Բողկի, հուշարձանի եւ գյուղապետ Սուսանի մասին

Բողկի, հուշարձանի եւ գյուղապետ Սուսանի մասին

Արմավիրի մարզի Արեւաշատ գյուղը երեք խորհրդանիշ ունի: Առաջինը բողկն է: «Էս գյուղն ինչ ստեղծվել է, բողկը ցանվել է, ցանվում է ու կցանվի». Աղվան Հակոբյանը մարգից մարգ է թռչկոտում, կանգ է առնում, ուշադիր զննում բույսերի կոթերը: Ոչ ոք չի ասի, թե բեղավոր, առույգ ու արագաշարժ այս տղամարդը, որը մենակ ահռելի դաշտ է մշակում, ծանր վիրահատություններ է տարել, ոտնաթաթը շաքարախտի հետեւանքով կտրել են, այն էլ՝ երկու անգամ: «Բողկը շաքարի դեպքում առաջին դեղամիջոցն է»,- ասում է Աղվան Հակոբյանը: Խորհուրդ է տալիս բողկ գնելիս փորձել՝ եթե քաղցրություն ունի, ուրեմն ջուրը լավ են տվել, եթե կծու է՝ քիչ ջրած է, չարժե վերցնել: Արեւաշատում ամառ-ձմեռ բողկ են ցանում: Եթե մյուս բերքից խեր չի լինում, բողկը կա ու կա:



Թութուշ մայրիկի հուշարձանը



Գյուղի երկրորդ խորհրդանիշը Թութուշ մայրիկն է, տեղի հուշարձանը: Այն կանգնեցրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված 43 տղամարդկանց հիշատակին: Թութուշի մինուճար որդին` Շավարշը, նրանցից մեկն է: Թութուշն այնպես էր սգում, տոչորվում իր 25-ամյա որդու կարոտից, որ երբ գյուղսովետի առաջ հուշարձանի հարց կանգնեց, արեւաշատցիները միաձայն որոշեցին՝ այն Թութուշի դեմքով պետք է լինի: Քարակերտ տիկինը, որը պատվանդանին կանգնած սպասում է 43 նահատակներին, իրոք Թութուշ մայրիկին է նման: Իհարկե, Արեւաշատում շատ մայրեր ու այրիներ կային, եւ նրանցից յուրաքանչյուրն էլ կարող էր արձանի նախատիպ լինել, բայց Թութուշը մյուսներից ավելի էր հուզել արեւաշատցիներին նրանով, որ մինչեւ մահ պահել էր իր Շավարշի նամակներն ու սիրած աղջկանից նվեր ստացած թաշկինակը: Թութուշը խնդրել էր համագյուղացիներից, որ մեռնելուց հետո նամակներն ու նվեր թաշկինակը դագաղի մեջ դնեն: Այդպես էլ արել էին: Թանկարժեք իրերը դրել էին Թութուշի գլխի տակ ու նրա հետ հանձնել հողին:



Սուսան, Սուսան առհավետ



Արեւաշատի երրորդ սիմվոլը գյուղապետ Սուսանն է՝ ընկեր Գեւորգյանը, որն անկախությունից ի վեր Արեւաշատի գյուղապետն է: Նախկին կյանքում, այսինքն՝ մինչեւ գյուղապետ դառնալը, նա դպրոցի ուսուցիչ էր: 1993-ին գյուղապետ դարձավ: Գազ չկար, ջուր չկար, ոռոգումը խորքային հորերով էր կատարվում, որոնք վառվել էին: Իսկ երբ գյուղացիներին սկսեցին հող բաժանել, գյուղում մեծ խառնաշփոթ սկսվեց: «Ոչ քարտեզներ կային, ոչ փաստաթղթեր: Ասենք՝ մեկին տվել էին հողը, մյուսը կարող էր գալ-ասել` չէ, էս հողի տերը ես եմ»,- պատմում է գյուղապետարանի բուժքույր Ալիսա Բաբլոյանը: Գյուղսովետի նախագահը չէր ցանկացել վատամարդ լինել, հրաժարական էր տվել: Սուսանն այդ ժամանակ դպրոցի փոխտնօրենն էր, եւ առանց երկար մտածելու գյուղացիները որոշել էին՝ հենց նա էլ պետք է գյուղսովետի նախագահը դառնա: Լուսահոգի ամուսինը` Վալոդը, դեմ էր եղել, եւ գործին խառնվել էին գյուղի մեծերը: Կուլտուրայի տան տնօրեն Զորիկ Սարգսյանը, որը Վալոդի հետ կլարնետ էր նվագում ժողգործիքների նվագախմբում, գնացել ու ասել էր. «Վալոդ ջան, պետք է Սուսանին բերենք գյուղապետ»: Բա տենց ո՞նց կլինի, կնիկը՝ գյուղապե՞տ, առարկել էր Վալոդը: Զորիկն էլ, թե՝ մինչեւ երեկո ժամանակ եմ տալիս, քցի-բռնի, նայի՝ ինչ ես անում: Վալոդը մինչեւ երեկո մտածել էր, եկել ու ասել` թող աշխատի:



7 անգամ Սուսանը համայնքի ղեկավար է ընտրվել



Տարիներ են եղել, երբ միակ թեկնածուն է եղել, ոչ ոք մոտ չի եկել գյուղապետի աթոռին: 2008-ին էլ 5 տղամարդկանց դեմ է պայքարել ու հաղթել: «Այդ հինգը միասին իմ ձայներից 30 ձայն պակաս էին հավաքել: Անցյալ ընտրությանը չունեի մրցակից, ստիպված՝ գյուղապետարանի մի աշխատողի ասացինք՝ դրեց թեկնածությունը, որ մրցակցություն լինի»,- կիսվում է գյուղապետը: Բոլոր հարցերում հաջողել է` խորքային հորերն են նորոգվել, նախակրթարանը, դպրոցը, գյուղապետարանը, երկու ջրագիծ է անցկացրել, ոռոգման համակարգ: Գյուղն ասֆալտապատ է, Թութուշի արձանը` կանգուն, նոր ծառերով շրջապատված: «Մի հանցանք եմ գործել` մանկապարտեզ չունենք,- տխուր ձայնով խոստովանում է Սուսաննան,- բայց միշտ դիմել եմ, ի՞նչ անեմ՝ չստացվեց»: Արեւաշատի երեխաները հարեւան համայնքներ են մանկապարտեզ գնում` Պտղունք, Փարաքար: Գյուղում նույնիսկ հատուկ պաշտոն կա` մանկապարտեզ տանողի: Մանկապարտեզ տանողն ամեն ընտանիքից ամսական 5 հազար է հավաքում ու իր մեքենայով փոքրիկ արեւաշատցիներին տանում Պտղունք ու հետ բերում: Էլ ում ասես, որ այս տարիների ընթացքում չի դիմել Սուսաննա Գեւորգյանը` տարածքային կառավարման նախարարներին, պատգամավորներին, հարազատ ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարներին, Արմավիրի գեներալներին: Բոլորը խոստանում ու խոստանում են` կանենք: Սուսաննան էլ է խոստանում. «Կյանքի գնով էլ լինի, մանկապարտեզը կառուցելու եմ, նոր գնամ»: Համագյուղացիները նրա առաջ հարցերի լայն սպեկտոր են դնում` իրենց սոցիալական վիճակից սկսած, անձնական հարցերով վերջացրած: Գյուղի կանանցից մեկն ամուսնուն սիրուհու հետ բռնել է, սիրուհու ոտքը կապել է մահճակալին ու վազել Սուսաննայի մոտ, որ գա՝ ամոթանք տա մարդուն էլ, սիրածին էլ: Ասում են՝ մի ընտանիք էլ քանդվելու եզրին է եղել, որովհետեւ այդ ընտանիքի մայրն աղջկա սենյակում է քնել, եւ գյուղապետի բարեխոսությամբ նա վերադարձել է ննջարան, եւ խաղաղությունը վերականգնվել է ամուսինների միջեւ: Նոյեմբերի 12-ին նորընտիր հին գյուղապետ Սուսաննա Գեւորգյանը 7-րդ անգամ կստանձնի համայնքի ղեկավարի լիազորությունները: Հավատացնում է` վերջին ժամկետն է գյուղապետ աշխատում:



Սյուզան Սիմոնյան