էն որ ասում են՝ մի օր կգա դեմդ, ես իսկապես գիտեմ, որ մի օր կգա իմ դեմը

էն որ ասում են՝ մի օր կգա դեմդ, ես իսկապես գիտեմ, որ մի օր կգա իմ դեմը

Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածու Արագած Ախոյանը, նախնական տվյալներով, չի անցնի խորհրդարան, քանզի բավարար քանակությամբ ձայն չի հավաքել՝ ընդամենը 2443 քվե։ Ամենաշատ քվեն այս տարածքից ստացել է նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը՝ 14.166։ Բայց դեռևս գործող պատգամավոր Ախոյանը, թեպետ մանդատ չստանալը ճակատագրական չի համարում, հույսը դեռ չի կորցրել, և կարծում է՝ իր տեսակն ու կատարած աշխատանքը դեռ կգնահատվի, և գուցե ղեկավարությունը որոշի, որ նա պետք է նորից լինի խորհրդարանում։ Բացի այդ, ԿԸՀ-ն էլ մանդատների բաշխումը դեռ չի իրականացրել, և նոր ընտրակարգով շատ հանարավոր է՝ քիչ ձայն հավաքածն էլ անցնի խորհրդարան։



Ամեն դեպքում՝ Արագած Ախոյանն իրենց մարզում ընտրապայքարը նորմալ է գնահատում՝ հատկապես ողջ թիմով ՀՀԿ-ին բերած ձայների մասով․ «Եթե նայենք որպես թիմային պայքար, ապա վատ չի, տեսեք՝ քանի տոկոս ապահովեց ՀՀԿ-ն, իհարկե, ռեյտինգայինների թևերով, այսպես ասած։ Հիմա կապ չունի՝ այդ թիմում ով ինչքան ձայն տարավ։ Իսկ եթե նայենք մեր անձնական շահերի տեսանկյունից, ապա տեսանք, բնականաբար, թե ինչ եղավ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը։



-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր՝ քիչ ձայն հավաքելը։



-Գիտե՞ք, ես հիմա կդժվարանամ պատասխանել էդ հարցին, որ ասեմ՝ ես ռեյտինգ չունեի կամ, ասենք, առաջին անգամ էի էդ ընտրությունների մեջ, մարզում ինձ չէին ճանաչում, չէին հարգում, դա սուտ կլինի, և դա ես չէ, որ պետք է ասեմ։ Բայց պատկերացրեք՝ 13 թեկնածու, որոնցից առնվազն 10-ը ընտրազանգված ունեցող մարդիկ էին, և ամեն մեկը տարավ իր չափաբաժինը։ Քվեների արդյունքը դրանցի չէր փոխվել, եթե կոնկրետ կուսակցությունն ուներ իր հստակ ձայների քանակը, ապա ռեյտինգայինների հաշվին դրանք ոչ ավելանում են, ոչ պակասում են, դրանք ուղղակի տեղաբաշխվում են այդ ռեյտինգայինների վրա՝ ամեն մեկին մի չափով։



-Կարո՞ղ ենք ասել, որ ռեյտինգային համակարգի խնդիրն էր այս ամենը, ու դրա զոհերից մեկն էլ Դուք դարձաք։



-Չէ, բնականաբար, ցանկացած մարդ ընտրապայքարի մեջ մտնելուց առաջ պետք է հասկանա, որ կարող է և չանցնի։ Եվ չեմ պատկերացնում մի մարդու, որը համոզված լինի, որ անցնողը հենց ինքն է լինելու։



-Հիասթափություն կամ նեղացվածություն կա՞ այն ուժից, որի կողմից առաջադրվել էիք, ընդհանուր ընտրապայքարից կամ գուցե հենց ընտրազանգվածից։



-Չէ, ոչ մի բան էլ չկա, ինչի՞ պիտի նեղանամ։ Դեռ ամեն ինչ ավարտված չէ, հետո, գիտե՞ք, չի կարելի քաղաքական կյանքում էս ընտրությունները դարձնել ճակատագրական պրոցես։ Մարդ պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Կա քարեր շպրտելու և քարեր հավաքելու ժամանակ։



-Հիմա քարերը շպրտվա՞ծ են Ձեր կողմից և մնում է՝ հավաքե՞ք։



-Իհարկե, ես միշտ համոզված եմ եղել, և գիտեմ, որ էն որ ասում են՝ մի օր կգա դեմդ, ես իսկապես գիտեմ, որ մի օր կգա իմ դեմը։ Ես համարում եմ, որ վատ չեմ աշխատել, համարում եմ, որ իմ հնարավորությունների մաքսիմումով փորձել եմ պիտանի լինել իմ հայրենիքին, իմ ժողովրդին։



-Այդ դեմը գալը ումի՞ց եք ակնկալում, ժողովրդի՞ց, թե՞ նաև իշխող կուսակցությունից, որը կարող է փոխհատուցել Ձեզ Ձեր աշխատանքի դիմաց։



-Չէ, չէ, ոչ մեկից որևէ ակնկալիք չունեմ։ Իմ ակնկալիքը իմ պատիվը իմ ձեռքը պահելն է, ես դա կարողանալու եմ անել, և կապացուցեմ, որ իմ տեսակը կախված չէր մանդատից։ Երկրորդը, շարունակելու եմ էլի ակտիվ քաղաքականության մեջ լինել, բացի այդ, դեռ ամեն ինչ պարզ չի, ասացին, որ կիրակի օրը պարզ կլինի՝ ինչ է լինելու, որովհետև դեռ անցած ժամանակով չեմ ուզում խոսել։



-Այսինքն՝ սպասում եք ԿԸՀ-ի որոշմա՞նը, թե ինչպես կբաշխվեն մանդատները։



-Գիտե՞ք, որոշում կայացնողը կուսակցության ղեկավարությունն է։



-Թե՞ ԿԸՀ-ն։



-Չէ, չէի ասի, իհարկե, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ , և, վերջիվերջո, կուսակցությունը, որովհետև մի անգամ կուսակցության նախագահն ասաց, որ չեմպիոնների մրցակցություն չի՝ կանցնեն ընտրությունները, և կտեսնեն՝ ըստ անհրաժեշտության, կարծեմ երեկ էլ է նման բան ասել ռադիոյով։



-Այդուհանդերձ, չե՞ք կարծում, որ իշխանության դաշտ կամ ճամբար տեղափոխվելը և ՀՀԿ-ի կողմից հանդես գալը ազդեց Ձեր քվեների, Ձեր ռեյտինգի վրա, որ ժողովուրդը գուցե չէր ուզում Ձեր միջոցով ՀՀԿ-ին ձայն տալ։



-Ես, անկեղծ ասած, բազմաթիվ նման խնդիրների հանդիպեցի քարոզարշավի ժամանակ, ես ուզում եմ անկեղծ լինել, էդ հարցը տվեցին ինձ համարյա ամեն տեղ, և ես բացատրեցի, որ գիտե՞ք՝ փոփոխությունը ենթադրում է նաև իմ՝ այս թիմում լինելը, և ժողովուրդն սկսեց նորմալ ընդունել դա։ Բայց, բնականաբար, դա էլ իր մեծ ազդեցությունն ունեցավ, իհարկե (նկատի ունի ՀՀԿ-ից հանդես գալը)։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ