Սեւ չորեքշաբթի՝ շահումով խաղերի համար

Սեւ չորեքշաբթի՝ շահումով խաղերի համար

Երեկ կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց «Պետտուրքի մասին» օրենքի փոփոխությանը, որը վերաբերում է վիճակախաղեր եւ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողներին։ Հունվարի մեկից, փաստորեն, սեւ օրեր են գալիս «Գուդվին», «Վիվառո բետ», «Տոտո գեյմինգ», ինտերնետային տարատեսակ շահումով խաղերի, օնլայն կազինոների համար։ Նրանց լիցենզիայի տարեկան տուրքը պետությանը 5 անգամ բարձրանում է։ Այսինքն՝ ընկերությունները տարեկան ոչ թե 100 մլն․, այլ 500 մլն․ դրամ պետական տուրք են վճարելու։ Արդեն մի քանի տարի է՝ շահումով խաղերը պատուհաս են դարձել հայաստանցիների գլխին։ Հատկապես խոսքը վերաբերում է անապահով կամ միջին եկամուտներ ունեցող խավին։ Մարդիկ արագ հարստանալու հույսով խաղում էին, պարտքեր կուտակում, տուն-տեղ էին վաճառում՝ հայտնվելով փակուղում, նույնիսկ ինքնասպան էին լինում, ինչպես Դարակերտ գյուղի մոտ աշխատավայրում կախվեց գազալցակայանի աշխատող Յուրա Բ․-ն։ Շատերը սարսափելի հանցագործությունների են գնում սթրեսային վիճակում։ Բանկի աշխատող Մարատ Սարգսյանն Էջմիածնից 2012 թվականին Toto-ում տանուլ տված փողի պատճառով սպանեց տարադրամի փոխանակման կետի աշխատակցին։ Նոր օրենքի հիմնավորումներում, իհարկե, չի բերվում դրանց սահմանափակման անհրաժեշտությունը, այլ ընդամենը նշվում է բյուջետային էֆեկտն ու պետտուրքի մասին օրենքի համապատասխանեցումը հարկային նոր օրենսդրությանը։ Սակայն պարզ է, որ այս փոփոխությունը բերելու է շահումով խաղերի սահմանափակմանը, դրանց բացասական հետեւանքների նվազեցմանը։ Հասկանալի է, որ օրենքի փոփոխությունը դիմադրություն է առաջացրել, շահումով խաղերի կազմակերպիչների դժգոհությունները, եւ դա անխուսափելի էր։ Մարդիկ երկար տարիներ սովոր են եղել գերեկամուտներ ստանալ ապարատներից ու ինտերնետ խաղերից։ Բացի այդ, Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք շահումով խաղերի կազմակերպիչներին հազար ու մի մախինացիաների գնով բարձր եկամուտներ էին ապահովում։ Դրանք ֆիննախում գրանցում էին որպես համակցված վիճակախաղ, ոչ թե շահումով խաղեր, ինչը հնարավորություն էր տալիս կազինոյի ապարատները տեղադրել քաղաքի կենտրոնում, դպրոցների հարեւանությամբ, որտեղ պատահի։ Մինչդեռ շահումով խաղերի ապարատները կարելի է տեղադրել միայն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ գոտում եւ, ինչպես «Շահումով խաղերի մասին» օրենքն է պահանջում, կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռու։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ