Պարտված ուժերը փորձում են դուրս գալ հետընտրական շոկից

Պարտված ուժերը փորձում են դուրս գալ հետընտրական շոկից

Ազգային ժողով չանցած քաղաքական ուժերի գրասենյակներում երեկ, կարելի է ասել, հետընտրական շոկային վիճակ էր։ Երեկ վաղ առավոտից այդ ուժերի ներկայացուցիչները կա՛մ անհասանելի էին, կա՛մ չէին պատասխանում մեր զանգերին, կա՛մ էլ, պատասխանելու դեպքում, հրաժարվում էին հարցազրույց տալուց՝ խնդրելով ժամանակ՝ ուշքի գալու, կատարվածը հասկանալու, վերլուծելու, քննարկելու, հետո նոր մեկնաբանելու համար։



1 տոկոսի շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ օրվա երկրորդ կեսին ավելի շատ վերլուծական, խոհափիլիսոփայական տրամադրություն էր տիրում։ Կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը չցանկացավ հարցազրույց տալ, սպասում էր թիմակիցներին, որ հավաքվեին, խորհրդակցեին, հետո ե՛ւ կմեկնաբանեն, ե՛ւ հարցազրույցներ կտան։ Միայն նշեց, որ իրենք ռեալ են գնահատում այն իրականությունը, որ այսօր ունենք, ինչպես նաեւ հետեւություններ են արել քարոզարշավի ընթացքում իրենց բացթողումների, սխալների վերաբերյալ։



«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» կենտրոնական գրասենյակում էլ մարդկանց դեմքերին անքուն գիշերվա եւ դառը իրողության կնիքն էր դրոշմված։ Դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը տեղում էր, նրա մոտ էր նաեւ «Համախմբում» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Բայց ֆիզիկապես հարցազրույց տալու ի վիճակի չէին, ամբողջ գիշեր չէին քնել, ասելու բան էլ չունեին, դեռ պետք է մարսեին կատարվածը, հետո հարմարվեին իրողության հետ, գտնեին իրավիճակը գնահատող համապատասխան մտքեր։ Դրա համար էլ երկուսն էլ խնդրեցին համբերել, մինչեւ ընդհանուր դաշինքով կքննարկեն, հետո կարտահայտվեն։ Սեյրան Օհանյանը միայն մեկ բան ասաց, որ այն 2 տոկոս ձայները, որ իրենք ստացել են, պատվով ձեռք բերված ձայներ են, հատկապես իրենց դեմ իրականացված ակնհայտ հակաքարոզչության պայմաններում։



ՕՐՕ-ում դեռ չգիտեն՝ հետընտրական զարգացումներ կլինե՞ն, թե՞ ոչ։ Ավելի ուշ ՕՐՕ-ն հանդես եկավ հայտարարությամբ․ «Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը եւս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առեւտուր եւ իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն: Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն․ 575 հազար եւ ո՛չ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որեւէ աղերս չունեն իրականության հետ: Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած եւ տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը: Այսպիսով, մենք կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձեւավորված ոչ լեգիտիմ իշխանություն, ինչի արդյունքում է՛լ ավելի խորացավ քաղաքական մենաշնորհը, ավելի են սրվելու երկրում առկա խնդիրները, ավելի է խորանալու անհուսությունն ու անարդարության զգացումը, ավելի է մեծանալու արտագաղթը եւ լրջորեն վտանգվելու է մեր երկրի անվտանգությունը:



Իշխանությունը, կարծես, ուզում է ամրապնդել ժողովրդի մեջ առկա այն մտայնությունը, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով որեւէ փոփոխության հասնել հնարավոր չէ: Տեղի ունեցավ քաղաքականությունից հեռու փողատեր թաղային «հեղինակությունների» կռիվ՝ երկրի համար ամենածանր հետեւանքներով․․․ Վստահեցնում ենք, որ դաշինքում ներգրավված ուժերը շարունակելու են իրենց գործունեությունը հանուն Հայաստանի եւ նրա քաղաքացիների արժանապատիվ կյանքի: Համոզված ենք, որ այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել, քանզի մեր երկիրն այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ մեծ շռայլություն է նման իշխանություններին պետություն վստահելը: Փոփոխություններն անխուսափելի են, եւ մենք լինելու ենք այդ փոփոխություններին տանող գործընթացների առաջին շարքերում»:



Մինչդեռ «Հայկական վերածնունդը» երախտագիտություն հայտնեց իր օգտին քվեարկած ՀՀ 58 հազար քաղաքացիներին՝ «սկզբունքային դիրքերոշման եւ անկաշառ վերաբերմունքի համար», եւ հայտարարեց․ «Այս ընտրությունները ցույց տվեցին վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը, թաղային հեղինակությունների եւ օլիգարխիկ խմբավորումների ակտիվ ներգրավումն ընտրական գործընթացում, իսկ զանգվածային բնույթ կրող ընտրակաշառքի բազմակի բաժանումները, ներառյալ` ընտրության նախորդ գիշերը, վճռորոշ ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա․․․ Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որեւիցե ետընտրական հանրային միջոցառումների եւ հանրահավաքների: Կուսակցությունը շնորհավորում է եւ հաջողություն է մաղթում ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերին եւ մաղթում է ազգանպաստ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»:



«Ազատ դեմոկրատներում» էլ հստակ հասկացրին, որ հետընտրական որեւէ ալիքի իմաստ ու անհրաժեշտություն չեն տեսնում։



Կոնգրես-ՀԺԿ դաշինքից էլ օրվա ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինն օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված կատարյալ թշվառության, ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ։ Մեզ մնում է սպասել, թե ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ելքն» ինչպես են վագրի թռիչքներով զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, միլիարդավոր դոլարի ներդրումների հոսք ապահովելու, հզորացնելու Հայոց բանակը, կանխելու հարաճուն արտագաղթը եւ կարգավորելու մեր ժողովրդի առջեւ կանգնած գլխավոր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը»,-անցնող ուժերին հեգնել ու նրանց հնարավորությունները կասկածի տակ է դրել Տեր-Պետրոսյանը։ Նրա այս խոսքից, սակայն, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, այդ դեպքում, իրենք մասնակցեցին այս ընտրություններին եւ ի՞նչ էին ակնկալում դրանից, եթե իր նկարագրած իրավիճակում «ընտրությունների այլ արդյունք ակնկալելը քաղաքագիտական անգրագիտություն կլիներ»։ Առաջին նախագահն այս պարտությանը զուգահեռ՝ չի մոռացել որոշ «անառարկելի արձանագրումներ» կատարել՝ «ղարաբաղյան կարգավորման խնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի մաս դարձնելու եւ իրենց խաղաղության ծրագիրը պրոպագանդելու» առումով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ