Մարդն իրեն մուրացիկի կարգավիճակում չպետք է զգա

Մարդն իրեն մուրացիկի կարգավիճակում չպետք է զգա

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծի շուրջ նախօրեին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկում է կազմակերպել մի շարք մտավորականների հետ։



Քննարկումը տեւել է մոտ 3 ժամ, որի ընթացքում խոսվել է ոչ միայն 1000 դրամի այդ օրենսդրական նախագծի, այլեւ բանակ-ժողովուրդ-ազգ կապի մասին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր մոտեցումներ, մտավորականներից ոմանք առաջարկել են գոնե մեկ տարի կամավորության սկզբունքով ներդնել այդ համակարգը։ Խոսվել է նաեւ բանակում եւ երկրում տիրող անպատժելիության մասին, եղել են մտավորականներ, որոնք միայն գովասանքի խոսքեր են հնչեցրել՝ «վերջապես մեկը մտածում է զինվորի մասին» բովանդակությամբ։



«Կարին» ազգագրական երգի եւ պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն առաջարկել է, որ նման համակարգ ներդնելուց առաջ՝ լինի դա հազար, թե 5 հազար դրամ, պետությունը նախեւառաջ այնպիսի քայլեր ձեռնարկի, որ ժողովուրդը հասկանա՝ երկրում անպատժելիությունը վերանում է. «Ցանկացած մեկը պետք է պատժվի, եւ մարդը պետք է տեսնի, որ պետությունը վճռականություն ունի պետական կանոնավոր բանակի բյուջեից գողացված եւ դյակների վերածված գումարները վերադարձնել բանակի բյուջե՝ թեկուզ բռնագանձելով, դատական գործեր հարուցելով։ Այսինքն՝ պետք է պատժելիության մթնոլորտ ձեւավորվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ այդ վճռականությունը երկկողմանի է»։ Իր առաջարկն արձագանք գտե՞լ է նախարարի կողմից։ Գինոսյանը նշեց, որ կոնկրետ բան չի ասվել։



Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ այդկերպ պետությունը մտնում է քաղաքացու գրպանը եւ դա անում է պարտադրանքի մեխանիզմով, ապա, ըստ մեր զրուցակցի, պետությունն այդպես՝ հարկի տեսքով է մտնում ցանկացած քաղաքացու գրպանը. «Եթե իրոք այդ վճռականությունը կա՝ բանակը վերազինելու, նրա մթնոլորտը փոխելու, բանակին մերօրյա նոր մարտահրավերներին նախապատրաստելու, ապա, կարծում եմ, այդ համատեքստի մեջ պետք է լինի ոչ թե հազար դրամ գումարը, ինչն ինձ համար վիրավորական է նաեւ այդ հաշմանդամ ազատամարտիկի համար։ Ընդ որում՝ չպետք է լինի 2014-ից սկսածների համար, այլ բոլոր հաշմանդամների․ հիմա այդ մարդն ի՞նչ մեղք ունի, որ մեկ տարի կամ մի քանի ամիս առաջ է վիրավորվել։ Այսինքն՝ եթե նման մոտեցում կա, ապա բոլորի վրա պետք է տարածվի՝ թե զոհվածների ընտանիքների, թե հաշմանդամների։ Եթե ինչ-որ համակարգված տուրքի ձեւ լիներ, որը գնար բանակի ռազմարդյունաբերության զարգացմանը, բանակի նոր սպառազինությանը, գաղափարական վերազինմանը եւ այդ թվում վիրավոր, հաշմանդամ ազատամարտիկների բուժմանը, առողջապահության խնդիրներին, կարծում եմ՝ ժողովուրդն այդ ժամանակ փշոտ չէր ընկալի այդ հարցը։ Բայց հիմա ինձ համար մի քիչ վիրավորական է, այսինքն՝ ես գնացել եմ, իմ կյանքը վտանգել եմ, մեկ էլ ասում են՝ ժողովուրդ ջան, փող տվեք՝ էս տղուն բուժենք։ Այսինքն՝ մարդն ինչ-որ չափով իրեն մուրացիկի կարգավիճակում կարող է զգալ, որ, ընկած դռնեդուռ, հազար ներողություն, մատաղի, բուժման փող են հավաքում։ Եթե մենք կարողանում ենք ապացուցել, որ մենք վճռական ենք մեր բանակից, անվտանգությունից գողացված գումարները վերադարձնելու հարցում, այդ դեպքում, կարծում եմ, շատ ավելի ադեկվատ կլինի մարդկանց վերաբերմունքը։ Եթե մենք ցույց տանք բարի կամք, եւ քայլեր նախաձեռնվեն այդ ուղղությամբ, կարծում եմ՝ ոչ մեկն էլ փշոտ չի վերաբերվի այդ հազար դրամներին»։



Ըստ Գինոսյանի, նախ պետք է ժողովրդի վստահությունը վերականգնել, դրանից բացի, ազգ-բանակ հասկացության մեջ հայ սպայի կերպարը պետք է փոխվի, եւ տեսախցիկների մեջ չտեղավորվող ճարպակալված սպայի կերպարը պետք է անհետանա մեր իրականությունից. «Բանակը բոլորովին պետք է փոխվի եւ լինի ասպետավայել, ազնվական օրինակելի տեսակը, որովհետեւ, ի տարբերություն զինվորի, որը ժողովրդի մեջ պատկառանքի, սիրո վայելում ունի, նույնիսկ կասեի՝ պաշտամունք կա մեր հայ զինվորի նկատմամբ, նույնը չես կարող ասել հայ սպայի մասին։ Իսկ դա ոչ թե ժողովրդից է գալիս, այլ՝ սպայի վատ վարքից, հատկապես բարձրաստիճան սպաների մասին է խոսքը։ Ի վերջո, այստեղ խնդիրն այդ հազար դրամի մեջ չէ, այլ որ հարցը միակողմանի է դիտվում»։



Քննարկմանը ներկա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով էլ՝ ժողովուրդը կողմ է գաղափարին, դեմ է ձեւին. «Մարդիկ մտածում են, որ այդ փողի առյուծի բաժինն իշխանություններին է հասնելու։ Տարիներ շարունակ իշխանությունները կոտրել են ժողովրդի հավատը: Հասկանում եմ, որ պետք չէ բոլոր գեներալներին վիրավորել, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնք յուրացրել են այն, ինչը բանակին է պատկանել: Այս մասին բոլորը գիտեն՝ հայ մշակից մինչեւ իշխանության ներկայացուցիչ։ Ու երբ ասում են՝ պարտադիր պիտի լինի, դրա համար էլ ժողովուրդն ընդվզում է, բայց բանակը մերն է, ու մենք պաշտում ենք մեր զինվորներին: Ժողովուրդն իրականում կողմ է այդ նախագծին, ուղղակի դրա ձեւին է դեմ: Թող ամեն ինչ բաց անեն, որ մուտքերն ու ելքերը երեւան, որ դռները բաց լինեն, ժողովուրդը վստահի այս գործընթացին: Ու «պարտադիր» բառը դուրս մղվի»:



Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մարդը պիտի հաճույք ստանա, որ օգնում է իր բանակին ու երկրին. «Ինչո՞ւ չեն հավատում, որ մենք ինքներս էլ կցանկանանք օգնել ինքնակամ: Մտավախություն կա, թե այս գումարը չի՞ հավաքվի… Եթե այդպես պատահի, այդ պարագայում թող պարտադիր դարձնեն: Կամավորություն՝ նշանակում է վստահություն, երկրի տերը քեզ զգալ: Հաճախակի խոսում ենք այն մասին, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Արդյո՞ք իշխանությունը վստահում է ժողովրդին, եթե խուսափում է կամավորության սկզբունքով այդ հարցը լուծել: Կամավորությունը նաեւ բարոյական պարտականություն է, երկրի, քաղաքացու կարգավիճակ է: Կամավորությունը լավ բան է, հաճույք պետք է ստանալ: Ինչո՞ւ են այդ հաճույքից մեզ զրկում: Ինչո՞ւ են կասկածում, որ մարդիկ այդքան անգիտակից են: Եկեք փորձենք՝ ստեղծելով հասարակական վերահսկման բոլոր մեխանիզմները, որպեսզի ամեն մի դրամի, լումայի ճանապարհը երեւա, թե ինչ ընտանիքներ են ստանում, ով է վճարում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ