Ես հանրային ճանաչում չունեի, լիքը տեղերում իմ անունը ոչ ոքի ոչ մի բան չէր ասում

Ես հանրային ճանաչում չունեի, լիքը տեղերում իմ անունը ոչ ոքի ոչ մի բան չէր ասում

Ապրիլի 2-ին կայացած ընտրություններում Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում էր Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները, ՀՀԿ-ն առաջադրել էր 12 ռեյտինգային թեկնածու։ Նրանցից ամենաշատ ձայն հավաքեցին և խորհրդարան կանցեն երկուսը՝ Հակոբ Բեգլարյանը, ով ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, և նախկին ԲՀԿ-ական Հարություն Կարապողոսյանը։ Երկուսն էլ մոտ 20-հազարական ձայն են հավաքել։ Առաջադրված թեկնածուներից էր նաև ՊԵԿ նախկին պաշտոնյա, Կենտրոնի հարկային տեսչության ստուգումների բաժնի պետ Հայկ Պլուզյանը, ով ամենաքիչ ձայն հավաքած թեկնածուներից է՝ մոտ 1100 ձայն։



Թե ինչպես եղավ, որ այդքան քիչ ձայն հավաքեց, Պլուզյանը Hraparak.am-ի հետ զրույցում այսպես բացատրեց․ «Դե, շատերն ասում են՝ դա լավ է, ճիշտ է՝ ես դժգոհ եմ իմ արդյունքից․․․ դե, նոր էի քաղաքականություն մտնում, երևի տենց լավ չէի պատկերացնում էդ քարոզարշավը, հաջորդ անգամ երևի լավ կստացվի»։



-Իսկ մինչև առաջադրվելը պատկերացնու՞մ էիք, որ հնարավոր է՝ չանցնեք, այդքան քիչ ձայն հավաքեք։



-Դե, զուտ սթրես չտանելու համար ինձ տրամադրել էի, որ․․․ եթե ընդունենք, որ դա հաղթանակ-պարտություն է, սպորտում էլ է, չէ՞, տենց՝ հաղթանակ-պարտություն կա, ինձ տրամադրել էի, որ դե` կյանք ա, ամեն ինչի էլ պիտի պատրաստ լինես։



-Այսինքն՝ Ձեր ուժերը փորձելու՞ համար էիք առաջադրվել, թե՞ ՀՀԿ-ին ձայն բերելու, ինչպես շատերը։



-Ամեն դեպքում ես ինքնառաջադրվելու տարբերակ չունեի, կուսակցությունն էր ինձ առաջադրել, բայց նաև ես ուզում էի ինձ պատկերացնել էդ ոլորտում, չգիտեմ՝ ուզում եմ կյանքս փոխեմ մի քիչ։



-Իսկ ի՞նչն էր պատճառը, որ Հակոբ Բեգլարյանն ու Հարություն Կարապողոսյանը կարողացան մոտ 20 անգամ շատ ձայն հավաքել, իսկ Դուք՝ ոչ։



-Իրենք երկար տարիների փորձ ունեն, Կարապողոսյանն էլ, գիտեք, որ 20 տարուց ավել ինքը միշտ մասնակցել է, ավելի շատ երևի հանրային ճանաչում ուներ, իսկ իմ առաջին քայլերն էին, հանրային ճանաչում չունեի, լիքը տեղերում իմ անունը ոչ ոքի ոչ մի բան չէր ասում։ Նաև ընդունում եմ՝ գուցե լավ չեմ իրականացրել քարոզարշավը, նաև էդ մի ամիսը քիչ է եղել իմ համար, որովհետև ես հանրային դեմք չէի, ինձ լավ չէին ճանաչում մարդիկ։



-Ասում են՝ ընտրատեղամասերում հսկողությունը թույլ է եղել, և շատ տեղերում ուղղակի Ձեր կամ մեկ ուրիշի ձայները վերցրել մեկ այլ թեկնածուի ձայների վրա են դրել։



-Ընտրատեղամասերում կուսակցությունն է վերահսկողություն իրականացնում, չեմ կարծում, որ տենց խնդիր կա, որովհետև գանգատներ էլ չկան՝ որպես այդպիսին։ Բայց ես տենց փաստեր չունեմ, առավելևս, որ ես ոչ մի տեղ ոչ իրավունք ունեի լինելու, ոչ էլ վստահված անձ եմ ունեցել։ Ես չեմ հավատում, որ նման խնդիր կա, որովհետև գիտեմ, որ էդ խնդիրը խիստ է դրված եղել կուսակցության կողմից։ Ամեն դեպքում՝ իմաստը չեմ գտնում, որովհետև ինքը՝ որպես էդպիսին վերցրած, կուսակցության ձայնն է, ինչի՞ պիտի մեկի ձայնը մյուսին գնար։ Ով որ լավ աշխատի, էն էլ կանցնի, ով որ լավ քարոզ անի, ով որ չճիշտ ներկայացնի ծրագիրը․․․ ժողովուրդը ավելի շուտ դրան ա գնում։



-Ռեյտինգային ընտրակարգի վատ կողմերից մեկն էլ հենց դա էր, որ միայն կուսակցության համար չէին աշխատում, նույն թիմի ներսում իրար դեմ էին պայքարում, որովհետև ով շատ ձայն հավաքեր, նա էր անցնելու խորհրդարան։



-Դե, դա բնական է, եթե անհատական թեկնածուներ են դրած, ամեն մեկը կուզի ինքը շատ ձայն հավաքի, որ ինքը անցնի, ինձ թվում ա՝ նորմալ երևույթ ա դա։ Ես էլ էի ուզում շատ ձայն հավաքեի։ Տեսեք՝ կողքի ընտրատարածքում, որտեղ կուսակցության ձայները շատ էին, ու մարդ կա՝ ինձանից քիչ ձայնով անցել ա, քանի որ էդ տարածքում կուսակցության տոկոսը բարձր ա եղել։ Ինձ էլ էր ձեռք տալիս, որ մյուսները շատ ձայն հավաքեին, ես էլ իմ 1100 ձայնով անցնեի, բայց նաև ես էլ կպայքարեի, որ շատ ձայն հավաքեի, չէ՞, անցնելու համար, եթե մտել եմ։



-Դե պայքարի մեթոդներից մեկն էլ հենց դա է՝ փող բաժանել, մարդկանց ճնշել, որ իրենց օգտին քվեարկեն, հաշվարկի ժամանակ մեկի ձայները մյուսի վրա դնել․․․



-Ես բացառում եմ էդ ձայներ դնելը, որովհետև, էլի եմ ասում, եթե կուսակցության տեսանկյունից է նայվում, կուսակցությունն էդտեղ խնդիր չունի, իր համար մեկ է՝ էդ թեկնածուներից բոլորին էլ էդ կուսակցությունը վստահում ա, չէ՞, տեսնում ա էդ տեղը էդ ամբիոնում, էդ դահլիճում, էդ շենքում։ Այսինքն՝ իր համար մեկ կլիներ, թե ով կանցներ, դրա համար բացառում եմ, որ կուսակցության համար նշանակություն ուներ, խնդիր կդներ, որ ուրիշի ձայնը իմի վրա դրվեր։



-Թեկնածուների համար ուներ։



-Բայց թեկնածուներն իրենք վստահված անձինք չեն ունեցել ոչ ոք։



-Հանձնաժողովներում գուցե մտերիմ մարդիկ են ունեցել։



-Հանձնաժողովում մտերիմ մարդիկ՝ էնքան խորացաք, որ ես հանձնաժողովներին լավ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։



-Լավ, իսկ ինչո՞վ եք մտադիր զբաղվել, քաղաքականություն մուտք գործելու առաջին փորձը, փաստորեն, չստացվեց․ գուցե նորից վերադառնաք Հարկայի՞ն։

-Դե, չեմ կարծում, որ քաղաքականության առաջին փորձը չստացվեց, բայց դրանով իմ ճանապարհը՝ դեպի քաղաքականություն, չփակվեց։ Նորից կփորձեմ։ Դժվար վերադառնամ Հարկային համակարգ, որովհետև, եթե ուզենայի շարունակել, էնտեղից դուրս չէի գա։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ