Օրենքը կա, խնդիրը վարչարարության իրականացման մեջ է

Օրենքը կա, խնդիրը վարչարարության իրականացման մեջ է

Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների եւ հետազոտողների ազգային միավորման (NOPRIZ) 2016 թ. լավագույն նորարարական նախագծերի մասնագիտական մրցույթը: Մրցույթին մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի «Երեւաննախագիծ» ընկերությունը, որը ներկայացրել էր 2015-16թթ. մշակված ուսումնամարզական համալիրի նախագիծը (խմբի ղեկավար, ճարտարապետ Սիրեկան Օհանյան): Այս աշխատանքը «Բազմաֆունկցիոնալ համալիրի լավագույն նախագիծ» եւ «Կրթության ոլորտի օբյեկտի լավագույն նախագիծ» անվանակարգերում արժանացել է առաջին մրցանակների: Մրցանակները եւ դիպլոմները «Երեւաննախագծի» ներկայացուցչին շնորհել է Ռուսաստանի Դաշնության նախագծողների եւ հետազոտողների ազգային միավորման նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական ճարտարապետ, «Մոսնախագիծ 2» ինստիտուտի տնօրեն Միխայիլ Պոսոխինը:



Ուսումնամարզական համալիրը գտնվում է Ավան վարչական շրջանում եւ հարում է Բուսաբանական այգուն, տարածքն զբաղեցնում է 3 հեկտարից ավելի մակերես։ Ինչպես տեղեկացնում է «Երեւաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը, համալիրի կազմի մեջ մտնում են փակ սահադաշտի երկհարկանի դահլիճը, մարզաառողջարարական կենտրոնը՝ ունիվերսալ երկհարկանի դահլիճով, եւ դպրոցն ու մանկապարտեզը։ Միջավայրը համալրված է նաեւ բուլվարով, զբոսապուրակով։ Համալիրի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են։



Թե նմանօրինակ մրցույթներում ինչ չափանիշներ են գործում, որքանով են դրանք խիստ, ապա, բացի գեղարվեստական ճարտարապետական լուծումներից, հանձնաժողովի կողմից գնահատվում են նաեւ ինովացիոն մոտեցումները՝ նոր ժամանակակից տեխնոլոգիաների ընդգրկումը, միջավայրի կազմակերպումը, միջավայրի էկոլոգիական կազմակերպումը, բնապահպանական-շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, էներգիայի օգտագործումը։ Ըստ Օհանյանի, մրցույթի հետաքրքրությունն այն է, որ, կոչվելով նորարարական նախագծային առաջարկությունների մրցույթ, այն վերաբերում է ինչպես կառուցված, այնպես էլ կառուցվող եւ իդեա նախագծերին։ Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 188 նախագծային կազմակերպություն, որոնք հավակնել են 16 անվանակարգերի։



Ինչ վերաբերում է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ մշակվող օրենսդրական փոփոխությունների նախագծին, որի նպատակներից է լինելու նաեւ հուշարձանի միջավայրի պահպանությունը, ինչպես նաեւ 100 տարին լրացած ցանկացած շենք դառնալու է պատմամշակութային հուշարձան, ապա այդ հայեցակարգը պետք է համապատասխանի պատմական շերտ ունեցող քաղաքներին, ինչպիսին Երեւանն է. «Որոշակի վերապահումներ ունեմ, փորձեմ կոնկրետացնել, իհարկե, պատմական ձեւավորված միջավայրը պետք է պահպանել, որովհետեւ դա քաղաքի պատմությունն է, բայց այլ պետությունների, քաղաքների փորձը, որ մենք փորձում ենք կիրառել, որոշակի ադապտացման եւ տեղայնացման կարիք ունի։ Դրանից բացի՝ մոռանում ենք, որ մենք անհրաժեշտ ֆինանսական միջոցների այնպես չենք տիրապետում կամ նման տնտեսական վիճակի մեջ չենք։ Նման դեպքերում քայլերի խոշորագույն մասն իրականացնում է պետությունը։ Ցավոք սրտի, այսօր էլ քաղաքապետարանի, պետության համար այդ չափի հնարավորություններ դեռ չեն ստեղծվել, որպեսզի նման կարգով շատ ավելի մասնագիտական ու սկզբունքային աշխատանքներ տանենք, դրա համար շատ հաճախ որոշակի օբյեկտներ կամ հատվածներ մնում են ժամանակի մեջ, մինչեւ այդ հնարավորությունները մենք կարողանանք ստեղծել։ Մասնագիտական առումով այստեղ ամենամեծ խնդիրը նախագծողների, այսինքն՝ քաղաքաշինարարների, ճարտարապետների, կոնտրուկտորների խնդիրն է, որ կարողանան եւ տեխնիկական, եւ ճարտարապետական հնարքների առումով քաղաքի եղած փողոցները, դրանց համայնապատկերները, հրապարակները վերակառուցել, արդիականացնել։ Մասնագիտական ստեղծագործական առումով դա մեծ բարդություններ չի պահանջում, եթե հեղինակը պրոֆեսիոնալ է եւ որոշակի հարազատություն ունի Երեւանի նկատմամբ»։



Ինչպես նկատում է Սիրեկան Օհանյանը, մենք ունենք պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման հիմնավորման նախագիծ հասկացողություն, որը նույնպես ենթադրում է, որ ցանկացած հուշարձանի կամ դրա շրջակա միջավայրը փոփոխելու, վերակառուցելու ժամանակ բոլոր այդ պատմական, արժեքավոր խնդիրները պետք է նայել. «Այսինքն՝ ամբողջ խնդիրը գալիս է, թե ճարտարապետական ինչ միջոցներով, հնարքներով կարելի է այդ խնդիրները լուծել՝ բնականաբար, պահպանելով ու ստեղծելով ներդաշնակ միջավայր»։ Այսինքն՝ համապատասխան օրենքը կա, բայց դրան հետեւո՞ղ չկա։ «Օրենքը կա, ուղղակի շատ հարցերում խնդիրը վարչարարության իրականացման մեջ է, այստեղ է պետք ուշադիր լինել, որ շատ հաճախ չշտապենք, ավելորդ բաներ չանենք, փորձենք ժամանակի մեջ մեր գիտակցությունը հասունացնել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ