Անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ

Անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ

Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը նյութ է հրապարակել՝ «ԼՂ-ն Հայաստանին միավորելու նոր փորձ» վերնագրով: Խոսքը 88-ի մասին է: Անոտացիան ասում է, որ «շարժման կենտրոնում Իգոր Մուրադյանն էր»: Օրերս ֆեյսբուքում կենտրոնի փորձագետը ռետրո-նյութ էր շրջանառել: Միայն վերնագիրը շատ բան էր ասում՝ «Պայթյուն Հադրութում»: Այնպես է ստացվել, որ Արցախյան շարժման տարելիցը համընկնում է ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրվան: Եւ ամեն անգամ՝ նունը, նույնը, նույնը...



Ի՞նչ են ուզում մարդիկ, որ քանի տարի է՝ տպավորություն են ստեղծում, թե Արցախյան շարժումն սկսվել է «մի խումբ» նվիրյալների ջանքով... Որ առաջինն ընդվզել են Հադրութում... Կամ՝ Ասկերանում... Կամ՝ ցույցի է ելել Ստեփանակերտի ուսանողությունը... Եւ ով խոսելու առիթ է ունենում, իր անունը պարտադիր կապում է «դեռեւս 1983-84թ.թ. գործող ընդհատակյա կառույցի հետ»...



Այս ամենը զավեշտի կնմանվեր, եթե այդքան ողբերգական չլիներ, որովհետեւ 1983-ի «ընդհատակյա կառույցի անդամն» այսօր տեսակետ է թելադրում 1988թ. ծնված՝ երեսնամյա տղամարդուն, ով պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՊԲ շարքերում, անցյալ տարի ապրիլին մասնակցել պատերազմին, ունի մանկահասակ երեխաներ... Իսկ «ընդհատակայինի» զավակները կամ հեռավոր արտերկրում են, կամ՝ երեւաններում, ինքը վաղուց անցել է զորակոչային տարիքը... Զգեստապահարուն նա, իհարկե, մի ձեռք կամուֆլյաժ պահում է, հարկ եղած դեպքում հագնում եւ իշխանությունների կողքին կանգնում է... Եթե ոչ՝ Թալիշում, ապա գոնե՝ Ալաշանում եւ տեսախցիկցների առջեւ «լուրջ-լուրջ» խոսում...



Գրեթե երեսուն տարի առաջ ո՞վ է «նախաձեռնել» Շարժումը՝ 88թ.-ին եւ հետագա տարիների ծնվածի ի՞նչ հոգսն է: 88-ի «առաջամարտիկների» ի՞նչ մտահոգությունն էր, թե իրենցից առաջ ո՞վ, ինչպե՞ս է բարձարցրել Արցախը Հայաստանին միավորելու հարցը: Փաստը մեկն էր՝ բոլորն էլ ձախողել էին: Մանավանդ՝ 1960-ականների «ռահվիրաները», որ հենց Մոսկվան սկսեց ճնշել՝ թողեցին Արցախը եւ ապաստանեցին երեւաններում... Ոչ միայն հեռացան, այլեւ սկսեցին «վերեւից նայել» Ստեփանակերտում մնացած մի քանիսին... Կասկածել... Բանսարկել... Թունավորել նրանց առանց այդ էլ դժվար կյանքը...



Ի՞նչ է լինելու եւս երեսուն տարի հետո՝ ոչ ոք մարգարե չէ: Բայց մենք խրվել ենք ճահճի մեջ, որտեղ ելքը ոչ թե ներկայում ինչ-որ քայլ անելն է, այլ՝ ապագայի հանդեպ «խոր մտահոգությունը»... Զավե՞շտ է, թե՞ սեւ մոգության կաշկանդանք, բայց մենք մտահոգվում ենք, թե վաղն ինչ է լինելու՝ առանց քայլ անելու, որպեսզի մեր այսօրը խաղաղ, ապահով եւ խոստումնալի լինի...



... Անցյալ տարվա ապրիլյան մի օր տեղական հեռուստատեսությունը հարցազրույցի էր հրավիրել: Պայմանավորվեցինք, որ կնկարահանեն հենց փողոցում: Լրագրողի հետ դեսից-դենից խոսում էինք, մինչեւ օպերատորը, ինչպես իրենք են ասում, «կադրը կդներ»: Եւ հանկարծ՝ հոմերական քրքիջ:



-Ի՞նչ է պատահել,- հարցրի:



-Նայեք,- ասաց,- կադրում ինչքան նայում եմ՝ միայն ՙՙՆիվա՚՚ եւ ՙՙԺիգուլի՚՚ է...



- Է՜, հետո՞,- ավելի զարմացա:
- Ոչինչ,- հանկարծ լրջացավ օպերատորը,- «ջիփերը» հասցրել են արտագաղթել...



Աստված հեռու պահի:



Վահրամ Աթանեսյան