840 մլն. դրամ հավելավճար՝ գիտաշխատողներին

840 մլն. դրամ հավելավճար՝ գիտաշխատողներին

Նախօրեին մամուլում գրվեց, որ գիտական աստիճաններ ունեցող գիտնականները 2017-ից կզրկվեն իրենց տրվող հավելավճարներից, ինչը նախատեսված չէ այս տարվա բյուջեով։ Թե Գիտությունների ակադեմիայից եւ թե կրթության եւ գիտության նախարարությունից մեզ պատասխանեցին, թե տեղյակ չեն նման խոսակցություններից՝ հորդորելով դրանց պատասխաններն ստանալ Գիտության պետական կոմիտեից։



Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը մեզ հետ զրույցում նախ նկատեց, որ չշփոթենք ակադեմիայի իսկական եւ թղթակից անդամներին տրվող 100 եւ 150 հազար դրամ պատվովճարը գիտաշխատողներին տրվող 25 եւ 50 հազար դրամ հավելավճարի հետ։ Ըստ Սահակյանի՝ օրենքով սահմանված էր, որ գիտական աշխատողներն իրավունք ունեն ստանալ հավելավճարներ, դրանք կանոնակարգելու համար 2008-ին ընդունվեց կառավարության որոշում, որով նախատեսվում էր հատկացնել 10 եւ 20 հազար դրամ՝ համապատասխանաբար, գիտության թեկնածուներին եւ դոկտորներին։ Այդ որոշումը գործեց մինչեւ 2014թ.-ն, վերջին 2 տարում այն փոխվեց եւ դարձավ 25 եւ 50 հազար։



«Գիտական աստիճանի համար հավելավճարը հատկացվում է պետական գիտական ծրագրում ընդգրկված եւ հանրապետության առնվազն նվազագույն աշխատավարձ ստացող անձանց։ Պրոբլեմը բացատրվում է նրանով, որ 2015թ.-ին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարը փոխվեց. գիտության թեկնածուների համար դարձավ 25 հազար, իսկ գիտության դոկտորի համար՝ 50 հազար դրամ։ Դրա արդյունքում մենք նաեւ նկատեցինք, որ որոշ մարդկանց, օրինակ, գիտությունների դոկտորներին աշխատանքի էին ընդունում 17 հազար դրամ աշխատավարձով եւ պահանջում էին, որ գիտության աստիճանի համար հատկացվի նաեւ հավելավճար, եւ դրա հիման վրա կառավարությունն ընդունեց ֆինանսավորման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով որոշում, ըստ որի՝ նրանք, ովքեր ընդգրկված են գիտական ծրագրերում, ստանում են հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափով գիտական աստիճանի հավելավճար, հետեւաբար՝ ֆինանսավորումը դարձավ ավելի թիրախային եւ ավելի նպատակային»։



Նա վստահեցրեց, որ գիտաշխատողներն ինչպես ստացել էին, այնպես էլ շարունակելու են ստանալ այդ հավելավճարները, իսկ դրանք կրճատելու մասին խոսակցություններն ու լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Այս հավելավճարների դեպքում կա 2 մոտեցում՝ կամ հատկացումներն արվում են ընդհանրապես գիտական աստիճան ունեցողներին, որն արդյունավետ չէ, որովհետեւ կարող է մարդը պաշտպանել եւ զբաղվել ընդհանրապես գիտությունից դուրս գործերով, 2-րդ մոտեցումն էլ սա է՝ խրախուսել գիտաշխատողներին։ Մեր կառավարությունը որդեգրել է 2-րդը, այսինքն՝ պետական գիտական ծրագրերում ընդգրկվածներին։ Խոսքը վերաբերում է եւ բազային ֆինանսավորման, եւ նպատակային, եւ թեմատիկ ֆինանսավորման ծրագրերում, երբ մարդը չի համատեղում ու ստանում է հանրապետության նվազագույն աշխատավարձի չափ աշխատավարձ, ապա ինքն ստանում է հավելավճար»։



Վարդան Սահակյանը նշեց, որ խոսքը գնում է մոտ 2 հազար 500 գիտաշխատողի մասին, որոնք ստանում են այդ հավելավճարները։ Ավելին՝ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառի 2017թ. բյուջեի նախագծում գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարը սահմանված է 840 մլն. դրամ։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ