Խալաթյանն ընտրել է Լճաշենում և Երևանո՞ւմ

Խալաթյանն ընտրել է Լճաշենում և Երևանո՞ւմ

Ընտրողների ռեգիստրն ուսումնասիրելիս տարօրինակ փաստի հանդիպեցինք։ Երեւանի Նոր Նորք համայնքում եւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում նույն անունով փողոց կա՝ Միկոյան։ Հետաքրքիր է, որ եւ Նոր Նորքի, եւ Լճածենի Միկոյան փողոցներում 14 շենք կա, 14-րդ շենքերում կա 2-րդ բնակարան, ու այդ բնակարանում նույն ազգանունով ընտրողներ են ապրում՝ Սեյրան Խալաթյանը՝ Լճաշենում, իսկ Մհեր Խալաթյանը՝ Երեւանում։ Ու ինչ է պարզվում՝ Մհեր Խալաթյանի ընտանիքի անդամների թվում նշված է նաեւ Սեյրան Խալաթյանը, որը, հավանաբար, նրա հայրն է։ Միանգամից այսքան զուգադիպություն չի լինում։ Զանգահարեցինք Գեղարքունիքի մարզի գյուղապետարան։ Գյուղապետն անհասանելի էր, բայց գյուղապետարանի աշխատակից Մեսրոպ Մեսրոպյանի հետ հաջողվեց խոսել։ Նա հայտնեց, որ Լճաշենում Միկոյան փողոց չկա․ «Բոլոր փողոցները համարակալված են, մարդկանց անուն-ազգանուններով փողոցներ չունենք»։ Իսկ Սեյրան Խալաթյան անուն-ազգանունով բնակիչ ունե՞ն, ասաց, որ ինքը գյուղում չի ապրում եւ տեղացիներին չի ճանաչում։ Ավելի ուշ կապվեցինք նաեւ Սեյրան Խալաթյանի հետ։ «Հեսա ես Ձեզ կզանգահարեմ, մոտս մարդիկ կան»,- ասաց ու այլեւս հեռախոսին չպատասխանեց։ Այս փաստն ընտրողների ռեգիստրում հայտնաբերեցինք պատահաբար։ Այն վկայում է ընտրողների ապօրինի գրանցումների մասին։ Նշանակում է՝ եթե Սեյրան Խալաթյանն ընտրեր եւ Լճաշենում, եւ Նոր Նորք համայնքում, ապա Մուկուչյանի խելոք համակարգիչը խնդիր չէր առաջացնի։ Այս օրինակն անուղղակիորեն ապացուցում է այն վարկածը, որի համաձայն, ցուցակներն ուռճացվել են կեղծ գրանցումներով, գոյություն չունեցող ընտրողներով։ Չի բացառվում, որ Նոր Նորքի բնակչի դեպքում Լճաշենի հասցեի փոխարեն սխալմամբ մուտքագրվել է նրա իսկական հասցեն։ Թե քանի այսպիսի «սխալմունք» կա ընտրողների ռեգիստրում, քչերը կիմանան։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ