Լավ, ի՞նչ ենք ուզում

Լավ, ի՞նչ ենք ուզում

Ամենեւին չէի ուզենա բանավիճել Նարինե Մկրտչյանի հետ, բայց նրա «Վազգեն Մանուկյանի՝ ռուսական գնացք նստելու ժամանակը» հոդվածն ստիպում է: Որովհետեւ բնութագրական է. դիտարկվում է մեր «անկման դինամիկան»՝ թե ինչպես խորհրդային-իմպերիական գնացքից «թռչելու», Հայաստանի անկախության գաղափարախոս անհատը քառորդ դար հետո Երեւանի «ռուսական ակումբներում» քննարկում է եվրասիականության, ՀԱՊԿ համակարգում Հայաստանի ապագայի հետ կապված հարցեր... Ցնցող է, ոչինչ չես ասի... Բայց մյուս կողմից հարցնենք՝ բայց ի՞նչ ենք ուզում: Այսինքն՝ պատկերացնում ենք, որ առանց ռուսական «հովանոցի» կարող ենք Թուրքիայի հետ «խաղե՞ր տալ»:



Այդպես չի լինում. երբ քո երկիրն օտար ռազմակայան է հանդուրժում, մի որոշ մասով էլ՝ կերակրում-տաքացնում, եւ դու դա համարում ես երրորդ երկրից սպառնալիքի հակակշիռ, ստիպված ես Երեւանի տաքսավարների համար ռազմակայանի տեր երկրի լեզվի դասընթացներ բացել, որպեսզի երբ պարոնայք Կիսելյովն ու Սոլովյովը «տեղ գնալու» կարիք ունենան, դժվարությունների չբախվեն: Այդպես է, ով «ապահովում է քո անվտանգությունը», քո երկրում եղանակ է պատվիրում...



Այդպես է, եւ դժվար է հակաճառել, եթե, ի հեճուկս ռուսական կողմի, դու Արցախում պատերազմի հաջողություններ ես ունեցել, բայց պատասխանատվություն չես ստանձնել, վերագրել ես հայ-ռուսական «դարավոր բարեկամությանը»՝ բնավ չգիտակցելով, որ դրա դիմաց Ռուսաստանը ռուս-ադրբեջանական դարձյալ «դարավոր եղբայրության» խաղաքարտ է ստանում, որպեսզի ռուս մեկնաբան Սոլովյովը Երեւանում ասի, որ Ադրբեջանին ռուսական սպառազինությունների վաճառքը ...ձեռնտու է նաեւ Հայաստանին...



Քանի որ, հասկանո՞ւմ եք, ռուսների մոտ այն տպավորությունն է, որ մեզ համար հաճելի է ոչ միայն ռուսական բանակի առաջապահում մեռնել Պարսկաստանի կամ Թուրքիայի հետ Ռուսաստանի պատերազմում, այլեւ, եթե մահն անխուսափելի է, ապա զոհվել գոնե... ռուսական արտադրության զենքից... Սոլովյովի ասածի ենթատեքստը դա է... Լավ, իսկ ի՞նչ էինք ուզում, երբ մերժելով մերժում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Մտածում էինք, որ հզորանալու, հուժկու բանակներ ենք շարժելու, գրավելո՞ւ ենք Կարսը... Էրզրումը... Վանը... Եվ՝ «ազատ, անկախ, միացեալ Հայաստանի անբաժան մաս» Կիլիկիա՞ն: Ի՞նչ ենք ուզում, երբ ասում ենք՝ «ոչ մի թիզ հող»:



Ենթադրում ենք, որ վաղը Կուր-Արաքսի «միջագետքը գրավելո՞ւ ենք», Ադրբեջանին անվերապահ կապիտուլյացիա՞ ենք պարտադրելու... Այդպես է՝ երբ ազգիդ խորհրդարանականն ասում է. «Մենք մեկին ենթակա պիտի լինենք, ավելի լավ է՝ ռուսին»,- ոչ մեկին կշտամբելու իրավունք չունես: Կամ պետք է հաշտվես գետնաքարշ իրականության հետ, կամ...



Երկրից թռչես... Որովհետեւ Վազգեն Մանուկյանի սերունդը փորձեց հայկականության «պորտից վեր թռչել», բայց գետնաքարշ ստորադասվածությունը կասեցրեց նրան, գամեց Երեւանի խանության ժամանակներին... Այդ ժամանակը դեռ տեւում է: Եվ ոչ ոք չի խոստովանում, որ կոմս Պասկեւիչ-Էրիվանսկին Երեւանի բերդը գրավել է ոչ թե ի վերականգնումն Հայոց թագավորության, այլ՝ ի փառս Նորին Մեծություն Համայն Ռուսիո Կայսեր... Ի վերջո, ի՞նչ ենք ուզում: Իր փառքն ու վեհությունը եւ սեփական միջուկային զինանոցները Ռուսաստանը մեզ հետ «եղբայրաբար չի կիսելու»... - Եղունգ ունես՝ գլուխդ քորիր...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ