Բանակի նկատմամբ այս վերաբերմունքը կարող է հանգեցնել բանակի մարտունակության նվազման

Բանակի նկատմամբ այս վերաբերմունքը կարող է հանգեցնել բանակի մարտունակության նվազման

Հարցազրույց «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի հետ:



-Ընդունվեց ամսական 1000 դրամ աշխատավարձից հիմնադրամին փոխանցելու մասին ՊՆախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական փաթեթը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ ծրագրի մասին:



Ասեմ, որ օրինավոր երկրում ապրելու դեպքում հնարավոր է այդ ծրագիրը սվիններով չընդունվեր հանրության կողմից, ինչպես այս դեպքում եղավ: Սակայն ցանկացած ծրագիր խելամիտ է ու արդարացված՝ համաձայն այդ պահին տիրող հանգամանքներին և ժամանակին: Մինչդեռ այս դեպքում դա չի կարող դրական համարվել:
Նախ այս Ծրագիրը շատ այլ ծրագրերի նման արտաքին «բարիկամեցողության» շղարշի տակ շատ ավելի խորքային նպատակի է ծառայում: Կրեմլի կամակատար հայաստանյան իշխանությունը ընդամենը իրագործում է մի ծրագիր, որի նպատակն է թուլացնել մեր ժողովրդի կամարտահայտության իրավունքը, նրա մեջ սերմանել անվստահություն և անպաշտպանության զգացում, հանրային գիտակցության մեջ սերմանել այն գաղափարը, որ մենք որպես ինքնուրույն պետություն չենք կարողանում գոյատևել կամ բանակ պահել և արդեն դիմում ենք նման ծայրահեղ քայլերի: Քաջ գիտակցելով, որ 70 տոկոս աղքատություն ունեցող երկրի ժողովրդի համար դժվար է լինելու համաձայնել այդ նախագծին, ռեժիմը, այնուամենայնիվ, հաստատում է այդ ծրագիրը, այն օգտագործելով որպես հոգեբանական զենք հանրության նկատմամբ: Մինչդեռ հակառակ ուղղությամբ` ժողովրդի մոտ վստահություն շահելու և նրա բեռը թեթևացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում: Նկատի ունեմ, որ տարիներ շարունակ մենք տեսել ենք կեղեքվող ու թալանվող երկիր ու բանակ, ապրիլյան պատերազմին բացահայտվեցին բանակում տեղի ունեցող հսկայական չարաշահումները, վաղուց ի վեր հայտնի են դրանց հեղինակների անունները, սակայն որևէ խոսք չի գնում թալանողներին պատժելու և թալանվածը ետ բերելու ուղղությամբ: Դեռ ավելին, պետական այրեր կոչվող պաշտոնյաները ամբիոնից հայտարարում են հանցագործության մասին, այսպես ասած ցուցմունք են տալիս, որ բանակում գոյություն ունի գողություն և գող գեներալներ, սակայն այդ հայտարարությունը չի արժանանաում իրավապահների ուշադրությանը, համապատասխան մարմինները անհապաղ չեն սկսում քննություն, և հանցագործության բացահայտում տեղի չի ունենում, չեն փնտրվում մեղավորներ, և օդում կախված է մնում ՀՀ քաղաքացուն այսօր մտահոգող, զարմացնող ու զայրացնող մի ցինիկ արտահայտություն, թե, այո, մինչև հիմա եղել է, բայց այս անգամ գողությունը շանտղություն կլինի: Սա քաղաքակիրթ աշխարհում չլսված ու չտեսնված իրողություն է: Վարչախումբը ոչինչ չի անում բանակը հզորացնելու և զարգացնելու համար: Նա ստեղծել է մի հզոր ոստիկանական մեքենա, որը կարիքի դեպքում ուղղվում է իր դժգոհությունն արտահայտող ժողովրդի դեմ, և նաև ունենք թուլացած, կարիքների մեջ սուզված բանակ, և թշնամու դեմ կանգնած հզոր մարտական ոգի ունեցող զինվոր: Բանակի նկատմամբ այս վերաբերմունքը կարող է հանգեցնել բանակի մարտունակության նվազման, բարոյալքման և առիթ հանդիսանալ, որ քաղաքացին խուսափի բանակում ծառայելուց: Մինչդեռ բանակն է եղել այս բոլոր տարիներին Հայաստանի քաղաքացու միակ սփոփանքը: Հիշեցնեմ, որ Հայաստանը աշխարհում ամենաոստիկանացված երկիրն է: 25000-անոց ոստիկանական մեքենայի վրա, ավելի շուտ ապազգային վարչախմբի պաշտպանության համար ծախսվում են ահռելի միջոցներ` միլիոնավոր դոլլարներ: Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի կարևոր է ապազգային վարչախմբի պաշտպանությունը, քան մեր երկրի սահմանին կանգնած զինվորը և սահմանի պաշտպանությունը: Շատ թանկ է նստում քաղաքացու վրա իրեն կեղեքող համակարգի պաշտպանությունը և ժողովուրդը միանգամայն իրավունք ունի ընդվզել, անկախ նրանից, որ հարցը վերաբերում է իր զինվորին:



 -Օրերս «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսին նոր մեղադրանքներ առաջադրեցին, փաստաբանների խոսքով՝ նրանք այդ մեղադրանքները չեն ընդունում: Մեղադրանքները արդյոք արդա՞ր են և դրանով ճնշո՞ւմ են գործադրում:



Հայաստանում հատկապես քաղաքական հիմքով անազատության մեջ հայտնված որևէ անձի նկատմամբ մեղադրանքը չի կարող լինել և չի եղել արդար: Ոստիկանապետությունը դաժան հաշվեհարդար է տեսնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են ընդվզել անարդարության, կեղծիքի ու դավաճանության դեմ: Սա քրեաոստիկանապետական համակարգ է, որը անմիջականորեն հրահանգներ է ստանում Բաղրամյան 26-ից: Իսկ որտեղ չկա արդարադատություն, և դատավորը կամ որտեղ քննիչը հրահանգ են ստանում նույն այդ հասցեից, ապա բնական է, որ պետք է լինեն զավեշտալի և նույնքան ողբերգական դատավարություններ ժողովրդի արժանապատվության և երկրի փրկության համար իրենց կյանքը նվիրաբերած հերոս «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ: Այդ խստացումներն ու անարդար որոշումները նախատեսված են հանրության ազատատենչ հատվածի համար, նրան ճնշելու և սանձելու համար, ինչպես նաև դա վրեժ է Սասնա Ծռերի նկատմամբ, որոնք ըստ էության խափանեցին խանական համակարգի շատ պլաններ: Որևէ մեկը չի հավատում այս վարչախմբի իրականացրած ոչ փորձաքննություններին, ոչ քննություններին և ոչ էլ դատավարություններին: Ամենևին զարմանալի չէ, որ կբերեն կեղծ ապացույցներ, կեղծ վկաներ, որոնք կասեն այն, ինչ իրենց հրահանգված է: Եվ իհարկե, կփորձեն դատել տղաներին, անկախ նրանից, թե որքանով են հավանական մեղադրանքները: Սա սովորական երևույթ է մեր կյանքում: Բայց ով է՞ հավատում այդ թխված գործերին: Բոլորս հիշում ենք, թե իրավապահ մարմինները ընդամենը մի քանի ամիս առաջ ինչ ծաղրանքի ենթարկվեցին հանրության կողմից երիտասարդ ոստիկան Տեփանոսյանի սպանությունը Սմբատ Բարսեղյանին վերագրելու նպատակով՝ նրա նկարը տանիքում կարած-կարկատած ձևով տեղադրելու համար: Ֆեյսբուք սոցիալական ցանցը լցվեց մասնագետների հիմնավոր փաստարկումներով, որ այդ նկարը անտաղանդ կերպով արված ֆոտոշոփ է: Հանրությունը ծաղրեց նրանց և դրանով ցույց տվեց այդ չակերտավոր ապացույցների նկատմամբ իր անվստահությունն ու անհամաձայնությունը:
ՊՊԾ գնդի դեպքերը կբացահայտվեն միայն այն ժամանակ, երբ մենք կունենանք ժողովրդավար և իրավական պետություն՝ իր անկախ դատարանով: Այսօր մենք կարող ենք հաստատել, որ տղաները որևէ մեկին սպանելու դիտավորություն չեն ունեցել, իսկ Տեփանոսյանի սպանության հետ առհասարակ որևէ կապ տղաները չունեն:
Սմբատ Բարսեղյանի կամ Արմեն Բիլյանի փոխարեն վարչախմբի կատարածուները կարող էին հնչեցնել այլ անուններ: Հավանաբար ինչ-ինչ անուղղակի տվյալների հաշվառմամբ ավելի նպատակահարմար են համարել նրանց մեղադրելը: Սա է մեր իրականությունը:



-«Սասնա ծռեր»-ին աջակցող երթերը դադարային փուլում են, մինչդեռ Ալեք Ենիգոմշյանը խոսել էր, որ դրանք վերսկսելու են: Այսպես չիրազեկելով` նրանց հարցը չի մղվի՞ ետին պլան:



Այո, նախատեսված է դեկտեմբերի 10-ին երթ անցկացնել` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Տեսնենք, ամեն ինչ կախված է ժողովրդի մասնակցությունից և պատրաստակամությունից:



-«Հայ կանանց ճակատ»-ը մշտապես ակտիվ է եղել, քաղաքական ակցիաներ է նախաձեռնել, այժմ ինչո՞ւ է այն պասիվ դիրքերում գտնվում, առաջիկայում ի՞նչ պլաններ կան: 



Ոչ, Ճակատը այսօր էլ ակտիվ է, պասիվ չէ: Պարզապես ակցիաներ չենք կարողանում անցկացնել: Մշտապես հանդիպում ենք: Ճակատում իսկապես հավաքված են իրական գաղափարակիրներ, նվիրյալներ, հաստատակամ կանայք, որոնք միասին շատ դժվարությունների միջով են անցել այս տարիների ընթացքում և արդյունքում ստեղծվել է կանանց մի հրաշալի վստահելի դաշինք: Վերջերս միայն մեկ ակցիա անցկացրեցինք ի պաշտպանություն Սասնա Ծուռ Հովհաննեսի: Ակցիաներ չենք կարողանում անել, քանի որ ամեն օր համարյա դատավարություններ կան, և Ճակատի անդամները ամիսներ շարունակ դատարաններում են լինում կամ էլ մասնակցում են բողոքի երթերի: Շատ անգամ մեկ օրում մի քանի դատավարություն է տեղի ունենում: Ծանրաբեռնված շրջան է:



-Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, ի՞նչ եք կարծում՝ գուցե դրանից առաջ «Սասնա ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակեն:



Նման միտում չեմ տեսնում: Հակառակը՝ մեղադրանքները խստացվում են: Այս խանական համակարգից ես նման մեծահոգություն չեմ սպասում: Վրեժխնդրությունը նրան ավելի հատուկ է:



-Լինելով ընդդիմադիր, ընդդիմադիր թևից ո՞ւմ կուզեիք տեսնել ԱԺ-ում:



Բարդ հարց եք տալիս: Անկեղծ ասած կցանկանայի չունենալ նման ԱԺ ընդհանրապես: Սակայն, եթե քաղաքակիրթ երկրում ապրեինք, իհարկե կարող էի թվարկել իմ նախընտրած թեկնածուներին: Բայց այսօրվա ԱԺ-ն ընդամենը գաղութատիրոջը սպասարկող վարչախմբի մեկ օղակն է, որը ընդունում է ապազգային որոշումներ, որը չունի դեմք, ավելի շուտ ունի, սակայն այդ դեմքը մեր երկրին իսկապես պատիվ չի բերում: Իհարկե խոսքս չի վերաբերում այնտեղ պատահաբար հայտնված հատուկենտ անձանց: