Բայց հո ընտրություններ չեն լինելու, հո ընտրություններ չեն լինելու

Բայց հո ընտրություններ չեն լինելու, հո ընտրություններ չեն լինելու

Քանիցս ասել ենք արդեն, որ առաջիկա գարնանը շատ հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Գնալով ինտրիգն ավելի է մեծանում, պատասխան չունեցող հարցերի թիվը` ավելանում: Կազմակերպիչների համար գուցե ամեն ինչ պարզ է, բայց ընտրողի համար առաջիկա ընտրություններն իսկական ռեբուս են:



Փորձենք հասկանալ, թե ով ով է լինելու ապրիլյան, կներեք, շիլաշփոթում: Այն, որ ընտրատեղամասերում շունը տիրոջը չի ճանաչելու` պարզ է էս գլխից: Ընտրողների 80 տոկոսը, եթե, իհարկե, բարեհաջող անցնի ստուգող-չափող-կշռող սարքերի միջով, կարծում եմ, դիմելու է հանձնաժողովի նախագահին, որ իրեն օգնող տան, որպեսզի վերջինս քվեաթերթիկների խրձի միջից ջոկի այն կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, որի հետեւի մասում գրված է իր նախընտրած ռեյտինգային թեկնածուի անունը: Հնարավոր է այսպիսի կարճ խոսակցություն ընտրողի եւ օգնողի միջեւ.



- Բալա ջան, ես ուզում եմ մեր Աղաջանին ընտրեմ:



- Աղաջանն ո՞վ ա, մայրիկ ջան:



- Մեր համատիրության Աղաջանը, էլի, չե՞ս ճանաչում:



- Հա՛ա՛ա՛, հասկացա, մայրիկ ջան: Այ, էս թերթիկն է, շուռ տուր հետեւի մասը, 5 համարին պտիչկա արա, դիր ծրարի մեջ ու տար, գցիր արկղը:



Մայրիկը հետեւում է օգնողի խորհրդին, բայց մնում է, որ օգնողն ազնիվ մարդ լինի եւ ոչ թե «օգնողների ինստիտուտի» ներկայացուցիչ:



Օրենքով, ինչպես գիտենք, տեղամասային հանձնաժողովները կազմավորում են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը, որոնք էլ համամասնության կարգով ունենում են հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի տեղեր: Հիմա մեզ հետաքրքրում է, թե այդ ո՞ր օրենքով է հանձնաժողովում մարդ նշանակելու ողորմած հոգի ՕԵԿ-ը: Կուսակցությունը չկա, լուծարվել է կամ, ինչպես իրենք են նուրբ ձեւով ասում՝ ձուլվել է նորահայտ մի կազմակերպության մեջ, որին ՀՎԿ են ասում: Ի՞նչ է նշանակում` ձուլվել է: Դա նշանակում է՝ վերացել է, լուծվել է, լուծարվել է: Արդյոք սա չի՞ նշանակում, որ հանձնաժողովներում ՕԵԿ-ի քվոտայով չի կարող անդամ նշանակվել, որովհետեւ դա օրենքի խախտում կլինի: Ինչպե՞ս կարող է միայն հիշողության մեջ մնացած կուսակցությունը հանձնաժողովում անդամ նշանակել:



Խնդիրը կա նաեւ «Ժառանգության» պարագայում: Բանն այն է, որ խորհրդարանական համարվող այս կուսակցությունը խորհրդարանում փաստացի կամ կա, կամ չկա, ավելի ճիշտ` մեկ կա, մեկ չկա: Երբ Րաֆֆին Հայաստանում է` «Ժառանգությունը» համարվում է խորհրդարանական, երբ Հայաստանում չէ, դառնում է «փողոցի» ընդդիմություն: Որքանո՞վ է ճիշտ, օրինակ, որ «Ժառանգությունը», որպես խորհրդարանական ուժ, տեր կանգնի հանձնաժողովի իր տեղերին: Այստեղ արդեն մտավախություն կա, որ «Ժառանգությունը» (անուններ չտանք) կվաճառի իր տեղերը, եւ հանձնաժողովներում, ժառանգականների անվան տակ, կարող են հայտնվել նոր կազմավորված դաշինքների, ինչպես նաեւ փողատեր ուժերի ներկայացուցիչներ:



Օրենքի հետ կապված` լուրջ պրոբլեմ ունի նաեւ ԲՀԿ-ն, որ ցայսօր դեռ ցնծության մեջ նշում է Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Այդ ամենը մարդկային է, եւ մենք հասկանում ենք ԲՀԿ-ի զեղումները, բայց օրենքն ուրիշ բան է ասում: Եթե քաղաքական ուժն իր անվանումով չի մասնակցում ընտրություններին, այդ քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ չի տպագրվում: Սա նույնն է, թե տվյալ քաղաքական ուժը հրաժարվում է ընտրություններին մասնակցել իր անունով: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, նախագահը կամ քարտուղարը լինի ԲՀԿ-ից, այն էլ՝ նշանակված ոչ թե ԲՀԿ-ի, այլ նորածին դաշինքի ղեկավարի կողմից:



Այլ հարց է, իհարկե, եթե մենք որոշել ենք մեզ ներշնչել, որ շատ լավ ընտրություններ են լինելու: Բայց, հավատացեք, ներշնչվելն այլ բան է, լավ ընտրություն ունենալը` միանգամայն այլ: Տեսեք, ասում ենք` հավասար պայմաններ լինեն բոլորի համար: Ի՞նչ հավասար պայմանների մասին է խոսքը, երբ նորաստեղծ «Ծառուկյան դաշինքը», որ խորհրդարանական չէ, հանձնաժողովում անդամ ունենա՝ ի դեմս ԲՀԿ-ականների, իսկ «Ելքը», որ դե ֆակտո ավելի շատ պատգամավոր ունի խորհրդարանում, քան «Ժառանգությունը», տեղ չունենա հանձնաժողովներում: Արդար չէ, կարծում եմ:



Այստեղ խոսեցինք երկու խնդրի մասին միայն, սակայն խնդիրները` կապված ինչպես նոր օրենսգրքի, այնպես էլ զուտ բարոյահոգեբանական վիճակի հետ, շատ են: Դրանցից մեկն էլ կապված է ռեյտինգային ցուցակների հետ: Բայց այդ մասին կխոսենք հաջորդ դասին, երբ դրանք հրապարակված կլինեն, եւ պարզ կլինի, թե քանի «նեղացած» ՀՀԿ-ականի երեխա ու թոռնիկ է հանգրվանել «Ծառուկյան դաշինքում» կամ այլուր:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ