Ովքե՞ր էին վարչապետին դիմած կանայք. հայտնի տեսանյութի հետքերով

Ովքե՞ր էին վարչապետին դիմած կանայք. հայտնի տեսանյութի հետքերով

Երեկ համացանցում բուռն քննարկվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի քայլը, երբ վերջինս ծառայողական ավտոմեքենայից դուրս եկավ և մոտեցավ մեքենայի ճանապարհը փակած երկու կանանց։ Կինը վարչապետին հանձնեց ձեռքի նամակը, լացակումած շնորհավորեց՝ հայտնելով, որ անտուն է, ապրելու տեղ չունի։ Վարչապետը լսեց, գրկեց տարեց կնոջն ու ասաց՝ շատ լավ։ Վարչապետի քայլը մի մասը համարեց մարդասիրական, մյուսները գնահատեցին որպես PR քայլ:



Ովքե՞ր են վարչապետին մոտեցած կանայք



Կառավարությունում ամեն հինգշաբթի տեղի ունեցող նիստը ուղեկցվում է բակում բողոքների ակցիաներով, այդտեղ են գալիս հոգսաշատ մարդիկ, իրենց խնդրի մասին բարձրաձայնում։ Կառավարության մշտական «հյուրեր»-ից են նաև այս երկու տիկնայք՝ 60-ամյա Սվետա Դավթյանն ու նրա դուստրը՝ 39-ամյա Կարինե Ավետիսյանը։ Գրեթե բոլոր լրագրողներին իրենց խնդիրների մասին պատմած, խմբագրությունների դռները թակած տիկնայք ամսիներ առաջ դիմել էին նաև մեզ։ Նրանք Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից են։ Մայր ու աղջիկը մեկ տարուց ավելի է, ինչ դուրս են եկել Գավառից և սկզբից վարձով ապրում էին Երևանում, այժմ էլ ապրում են Հոկտեմբերյանում` ընկերուհու տանը: Բայց գրեթե ամեն օր նրանք Երևանում են։



«Հրապարակ»-ին կանայք հայտնել էին, որ Գավառի ոստիկանության աշխատակիցները իրենց հետապնդում են: Ավելին` այն տարիներին, երբ ապրել են Գավառ քաղաքում, մշտապես հալածվել են նաև հարևանների կողմից։ Նրանք Գավառի ոստիկանության աշխատակիցներին մեղադրում են իրենց տան ունեցվածքը թալանելու մեջ, մասնավորապես խոսքը մեծ գումարի, ոսկեղենի, կահույքի մասին է: Իսկ Գավառի ոստիկանության աշխատակիցներից մեկին՝ Արթուր Գնդոյանին մեղադրում էին իրենց պարբերաբար անհանգստացնելու և Կարինեին սեռական բնույթի առաջարկություն անելու մեջ։



Գավառի ոստիկանությունից էլ մեզ հայտնել էին, որ Ավետիսյանների վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են ունեցել հայաստանյան տարբեր գերատեսչություններից, կանայք ունեն հոգեկան խնդիրներ, հաշվառված են Գավառի հոգեկան առողջության կենտրոնում։ Տիկնանց կողմից մեղադրվող Գնդոյանը մեզ հայտել էր, որ նրանք չեն տեղափոխվում համապատասխան հաստատություն, քանի որ հասարակության համար վտանգ չեն ներկայացնում։ Նա նաեւ նշել էր, որ մեր խմբագրություն դիմած անձինք կարող են հանգիստ գնալ եւ ապրել իրենց բնակարանում, ոչ ոք իրենց բնակարանը չի թալանել։



Ոչ մի լրատվամիջոց բաց չթողած կանայք սպառել են գրեթե բոլոր գերատեսչությունները՝ Բաղրամյան 26-ից ՄԻՊ ու մինչև ոստիկանություն։ Ինչքան էլ պատկան մարմինները հերքեն մոր ու աղջկա պատմածը, բայց նրանց հետ մեկանգամյա շփումը սարսուռ կպատճառի լսողներին: