Խլոյանն ուզում է նստեցնել Վարդենիսի չքավոր բնակչին

Խլոյանն ուզում է նստեցնել Վարդենիսի չքավոր բնակչին

Վերջերս ահազանգել էինք Վարդենիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ոչ ստանդարտ դեպքի մասին` ՀՀԿ-ական քաղաքապետի վրա հարձակվել էր համբերությունը հատած մի քաղաքացի, քաղաքապետն էլ` Վոլոդյա Խլոյանը կամ, ինչպես Վարդենիսում են ասում` Խլոն, դիմել էր ոստիկանություն, քրեական գործ է հարուցվել: Այս քաղաքի անցուդարձին տեղյակ անձինք թող ուղղեն ինձ` ոչ ստանդարտ այս իրավիճակը կարող է պատահել Հայաստանի ցանկացած քաղաքում, բայց ոչ Վարդենիսում, որտեղ քաղաքապետը հպարտանում է ոստիկանների հետ իր կապերով եւ հաճախ է վախեցնում համաքաղաքացիներին «միլիցա դյադյաներով»: Սակայն վերադառնանք դեպքին: Ուրեմն, Վարդենիսի բնակիչ Վանյա Տկաչենկոն, որին Խլոյանը գիժ է անվանում, հարազատ քաղաքում արտադրված ապրանքների հավաքածու ունի` հին ժամացույցներ, քարերի նմուշներ, ինչպես նաեւ երազանք` Վարդենիսի թանգարան բացել: Հենց այս հարցով էլ նա դիմել էր քաղաքապետին, վերջինս էլ խոստացել էր տարածք տալ, բայց հետո եկել էր եզրակացության, որ Վանյան այստեղից-այնտեղից գողացած ապրանքներ է հավաքել, որոնք չեն կարող թանգարանային նմուշներ դառնալ: Վանյան էլ բարկացել էր ու հարձակվել Խլոյանի վրա: 



Դեկտեմբերի 16-ին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Վոլոդյա Խլոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունն ավարտվել է: Վանյա Տկաչենկոյին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ Քրօր․ 316 հոդված, մաս առաջին: Այն ենթադրում է կամ տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսպես, տուգանքից կալանք միջակայքում է հիմա Վանյայի ճակատագիրը, եւ չի բացառվում, որ նա ազատազրկումը նախընտրի, որովհետեւ անգամ նվազագույն աշխատավարձ չունի, էլ ուր մնաց` նվազագույնի երեքհարյուրապատիկը: Նա ապրում է մոր հետ, որը դեռ երկու տարի ունի մինչեւ թոշակի հասնելը: Ոչ մեկը չի աշխատում: Փախստականներ են՝ Ադրբեջանից: Մեկսենյականոց քանդված «կվարտիրայում» են ապրում: Մի հինգ-վեց անգամ դիմել են քաղաքապետին, որ իրենց օգնի, ապրելու գումար տա: Վերջինիս պատասխանը եղել է. «Ես շատ եմ կարում ապրեմ, որ դու ապրես»։ Ահա այսպիսի քաղաքապետ ունի Վարդենիս քաղաքը՝ արդեն 14 տարի: Քննչականի հաղորդագրությունն ասում է. «Նախնական քննության տվյալներով՝ Վարդենիս քաղաքի բնակիչը, ունենալով տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, 2015 թվականից պարբերաբար բանավոր դիմել է Վարդենիսի քաղաքապետին՝ խնդրելով Վարդենիս քաղաքում բացել ժամացույցի եւ քաղաքի պատմության թանգարան՝ հավակնելով դառնալ նորաստեղծ թանգարանի տնօրենը։ Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են քաղաքացու հավաքածուի ժամացույցները, եւ պարզվել է, որ դրանք իրենցից հնություն չեն ներկայացնում, ինչի մասին բանավոր տեղեկացվել է նրան։ Վերջինս քաղաքապետին դիմել է մեկ այլ նախաձեռնությամբ՝ Վարդենիսում բացել ժամացույցի արհեստանոց։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքացին գնացել է քաղաքապետարան եւ համայնքի ղեկավարի աշխատասենյակում վիճաբանել քաղաքապետի հետ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշել եւ մի քանի անգամ հարվածել նրան։ Քաղաքացին հեռացել է քաղաքապետարանից այլ աշխատակիցների միջամտության արդյունքում»։ Այլ կերպ ասած, խեղճ Վանյային դուրս են շպրտել Խլոյի կաբինետից: Այժմ Վանյան Վարդենիսում է եւ քաղաքից չբացակայելու ստորագրություն է տվել: Երեկ մենք զանգահարեցինք Վանյա Տկաչենկոյին՝ նրա խոսքը լսելու անհագ ցանկությամբ: Նա ասաց, որ քաղաքապետն իրեն վիրավորել է, եւ նա է առաջինը հարվածել, բայց երկար խոսել չկարողացավ: «Տղաս հիվանդ է էպիլեպսիայով, նա բանակից հետո պրոբլեմ ունի»,- միջամտեց Տկաչենկոյի մայրը` Սոնիկը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Խլոյանը ծեծել, ծաղրել, հետո էլ «գործ տվել» իր որդու դեմ. «Ախր, մենք Խլոյի հետ վատ չենք եղել»: Սոնիկը պատմեց, որ իրենք իրոք ժամացույցների հավաքածու ունեն, եւ որ իր որդին ոչ մեկից ժամացույց չի գողացել: Վանյան խնդրել է մի տեղ գտնել իր համար` որպես աշխատատեղ, որ տարեց մոր հույսին չմնա: «Հեսա զանգեմ հոգեբուժարան, քեզ այնտեղ տեղ կտան»: Սա է եղել տեղական ինքնակառավարման մարմնի ՀՀԿ-ական ղեկավարի պատասխանն իր քաղաքացուն: Իսկ կռվի չարաբաստիկ օրը Վանյան առավոտից գնացել է քաղաքապետարան՝ թանգարանի խոստացված տարածքի հետեւից, բայց Խլոյանը նրան բաժնից բաժին է «տշել», թե գնա Խաչատրյանի մոտ, նա էլ ուղարկել է Դավթյանի մոտ, եւ կաբինետից կաբինետ անցնելուց հետո Վանյան վերադարձել է քաղաքապետի աշխատասենյակ ու վրդովվել, տեսնելով, որ քաղաքապետն ուտում-խմում է սեղանի շուրջ: «Ինձ տշում ես ստեղից էնտեղ, դու նստած քե՞ֆ ես անում»,- բարկանում է Վանյան: Թե հետո ով ում է ծեծել` կարծիքները տարբեր են: Քաղաքապետն ասում է, որ «գիժ Վանյան» է իրեն ծեծել, իսկ Վանյան եւ նրա մայրը` որ ծեծողը Խլոյանն էր: «Ինքը տենց մի հանցագործություն չի գործել, որ դատեն, ինքը համ խփել է իմ տղուն, համ էլ իմ տղու վրա գործ է տվել»,- ասում է Սոնիկը:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ