Պատասխանատուն ամբողջովին արդարադատության նախարարությունն է

Պատասխանատուն ամբողջովին արդարադատության նախարարությունն է

Թեեւ ընտանեկան բռնության երեւույթը մեր երկրում մնում է առանցքային խնդիրներից մեկը, բայց դեռ չկա ընտանեկան բռնությունը մերժող օրենք։ Դեռ 2013-ին ԱԺ-ն մերժեց ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրությունը։ 2016-ին կառավարության առաջարկով նորից մշակվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, ստեղծված աշխատանքային խումբը համակարգում է արդարադատության նախարարությունը, որն այս պահին իր կայքէջից հանել է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը: Այն կրկին հանրային քննարկման կդրվի հասարակության տարբեր շերտերի հետ հանդիպումներ անցկացնելուց ու լրամշակելուց հետո։ 



«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որը տարիներ շարունակ հետամուտ է եղել ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության մշակմանն ու ընդունմանը, նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կոալիցիայի ներգրավվածությունը բավարար չի ապահովվել. «Թեեւ տարբեր փուլերում հնչած հավաստիացումներին, կոալիցիան այդպես էլ չընդգրկվեց աշխատանքային որեւէ գործընթացում, եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը մշակվեց ոչ մասնակցային եւ ոչ թափանցիկ ընթացակարգով: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին, սակայն գործընթացում ներառվելու հարցն առկախվում էր: Այնուամենայնիվ, բոլորովին վերջերս՝ հոկտեմբերի 11-ին, «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը հասանելի դարձավ նաեւ կոալիցիային, եւ առաջարկվեց ընդամենը մի քանի օր՝ այդ տարողունակ փաստաթղթին ծանոթանալու եւ դիտարկումներ ներկայացնելու համար: Մենք համարում ենք, որ որեւէ կառույց, որը հասկանում է օրենքի բուն էությունն ու համապատասխանությունը միջազգային իրավական փաստաթղթերին, հրաշալիորեն հասկանում է, որ օրենքի նախագիծ ստեղծելը գործընթաց է, որը կատարվում է փուլային, այլ ոչ փաթեթային տարբերակով: Վստահ ենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության նախագիծն առավել արդյունավետ կլիներ մշակել ոլորտում աշխատող եւ միջազգային փորձին տիրապետող մասնագետների ներառականության պարագայում»:



«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշում է՝ քանի որ իրենք չեն մասնակցել այդ նախագծի ստեղծման ամբողջ փուլին, ապա պատասխանատուն ամբողջովին արդարադատության նախարարությունն է, որը շատ հեշտ դիրքավորում է ընդունել. «Իրենք գրել են նախագիծ, բայց ուղղորդում են, որ ՀԿ-ներն իրենց նախագիծը պաշտպանեն»։



Ըստ նրա՝ շատ բացեր կան օրենքի նախագծում, որոնք սկզբունքային եւ ելակետային են, կոալիցիան դրանք 5 կետով է ներկայացրել. օրենքը պետք է հիմնվի գենդերային զգայունության, զոհակենտրոն մոտեցման եւ հակախտրականության սկզբունքների վրա։ Օրենքը պետք է նախատեսի ընտանեկան բռնության քրեականացում, ինչպես նաեւ, ի թիվս բռնության այլ ձեւերի (ֆիզիկական, սեռական, տնտեսական, հոգեբանական), տարբերակի վերահսկողական վարքը՝ որպես անձի մոտ վախ առաջացնող սպառնալից գործողություն: Օրենքով պետք է նախատեսված լինի անկախ համակարգող մարմնի ստեղծումը, որը պետք է ղեկավարի տվյալ մարմնի կողմից ընտրված նախագահը: Օրենքը պետք է նախատեսի համայնքային, պետական եւ տարածաշրջանային մակարդակներում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը՝ ուղղորդող խիստ մեխանիզմներով: Ինչպես նաեւ պետք է ներառի օրենքների փոփոխությունների հարակից փաթեթ, որը պետք է համակարգված կարգավորի ոլորտը՝ բացառելով որեւէ սողանցք՝ արդարադատությունից խուսափելու համար: Հաշվի առնելով երեխաների եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց (անգործունակ անձանց) բարձր խոցելիության աստիճանը՝ օրենքը պետք է նախատեսի առանձին հոդված՝ այդ անձանց պաշտպանության եւ նրանց նկատմամբ հանցավոր գործողությունների քրեական հետապնդմանն ուղղված կանոնակարգերի ներառմամբ:



Եթե հանկարծ օրենքի նախագիծը հենց այդպես էլ ընդունվի, առանց լրամշակվելու եւ փոփոխության ենթարկվելու, ի՞նչ վտանգներ կան։ Զ․ Հովհաննիսյանը նշեց, որ վտանգ չի կարող լինել, ուղղակի այն գործառութային տեսանկյունից շատ թույլ կլինի։ Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ թեեւ գործող օրենքում կան որոշակի դրույթներ ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց դրանք ավելի շատ լուծում են բռնության հետեւանքները, այլ ոչ պատճառները, այդ իսկ պատճառով հասարակական կազմակերպությունների առաջարկով որոշվել է առանձին օրենք մշակել. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ արդարադատության նախարարությունները կառավարության կողմից ստացան հանձնարարություն՝ մշակել առանձին օրենք ընտանեկան բռնության մասին։ Այն արդեն դրվել է շրջանառության մեջ, բաժանվել է բոլոր նախարարություններին, եւ այժմ քննարկումներ են գնում»։



ՄԻՊ մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը, ի պատասխան մեր հարցին, նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արդարադատության նախարարությունից սահմանված կարգով ստացել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծը եւ իր մոտեցումները լիարժեք կներկայացնի հրապարակային՝ հանրային քննարկումների ընթացքում հնչած տեսակետների ու ներկայացված առաջարկների քննարկման շրջանակներում. «Պաշտպանը ողջունում է արդարադատության նախարարության կողմից նախագիծը հանրային լայն քննարկումների դնելու նախաձեռնությունը եւ համարում, որ քննարկումների ընթացքում հասարակությունը կստանա օրենքի իրական կարգավորումների վերաբերյալ հարցերի պատասխանները»:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ