Մուկուչյանը՝ մանդատների բաշխման, սարքերի խափանման և կոդերով քվեաթերթիկների մասին

Մուկուչյանը՝ մանդատների բաշխման, սարքերի խափանման և կոդերով քվեաթերթիկների մասին

«Նախնական տվյալներով՝ մանդատների ամփոփում Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում։ Դրա համար ամեն ինչ իր ժամանակին՝ կիրակի օրը»,-այսօր ընտրության արդյունքների նախանական ամփոփ տվյալները ներկայացնելուց հետո լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։



Ըստ այդ տվյալների՝ խորհրդարան կանցնեն հետևյալ չորս ուժերը՝ ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն ստացել է 771 հազար 249 ձայն (49.19 %), Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն (27.36 %),
Ելք» դաշինքը՝ 122 հազար 49 ձայն (7.78%), ՀՅԴ-ն՝ 103 հազար 173 ձայն (6.58 %):



Մեր հարցին, թե այս ուժերի հավաքած ձայները վերջնակա՞ն են, թե՞ հնարավոր է՝ հետագայում փոփոխվեն, Տիգրան Մուկուչյանն ասաց․ «Սրանք նախնական տվյալներ են, որոնք դեռևս ստացված են էլեկտրոնային եղանակով։ Այսինքն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներից արձանագրությունները բերվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ, մուտք են արվում այդ տվյալները համակարգիչներ, դրանք ստացվում են էլեկտրոնային եղանակով, հետո արդեն մենք կստանանք թղթային արձանագրությունները, կիրականացվեն ուսումնասիրություններ, հետո, եթե կլինեն նաև դիմումներ, բողոքներ, հաշվի կառնվեն նաև դրանց հիման վրա կայացված որոշումները, և հենց էդ ամբողջի հանրագումարում կիրականացվի հանրագումարում կիրականացվի ընտրության արդյուքնների ամփոփումը»։



Մեր դիտարկմանը, թե էլեկտրոնային արքերը շատ տեղամասերում չեն աշխատել նորմալ, խափանումներ են եղել, Մուկուչյանն առաջարկեց սկսել դրականից․ «Նախ՝ տեղամասային կենտրոններում մենք ունեցանք 4000 սարքավորումներ, որոնց ընդամենը մեկ տոկոսը ինչ-ինչ խափանումների ենթարկվեց, ինչը նշանակում է, որ դա բավականին բարձր ցուցանիշ է։ Երկրորդ, նկատի ունենանք, որ այդ ամբողջ աշխատանքը, որն իրականացվել էր, իրականացվեց խիստ կարճ ժամկետներում, որովհետև միայն տեխնիկական սարքավորումների ձեռք բերումը, դրանց ծրագրավորումը, ցուցակները դրանցում տեղադրելը չէր, այլ նաև անձնակազմի ուսուցումն էր, և նկատենք, որ քվեարկության օրը 4000 տեխնիկական մասնագետներից միայն մեկ բացակայության դեպք ունեցանք, այն էլ՝ առողջության հետ կապված խնդիրներով։ Ինչ վերաբերում է տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված թերություններին, ես որևէ խնդիր չեմ տեսնում և կարծում եմ, որ այդ սարքավորումներն իրենց առջև դրված խնդիրը լիարժեք ծավալով կյանքի կոչեցին»։



Hraparak.am-ը նկատեց, որ որոշ տեղամասերում ՀՀԿ-ի քվեաթերիկների հետ ծրարների մեջ նաև կոդերով թղթիկներ, այլ հուշող առարկաներ են հայտնաբերել, դրանք կարո՞ղ են տվյալ քվեարկություններն անվավեր ճանաչելու հիմք լինել, ԿԸՀ նախագահն ասաց․ «Ես տեղյակ եմ, որ նմանատիպ հանգամանքներ գրանցամատյաններում արձանագրվել են։ Հիմա, եթե արձանագրվել են գրանցամատյաններում, նշանակում է՝ դրանք բոլորը դառնալու են քննարկման առարկա։ Օրենսգիրքը նախատեսում է նմանատիպ հարցերի պարտադիր քննարկում»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ