«Ենթագիտակցական մակարդակդ էդքա՞ն ա»․ Զուրաբյան-Մուկուչյան վեճը շարունակվեց նաև նիստից դուրս (տեսանյութ)

«Ենթագիտակցական մակարդակդ էդքա՞ն ա»․ Զուրաբյան-Մուկուչյան վեճը շարունակվեց նաև նիստից դուրս (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում երեք օր շարունակվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունն այսօր ընթացավ բավականին լարված մթնոլորտում։ Նիստից շատ չանցած՝ սկսեցին տեղի տալ դիմող և պատասխանող կողմի նյարդերը։ Այսօր դիմող կողմ հանդիսացող «Կոնգրես-ՀԺԿ»-ի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Տիգրան Եգորյանը հարցեր էին ուղղում պատասխանող կողմից հանդես եկող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Վերջինս հիմնականում կարճ ու կտրուկ պատասխաններ էր տալիս, հատկապես, երբ տեսնում էր, որ հարցերը կրկնվում են։



«Պատասխանում եմ շատ հստակ․ կետ, չակերտները բաց․ «Ես այդ հարցին պատասխանել եմ»։ Չակերտները՝ փակ, վերջակետ»,- վերջը չդիմացավ Տիգրան Մուկուչյանը։ Նրա այս ոճը դուր չեկավ դիմող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանին, ով այդ պահին ամբիոնին մոտ էր: Նստած տեղից սկսեց ռեպլիկներ թողնել Լևոն Զուրաբյանին, ապա մատը տնկել Մուկուչյանի ուղղությամբ և ինչ-որ բաներ ասել։ Նա նաև Մուկուչյանի հետ սկսեց «դու»-ով խոսել։ ԿԸՀ նախագահին դուր չեկավ Զուրաբյանի այս վարքը և խնդրեց կոռեկտություն պահպանել, «դու»-ով և մատով չխոսել իր հետ։ Կարճատև վեճ ծավալվեց Զուրաբյանի և Մուկուչյանի միջև, որին միջամտեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ փորձելով կողմերին հանդարտեցնել և բերել կոռեկտ հարցուպատասխանի դաշտ։ Այդ ընթացքում, մինչ խոսում էր Հարությունյանը, Զուրաբյանը մատը մեկնեց Մուկուչյանի ուղղությամբ և սկսեց առանց որևէ բան ասելու ցուցադրաբար թափահարել։ Մուկուչյանին նորից դուր չեկավ Զուրաբյանի այս պահվածքը, և նորից նրան դիտողություն արեց, որ իր հանդեպ այդկերպ չպահի իրեն։ «Ենթագիտակացական մակարդակդ էդքա՞ն ա»,-Զուրաբյանի ժեստերին արձագանքեց Մուկուչյանը։



 





Կրքերը հանդարտվեցին, բայց մինչև ընդմիջում։ Ընդմիջմանը Զուրաբյանն ու Մուկուչյանը մոտեցան իրար՝ «ռազբոռկայի»։ Մի քանի րոպե ՀԱԿ փոխնախագահն ու ԿԸՀ նախագահը վիճաբանում էին, Մուկուչյանը նրան ասում էր, որ իր հետ այդ տոնով ու այդ ժեստերով չխոսի, Զուրաբյանն էլ բացատրում էր, որ դա իր խոսելու ոճն է։



Երբ ավարտեցին իրենց խոսակցությունը, մոտեցանք Զուրաբյանին՝ ճշտելու, թե ինչի շուրջ էր իրենց վեճը։ «Շատ են կոմպլեքսավորվում իմ մատներից»,-ասաց նա, ապա ավելացրեց․ «Ես որևէ նպատակ չունեմ նրա հետ ընդհանուր հայտարարի գալու։



-Իսկ ինչու՞ էր Ձեր մատն այդպես նյարդայնացնում Մուկուչյանին։



-Այ էդ, կներեք, իրեն պիտի հարցնեք։ Ակնհայտորեն, այո, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է։



-Ի՞նչ նպատակ ունեին Ձեր այդ մատով ժեստերը, ի՞նչ են ուցանում։



-Ժողովուրդ բջան, ես հիմա չեմ զբաղվելու հոգեբանական վերլուծություններով, պսիխոանալիզով և այլն։ Դա ժեստիկուլյացիա է, ես չեմ կարծում, որ որևէ բան եմ անում, որը, ասենք, այլ տեղեր հանգիստ չեմ անում։ Ուղղակի կոնկրետ մարդը կոմպլեքսավորվում է իմ մատներից։ Իրենից հարցրեք, թե ենթագիտակցական խնդիրներն ինչի հետ են կապված։



-Դուք դրա մեջ խնդիր չէի՞ք տեսնի, եթե Ձեզ հետ նույն կերպ խոսեին, այդպես՝ մատով։



-Ի՞նչ ա նշանակում՝ մատով խոսել, մի հատ ինձ բացատրեք։



-Նույն ժեստիկուլյացիայով։



-Դե լավ, մի բարդացրեք, հա, դա շատ նորմալ, ստանդրատ բան է, ով ոնց ուզում ա, թող խոսի, ես էլ իմ պատասխանը կտամ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ