2016-ի կռված-բարիշածները

2016-ի կռված-բարիշածները

2016-ը ՀՀ ներքաղաքական կյանքում կռվել-բարիշելու տարի էր։ Ողջ տարին իրար թքեցին-մրեցին, իսկ տարեվերջին իրար ձեռք-ձեռքի տվեցին․ «Բարիշենք, բարիշենք, մինչեւ ընտրություններ չկռվենք», քանի որ «քաղաքականության մեջ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր»։ Թեպետ ավելի շատ սազում է մեկ այլ ասացվածք․ «Քաղաքականության մեջ չկան սկզբունքներ, արժեքներ, բարոյականություն, ազնվություն․ կա ընդամենը առեւտուր»։ Մենք փորձեցինք վերհիշել 2016-ի քաղաքական «ամուսնություններն ու ամուսնալուծությունները»։



Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան



2015-ի փետրվարյան ելույթը դեռ շատ կհիշվի՝ Սերժ Սարգսյանի ասածները, ինչպես ասում են, յոթ փութ մեղրով չէր ուտվի։ Սերժ Սարգսյանի բոլոր ասածներին տմբտմբացնելով համաձայնող ՀՀԿ-ականներից ոմանք էլ որոշեցին, որ եկել է «վոժդին» ծառայություն մատուցելու պահը, եւ զարգացրին իրենց շեֆի թուքումուրն առ Ծառուկյան։ Նրանք ՀՀԿ-ի այն կարճատեսներն էին, որոնք միամտաբար կարծում էին, թե մի օր որ հանկարծ իրենց տան ճանապարհին «լրիվ պատահական» առյուծները հարձակվեն իրենց վրա, Սերժ Սարգսյանն իր թիկնազորով պաշտպանելու է իրենց։ Եկավ 2016 թվականը, պարզվեց՝ Ծառուկյանի բիզնեսներում որեւէ «օդում կախված ապօրինություն չկա», ինչի մասին ակնարկել էր Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն էլ չարիք չէ, ավելին՝ շատ էլ լավ քաղաքական դեմք է։ Տարին կլոր Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը, թեւ-թեւի տված, մասնակցեցին տարբեր համալիրների բացման, իրար հետ օլիմպիադայի մենեցին Ռիո, իրար ջան ասացին-ջան լսեցին։ Հիմա էլ բոլորը սպասում են Ծառուկյանի երկրորդ հայտնությանը։



ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն կամ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը



Ասում են՝ մեր ընդդիմադիր դաշտի ամենաարմատական ընդդիմությունը ՀԱԿ-ն է։ Ինչո՞ւ արմատական, որովհետեւ միայն ՀԱԿ-ն է, որ ժամանակին պահանջում էր Սերժ Սարգսյանի եւ նրա «ավազակապետության» հեռացումը։ «Սերժիկ, հեռացիր» լոզունգը չէր իջնում ՀԱԿ-ականների շուրթերից։ 2016-ին, սակայն, ռեժիմը դուրս եկավ խուճապից, իսկ Սերժ Սարգսյանի հեռացումն էլ դադարեց լինել օրվա հրամայական ՀԱԿ-ի համար։ Պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած հաշտվողական կամ, կարելի է ասել, կոմպլեմենտար քաղաքականությունն է։ Դրա համար, իհարկե, կան համապատասխան քաղաքագիտական մեկնաբանություններ՝ երկրի ռազմավարական շահ, Ղարաբաղի հարց։ Հաշտեցման պրոցեսն սկսվեց անցնող տարվա ապրիլին, իսկ տարեվերջին Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում արդեն կոչ արեց ամրացնել նախագահի թիկունքը, որ նա կարողանա փուլային կարգով լուծում տալ ղարաբաղյան խնդրին։ Մինչ այդ նրա թիմակիցներն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսային բանակցությունների մեջ էին Հանրապետականի հետ։ Եվ երբեմնի ռադիկալ ընդդիմադիր ՀԱԿ-ը որոշեց հանուն պետության շահի գնալ, իսկ չար լեզուների պնդմամբ, հանուն մի քանի մանդատի, ստորագրել կոնսենսուսային փաստաթղթի տակ։



Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան



Արդի հայ քաղաքական պոպուլիզմի արքա, Սերժ Սարգսյանի ու նրա փեսայի, եղբոր անուններն առանց վախենալու հնչեցնող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վանաձորյան ընտրությունների օրերին թեժ մրցակցության մեջ էր մտել ԱԺ մեկ այլ պատգամավորի՝ Էդմոն Մարուքյանի հետ։ Վերջինիս համարում էր իշխանական պրոյեկտ, ինչ ասես ասում էր նրա հասցեին։ Կարծիք կար, որ ինչ-որ հաշվարկների արդյունքում «ՔՊ»-ն համոզված էր, որ այդ հակաքարոզչությունն իրենց ձայներ է բերելու, բայց պարզվեց՝ մարտավարությունը սխալ էր ընտրված։ Վանաձորյան ընտրություններից հետո սկսվեց հաշտեցման պրոցեսը, եւ մոտ մեկ ամիս անց հասարակությունը տեղեկացավ, որ Էդմոնն ու Նիկոլը բոլորովին էլ թշնամիներ չեն, ավելին՝ բարեկամներ են եւ որոշել են համատեղ գնալ ընտրությունների։ Ոմանք ենթադրում են, որ Էդմոն Մարուքյանի ազդեցությունն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով բյուջեին դեմ քվեարկողների «ազգադավ» կեցվածքի մասին, կողմ քվեարկեց այդքան քննադատված ու պախարակված «1000 դրամների» նախագծին։ Հիմա այս զույգը՝ Արամ Զավենի Սարգսյանի հետ միասին, կմասնակցի 2017-ի ընտրություններին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ