Դեմիրճյանի հուշատան նկուղը՝ կռվախնձոր

Դեմիրճյանի հուշատան նկուղը՝ կռվախնձոր

Սիրված դերասան Երվանդ Մանարյանի հիմնադրած, շուրջ 30 տարվա կենսագրություն ունեցող «Ագուլիս» տիկնիկային թատրոնը մեկ տարուց ավելի է՝ չի գործում։ Դրա պատճառների մասին իր ֆեյսբուքյան էջում օրեր առաջ անդրադարձել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանը։



Աբովյան 29 հասցեում գործող թատրոնը երկար տարիներ տեղակայվել է Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում (որն էլ իր հերթին պատկանում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին)։ Ըստ Քրիստ Մանարյանի՝ թատրոնը երբեւէ որեւէ աջակցություն չի ստացել պետական կառույցներից, բայց շարունակել է գործել սեփական ուժերով. ««Ագուլիսն» առաջիններից է մեկնել Արցախ՝ հյուրախաղերի, ակտիվ մասնակցել է թատերական փառատոների, իր սուղ պայմաններով հանդերձ՝ միշտ ամենաէժան տոմսերն է առաջարկել մանուկներին, խաղացել է անհամար բարեգործական ներկայացումներ առողջական խնդիրներ ունեցող մանուկների համար եւ միշտ եղել է մայրաքաղաքի ու մարզերի երեխաների անփոխարինելի ընկերն ու բարեկամը: «Ագուլիսն» այն թատերական օջախներից է, որը պատերազմի ցուրտ ու մութ տարիներին անխոնջ ու համեստ ծառայել է իր կոչմանը եւ ոչ մի օր դռները չի փակել: Բայց ներկայումս, արդեն մեկ տարուց ավելի, թատրոնի դռները փակ են, որովհետեւ էլեմենտար կենցաղային պայմանները թույլ չեն տալիս, որ տասնամյակներ գործող այս փոքրիկ թատրոնը շարունակի ընդունել հանդիսատես՝ անհրաժեշտ է համալիր վերանորոգում, որովհետեւ վիճակն այնտեղ գրեթե աղետալի է:



Մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացավ վերանորոգել այս փոքր, նկուղային տարածքը, բայց հետո պարզվեց, որ, ինչպես միշտ, դրամ չունի դրա համար, թեեւ Դեմիրճյանի հուշատունը հիմա վերանորոգվում է: Առանց վերանորոգման թատրոնն այլեւս դռները բացել չի կարող: Կարծում եմ՝ պատկերացնում եք Երվանդ Մանարյանի եւ թատրոնի կոլեկտիվի հիասթափությունն ու վրդովմունքը, մենք շարունակում ենք ստանալ հեռախոսազանգեր, փողոցներում ծնողները մոտենում ու հարցնում են՝ ե՞րբ եք վերաբացվելու»:



Ստեղծված իրավիճակում միակ լուծումը, ըստ Քրիստ Մանարյանի, տարածքը սեփականաշնորհելն է. «Միակ լուծումը՝ տարածքը պետք է սեփականաշնորհել, գտնելու համար անհատների, որոնք էլ կօգնեն, որ թատրոնն սկսի գործել առաջվա պես եւ, հուսանք՝ առաջվանից էլ ինտենսիվ: Ես դիմում գրեցի ներկայիս վարչապետ պրն. Կարապետյանին՝ խնդրելով, որ նա հորս եւ ինձ ընդունի՝ այս ամենի հետ կապված: Աշխատակազմից ինձ պատասխանեցին, որ հիմա վարչապետն ընդունել չի կարող, քանի որ քաղաքացիների ընդունելություն չունի, միգուցե՝ հաջորդ ամսվա մեջ: Ուզում եմ հուսալ, որ ընդունելությունը կկայանա: Բայց այստեղ մի ուրիշ պահ կա՝ Պետգույքն ու հատկապես մշակույթի նախարարությունը, որոնք, ի պատասխան թատրոնի զբաղեցրած տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ իմ դիմումի, տվել են իրենց եզրակացությունները, փաստացի ոչ դրական կարծիքներ են արտահայտել սեփականաշնորհման հետ կապված եւ ըստ էության «մեծահոգաբար» թույլատրում են, որ «Ագուլիսն» առժամանակ մնա Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում… երեւի Երվանդ Մանարյանն ու մենք բոլորս՝ «Ագուլիսի» կոլեկտիվը, պիտի ուրախ ու երախտապարտ լինենք, որ մեզ թույլատրում են դեռեւս շարունակել գործունեությունն այնտեղ, որտեղ գործել ենք երեք տասնամյակ…»։



Մենք զանգահարեցինք մշակույթի նախարարություն՝ հասկանալու, թե նախարարությունն ինչպես է տեսնում այս հարցի լուծումը, եւ որն է նրա դիրքորոշումը, որտեղից մեր հարցմանը պատասխանեցին գրավոր. «Սիրված դերասան Երվանդ Մանարյանի հիմնած «Ագուլիս» ոչ պետական թատրոնը 1998-99 թվականներից գործում է «Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկում (հասցե՝ Երեւան, Աբովյան 29): Հաշվի առնելով Վարպետի վաստակը, թանգարանի տարածքն «Ագուլիսին» մշտապես տրամադրվել է անհատույց օգտագործման հիմունքներով: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ֆոնդերը պարբերաբար համալրվում են թանգարանային առարկաներով ու ցուցանմուշներով, եւ ներկայիս տարածքն արդեն իսկ չի բավարարում ֆոնդերի պահպանության եւ լիարժեք ցուցադրության համար: Չնայած այս հանգամանքին, հաշվի առնելով Երվանդ Մանարյանի անուրանալի ներդրումը մեր մշակույթի, արվեստի ոլորտում, թանգարանի տնօրինությունն առաջարկել է թատրոնի ղեկավարությանը նույն՝ անհատույց հիմունքներով շարունակել օգտագործել վերոնշյալ տարածքը»:



Թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանն ի պատասխան մեր հարցմանը նշեց, որ այս պահին ավելացնելու որեւէ բան չունի, իր կարծիքն արդեն իսկ հայտնել է, այդքանը։



Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե որն է խնդիրը, եթե իրենք տարածքն անհատույց տրամադրել են թատրոնին, բայց գեղարվեստական ղեկավարը բարձրաձայնում է տարածքի սեփականաշնորհման հարցը։ «Ոչ միայն Երվանդ Մանարյանը, այլ նաեւ լուսահոգի Արման Մանարյանը ոչ միայն մեր թանգարանի, այլեւ իմ ջերմ-ջերմ բարեկամներն էին եւ են։ Ոչ ոք չի ուրանում, որ այդ տարածքը Երվանդ Մանարյանն է նորոգել, դա քայքայված, խարխլված մի բան էր, իր միջոցներով դա արեց ու վերածեց ոչ միայն թատրոնի, այլեւ մանուկների ամենասիրված թատրոնի։ Մենք հիմա կարոտ ենք մնացել այդ թատրոնին, որովհետեւ տարիուկես է՝ չի գործում, գիտեմ թե ինչու չի գործում, որովհետեւ Երվանդ Մանարյանը տարիքի բերումով ի վիճակի չէ։ Ինչո՞ւ ժամանակին նա սեփականաշնորհելու խնդիր չի բարձրաձայնել»,-ասաց Վարդանյանն ու նշեց, որ չի հասկանում, թե ինչու է հիմա սեփականաշնորհման հարց բարձրացվում, ավելին՝ Քրիստ Մանարյանին նա ասել է․ ի՞նչ կապ ունի՝ այդ տարածքը սեփականաշնորհվա՞ծ է, թե՞ ոչ, իրենք հակված են, որ թատրոնի բարի ավանդույթները շարունակվեն այդտեղ. «Ինձ այդ պահանջը խիստ տարօրինակ է՝ ինչո՞ւ ենք սեփականացնում դա, երբ մենք հակված ենք, որ դա հավերժ տիկնիկային թատրոն գործի»։



Կարո Վարդանյանը ճիշտ է համարում, որ պայմանագիր կնքեն, դարձյալ՝ անհատույց, անժամկետ, որտեղ նշվի, որ տարածքը, թատրոնից զատ, այլ նպատակի չի կարող ծառայել։ «Աստված Քրիստ Մանարյանին այնքան զորություն տա, որ մի բանկից, մի օլիգարխից կարողանա տարածք վերցնել, բայց տուն-թանգարանից, մի խոցելի հիմնարկից հավակնել տարածք սեփականացնելու, դա չեմ կարող ընդունել»,- նշեց նա՝ նկատելով, որ տարածքը շատ մեծ չէ եւ մեծ թվով հանդիսականներ չի էլ կարող տեղավորել, առավելագույնը՝ 10 ծնող, նույնքան էլ՝ երեխա։



Ինչ վերաբերում է վերանորոգվող Դեմիրճյանի տուն-թանգարանին, Վարդանյանը նշեց, որ այն երբեւէ չէր նորոգվել, եւ դրա վերանորոգման համար ընդամենը 6 մլն. դրամ են տվել, ինչը շատ քիչ է անգամ թանգարանը հիմնավոր նորոգելու համար, ուր մնաց թե կարողանային ներքնահարկը բերել կատարյալ վիճակի, ինչն էլ այս դեպքում ակնկալել է Քրիստ Մանարյանը։