Գագիկ Համբարձումյանը վաղաժամկետ ազատման հանձնաժողովում շարունակում է մարդ պատժել

Գագիկ Համբարձումյանը վաղաժամկետ ազատման հանձնաժողովում շարունակում է մարդ պատժել

Պատժի կրումից վաղաժամկետ ազատման հանձնաժողովը ոստիկանության թոշակառու կադրերին զբաղեցնելու, նրանց համար գործ ապահովելու կառույց է դարձել: Նախկին ոստիկաններն այստեղ շարունակում են իրենց կարեւորված զգալ եւ, ինչպես դատապարտյալների շրջանում է ընդունված արտահայտվել, շարունակում են «խմել կալանավորի արյունը»:



Նախկին ազատամարտիկ, թիվ 18 հատուկ դպրոցի փոխտնօրեն, պատմության ուսուցիչ Սմբատ Ուռումյանը 2009 թվականից բերդում է: Նա օրինավոր դատապարտյալ է, նույնիսկ չափից դուրս օրինավոր, բայց վաղաժամկետ ազատման հանձնաժողովն անընդհատ մերժում է նրան: Պատժի կրումից վաղաժամկետ ազատող հանձնաժողովի նախագահը ոստիկանապետի նախկին տեղակալ, 1999-2014 թվականներին Քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանն է: Նա այն անձն է, որի ջանքերով Սմբատ Ուռումյանը ժամանակին դատապարտվել է՝ անչափահասներին մուրացկանության դրդելու համար: Այս հանցանքը նախաքննության մարմնի կողմից, ոչ էլ դատաքննության ժամանակ այդպես էլ պատշաճ կերպով չհիմնավորվեց: Պրոցեսին հետեւողի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ դատախազությունը սրանով փորձում է ցուցադրել, թե ինչ անձնուրաց պայքար է մղում թրաֆիքինգի դեմ, եւ «գալոչկա» ստանալ միջազգային դոնոր-կազմակերպություններից՝ այս նպատակով վերցրած փողերի համար:



Գագիկ Համբարձումյանը, որը մամուլի ամենաօդիոզ ոստիկան-հերոսներից է, հիմա թոշակի է անցել: Երեք տարի պահանջվեց, որ նստեցնեն Սմբատ Ուռումյանին, որը մինչ օրս իր մեղքը չի ընդունել, հիմա էլ նստեցնողն է որոշում, թե արդյոք արժանի՞ է Ուռումյանը վաղաժամկետ ազատման:



«Քրեակատարողական օրենսգրքի 114 հոդվածն է վերաբերում պատժի վաղաժամկետ ազատմանը, եւ ես բոլոր չափանիշներին համապատասխանում եմ,- հարազատների միջոցով մեզ փոխանցել է Սմբատ Ուռումյանն Արթիկի կալանավայրից,- ոչ թե դրական, այլ իդեալական վարք ունեմ: Բոլոր միջոցառումներին մասնակցում եմ, ինքս եմ կազմակերպում միջոցառումներ: Գրադարանում եմ աշխատում: Առավոտից երեկո կուլտուր-մշակութային կենտրոն է ինձ մոտ: Թղթաբանության, գրագրությունների հարցում բոլորին օգնում եմ, դատապարտյալների ինքնագործ միավորման ղեկավարն եմ, դրա մեջ երեք բաժին կա՝ մշակութային, համակարգչային եւ կրոնական: Ես ընդհանուր նախագահն եմ ինքնագործ միավորման: Կրոնական միջոցառումներն ապահովում եմ, պատմամշակութայինը բարեհաջող կազմակերպում եմ: Չգիտեմ, էլ ինչպե՞ս պետք է պահեմ ինձ, որ հանձնաժողովն ինձ ազատի»:



Ապրիլի 2-ին «Արթիկ» ՔԿՀ-ի եկեղեցու բակում նա ապրիլյան պատերազմին նվիրված միջոցառում է կազմակերպել, դասախոսություն է կարդացել դատապարտյալների համար՝ նվիրված ֆիդայական շարժմանը, արցախյան ազատամարտին: Պատմության ուսուցչի համար սա հաճելի առաքելություն է: Սմբատ Ուռումյանը նաեւ Արթիկի բերդի հեռուստաաստղն է: Կալանավայր եկող նկարահանող խմբերին առաջարկում են նրան նկարել, որովհետեւ վարժ է խոսում, գրագետ է ու պատրաստված: Երկու տարի առաջ էլ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանն են այցելել «Արթիկ», եւ Օսիկյանն իր ողջ անձնակազմի ներկայությամբ նույնիսկ բանավոր շնորհակալություն է հայտնել Սմբատ Ուռումյանին՝ հեռուստատեսությամբ խոսելու, միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:



«Ոչ մի նկատողություն չունի, խրախուսումներ է ստացել բազմիցս: Օրենքով, եթե թմրամիջոցների, խաղամոլության հակում չունես, արգելված իր քեզ մոտ չեն հայտնաբերում, կարգուկանոնին ենթարկվում ես, չես հակաճառում աշխատողներին, տույժեր չունես, քեզ պետք է ազատեն»,- ասում է Ուռումյանի կինը՝ Զոյան: Կալանավայրի վարչակազմը պատմության նախկին ուսուցչին մի քանի անգամ ներկայացրել է վաղաժամկետ ազատման, դրական բնութագիր է տվել, բայց քրեականի նախկին պետ Գագիկ Համբարձումյանը մերժել է:



Հաջորդ նիստը հունիսի վերջին է: Նախկին ուսուցիչը կրկին փորձելու է:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ