՞վ է իրականացրել։



- Կարծում եմ, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու, որովհետեւ մենք դեռ նոր ենք սկսել, մենք շատ բանի կարիք ունենք՝ պատրաստված ու փորձառու լրագրողների, լիդերների։ Ես զգում եմ, որ այն, ինչ նախաձեռնել եմ, արդեն ստացվում է, բայց դեռ շատ-շատ անելիքներ ունենք։



- Արդեն կա՞ն լրագրողներ, որոնք Ձեր միջոցով «ճիշտ ուղու» վրա են հայտնվել։



- Հուսով եմ՝ այո։ Ես հիմա անուններ չեմ տա, բայց նրանք հարյուրից ավելի են։



- «Ճամփորդ» թերթը մյուս թերթերի կողքին ինչպե՞ս է դասվում, առաջատարների՞ց է։



- Ես կարող եմ ասել, որ տպագրական քանակով այն ամենամեծն է։ Ես ազատ թերթ եմ եւ չեմ օգնում որեւէ քաղաքական ուժերի, շարժումների։ Ես անկախ եմ, եւ իմ նպատակն է պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացնել լրագրությունը։ Ես անկախ եմ եւ անվճար եմ թերթը բաժանում, ինչը նշանակում է, որ միայն բարեգործական նպատակով եմ այն տպագրում։ Եթե նայեք տպաքանակը, կտեսնեք, որ 200 հազարից ավելի մարդ է կարդում մեր թերթը։ Եվ եթե այդ ամենը գումարեք՝ այո, կարող ենք ասել, որ թերթը հաջողվել է։
ՀԳ. Ի դեպ, մենք թերթեցինք «Ճամփորդ» թերթի մեկ օրինակը ու թեեւ մեծ ցանկություն ունեինք, բայց ընթերցանության համար պիտանի որեւէ ուշագրավ նյութ չգտանք։ Ինչպես այս ընթացքում երբեւէ չենք լսել, որ որեւէ մեկը հիշատակի, որ «Ճամփորդ» թերթ է տպագրվում մեզանում։ Իսկ երբ անհայտ հովանավորների տրամադրած միջոցների հաշվին թերթ են հրատարակում, անվճար բաժանում տատիկ-պապիկներին, առանց ընթերցող կամ գնորդ ունենալու մասին հոգ տանելու, ապա լրագրողներին դասեր տալը, մեղմ ասած, բարոյական չէ։ Այ, երբ կմտնեք հավասար մրցակցային դաշտ, կփորձեք բիզնեսի հետ զուգակցել լրատվություն հաղորդելու, հասարակությանը ծառայելու գործառույթները եւ կկարողանաք գոնե երկու հարյուր մարդու համար հետաքրքիր լինել, այդ ժամանակ կարող ենք զրուցել լրագրության, անաչառության եւ պրոֆեսիոնալիզմի թեմաներով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ