Եզդիները սպասում են Կարեն Կարապետյանի պատասխանին

Եզդիները սպասում են Կարեն Կարապետյանի պատասխանին

Հայաստանի եզդիական ու քրդական համայնքների միջեւ հակամարտությունը շարունակում է: Եզդիները համարում են, որ Հայաստանում քրդեր չկան ու հետեւողական պայար են մղում քուրդ ներկայացողների դեմ: Խնդիրը ներկայացվել է  նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Դեկտեմբերի 14-ին Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը վարչապետին է ներկայացրել եզդիական համայնքի առջեւ ծառացած կարեւոր խնդիրները, որոնք հիմնականում քրդերին են վերաբերվել: Դեռեւս երեք տարի առաջ Արագածոտնի մարզի եզդիաբնակ վեց  գյուղերում եզդիերեն դասագրքերը փոխարինվել են քրդերեն դասագրքերով: Թամոյանը վարչապետին պատմել է, որ եզդիական դպրոցական դասագրքերը դուրս են շպրտվել Արագածոտնի մարզի հետեւյալ 6 եզդիական գյուղերում՝ Ռյա-Թազա, Ալագյազ, Ճարճակիս, Սիփան, Ավշեն, Ջամշլու, փոխարենը դպրոցներում դասավանդում են քրդական դասագրքերով.«Ինչպե՞ս կարելի է մի ազգի դասագրքերը փոխեն առանց այդ համայնքի նախագահի գիտության»,- դժգոհում է Թամոյանը ու մեկ անգամ էլ պնդում, որ Հայաստանում քրդեր չկան, կա ընդամենը մեկ ընտանիք:   Մինչ  Արագածոտնի մարզի բոլոր 20 եզդիաբնակ գյուղերում եզդիերեն դասագրքերով էին դասավանդում, Թամոյանը վարչապետին խնդրել է, որպեսզի այդ  եզդիաբնակ գյուղերում թույլ չտան անցկացնելու եզդի երեխաների համար քրդական դասագրքերով դասավանդումը, այլ անցկացնել եզդիական դասագրքերով դասավանդումը եզդի երեխաների համար: «Ռյա-Թազա գյուղում քրդական բանվորական գրասենյակ կա նաեւ: Դրանք պրոպագանդում են եզդիներին քրդացնելու համար, դրա մասին էլ եմ ասել վարչապետին, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, տեսնենք, սպասում ենք ինչ լուծում կտա», -ասաց Թամոյանը: