Սա հերթական իմպերիալիզմի ու շովինիզմի դրսեվորումն է

Սա հերթական իմպերիալիզմի ու շովինիզմի դրսեվորումն է

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ, քանի որ մեկ սերունդ հետո կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց։ Ռուս պաշտոնյայի այս հայտարարությունը մի քանի օր է՝ քննարկվում է ամենատարբեր շրջանակներում։ Ավելին՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքը, թե ռուսաց լեզուն Հայաստանում պետք է գրավի իր արժանի տեղը, եւ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ապահովեն օտար լեզուների եւ նախեւառաջ ռուսերենի խորը ուսուցումը, քննարկումների մի նոր տեղիք է տվել։ 



«Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը, անդրադառնալով այն փաստին, թե ռուսաց լեզուն խորացման կարիք ունի մեր երկրում, առաջարկեց տեխնիկական տեսանկյունից նայել այս հարցին. «Եթե մենք օտար լեզուների գիտելիքները դիտարկենք Հայաստանում, ապա ռուսերենի վիճակը բավականին լավ է, ավելին՝ նախկին ԽՍՀՄ տարածքում ամենալավերից մեկն է, բնականաբար, ռուսախոս երկրները չեմ հաշվում՝ Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս։ Ինչ վերաբերում է ռուսերենին կարգավիճակ տալուն, ապա դա հերթական կաթնային, իմպերիալիզմի ու շովինիզմի դրսեւորումն է, որը մարդկանց միայն ուղղորդելու է պայքարելու, դիմադրելու եւ ոտքի է հանելու, որովհետեւ բացահայտ ցույց են տալիս իրենց պլանները, պատկերացումները մեր ազգերի, պետությունների հանդեպ։ Բնականաբար, դա լինելու բան չէ, դա ինձ համար մոտավորապես նույնն բանն է, ինչ տարածք հանձնելը։



Ցանկացած քաղաքական գործիչ, որ իրենց հետ է, ինքնասպան է, ով ուզում է լինի։ Դա լինելու բան չէ, Հայաստանում հավետ լինելու է մեկ պետական լեզու՝ դա հայերենն է, ոչ մի այլ պաշտոնական կարգավիճակ ունեցող լեզու չի լինելու։ Խոսքը չի գնում փոքրամասնությունների լեզուների մասին։ Հետո՝ Լեւոն Մկրտչյանը չի ասում, որ պետական է դառնալու, ինքն ուղղակի ասում է՝ խորացնելու ենք։ Նույն Դաշնակցությունը, Հանրապետականը եւ այլ կուսակցություններ իրենց գլուխը մտցրել են արջի երախի մեջ, մտել են ԵԱՏՄ, մերժել չեն կարող եւ հիմա այդ կատաղած արջին սիրաշահելու ձեւեր են մտածում, ասում են՝ արի պետական չդարձնենք, բայց խորացնենք լեզվի ուսուցումն ու ուսումնասիրությունը։ Իրենք իրենց գցել են կրակը, տակից չեն կարողանում դուրս գալ։ Ես չեմ հավատում, որ Լեւոն Մկրտչյանը կողմ է Հայաստանում ռուսերենը պետական պաշտոնական լեզու դարձնելուն»։



Արմեն Հովհաննիսյանը համաձայն է, որ ընդհանրապես օտար լեզուներին, եւ ոչ միայն ռուսերենին, պետք է ուշադրություն դարձնել, քանի որ մարդիկ տարիներով սովորում են օտար լեզուներ, բայց հետո անգամ կենցաղային, շփման մակարդակում չեն կարողանում այն կիրառել. «Ռուս պաշտոնյան, որ այդ հայտարարությունն արել է, ողբում է ու ասում, որ ամեն տարի ռուսերենի կիրառումը նվազում է։ Այո, դա նրանց համար ողբերգություն է, այսինքն, որպես միջազգային լեզու, ռուսերենի կարգավիճակն անընդհատ նվազում է, իրենք մեր հաշվին են ուզում այդ խնդիրը լուծեն, եւ միակ լեզուն պարտադրանքն է, ուրիշ լեզու չեն ընդունում»։



Ըստ Հովհաննիսյանի, սա, միանշանակ, քաղաքական հայտարարություն է, քանի որ լեզուն ամենամեծ քաղաքականությունն է. «Մեր նվազ, կիսագաղութային վիճակն ավելի խորացնելու, անելանելի դարձնելու ավելի մեծ միջոց, քան լեզվի ոլորտում ճնշումներ իրականացնելը, չկա»։



Պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանը հիշում է՝ երբ Հայաստանն անկախացավ, մեծ քայլերով սկսեցին մշակել լեզվի օրենքը, որն ամենահամառոտ, բայց ամենաբովանդակալից օրենքն է, ավելին՝ ի պաշտոնե այդ օրենքը ծայրից ծայր շարադրվել է հենց իր ձեռքով. «Երբ այդ օրենքը դուրս եկավ, սկսեցինք արխայինանալ ու, օրենքն ունենալով հանդերձ, սկսեցինք լեզուն կորցնել, իսկ լեզուն ինչպե՞ս են կորցնում՝ կամաց-կամաց օրենքը խախտում էինք, աղավաղում էինք գրական հայերենը, այլափոխում էինք օրենքի պահանջները եւ այդպես արխայինանալով, որ հայոց լեզվին չկա մրցակից, սկսեցինք մեր լեզուն տրորել, կորցնել եւ այլասերել։ 1970-80-ականները հայոց լեզվի հանդեպ հասարակության մեջ մեծ մտահոգություն թողեց, բոլորն սթափվեցին ու սկսեցին հայոց լեզվի հանդեպ հոգատար վերաբերվել, որովհետեւ Մոսկվան մի այդպիսի ցանկություն արձակեց, որ ռուսերենը լինի նաեւ ազգային հանրապետությունների պետական լեզուն։ Ռուսերենի արդեն ներկայացրած այդ հայտը հանդիպեց ազգային լեզուների դիմադրությանը, որոնք սկսեցին զարգանալ, ոտքի կանգնել, այսինքն՝ դա դարձավ ազդակ, ուժեղ խթան»։ Թե որքանով սա կդառնա 2-րդ ազդակը հայոց լեզվի զարգացման, ամրապնդման համար, ըստ նրա, չկա չարիք՝ առանց բարիք. «Այսօր մեր լեզվի փրկության համար այսպիսի ազդակ էր պետք, որ այսօր մեր լեզուն ունենա իր դիմադրության եզրը, եւ մեր մտավորականները, քաղաքացիները մայրենի լեզվի հանդեպ տոգորվեն հատուկ խնամքով։ Դրանից մեր լեզուն կսկսի ավելի զարգանալ, ավելի հեղինակություն ու կարգավիճակ ձեռք բերել։ Այսինքն՝ այն մարդիկ, որ ռուսերենի մասին մտահոգված են, անկախ իրենցից, նրանք այդ առաջարկով խթանելու են ազգային լեզուների զարգացման նոր ալիքը։ Կարծում եմ՝ դրանից մեր լեզուն ավելի շատ շահելու է»։



Ինչ վերաբերում է հարցին, որ ռուսաց լեզվի դերը, նշանակությունն ու ուսուցումը կարեւորվել են նաեւ ԿԳ նախարարի մակարդակով, ինչն արդեն ռուսերենին առանձնահատուկ կարգավիճակ է ապահովում, ապա Արծրունի Սահակյանը նկատում է, որ թե ցարական եւ սովետական եւ թե այսօրվա՝ հետսովետական Ռուսաստանի տարածքը տարբերվում է նրանով, որ այստեղ ինչ ասվում եւ գրվում է, մնում է օդում կամ թղթի վրա. «Այստեղ այնպիսի կազմակերպված հասարակություն չկա, որ ասած կամ գրած խոսքն իրագործվի, այստեղ կան միայն հոգեբանական գործոններ, եթե հանկարծ մի հրաման է դուրս գալիս, հոգեբանորեն դրան համապատասխան արձագանքներ է ստանում, տվյալ դեպքում մեր լեզվի դիրքերն սկսում ենք պաշտպանել, հայոց լեզվի համար սկսում ենք հատկացումներ անել, օրենքին հետեւել եւ այլն»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ