Լևոն Զուրաբյանի ցուցամատը՝ «սահմանադրական» վեճի առիթ

Լևոն Զուրաբյանի ցուցամատը՝ «սահմանադրական» վեճի առիթ

Սահմանադրական դատարանում երեք օր շարունակվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը երեկ ընթացավ բավականին լարված մթնոլորտում։ Նիստից շատ չանցած՝ սկսեցին տեղի տալ դիմող եւ պատասխանող կողմերի նյարդերը։ Դիմող կողմի՝ «Կոնգրես-ՀԺԿ»-ի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Տիգրան Եգորյանը հարցեր էին ուղղում պատասխանող կողմին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Վերջինս հիմնականում կարճ ու կտրուկ պատասխաններ էր տալիս, հատկապես, երբ տեսնում էր, որ հարցերը կրկնվում են։ Դե, այնպիսի Ընտրական օրենսգիրք են գրել, որ գողի ձեռքը գողություն անելիս էլ բռնես, չկարողանաս ապացուցել նրա հանցանքը։ Եվ Մուկուչյանն ազատորեն օգտվում էր Դավիթ Հարությունյանի ու Հրայր Թովմասյանի մտքի արգասիք օրենսգրքից՝ Զուրաբյանի հարցերին տալով անորոշ, չոր իրավական, կտրուկ պատասխաններ։



Մուկուչյանի այս ոճն արժանացավ դիմող կողմի համարժեք արձագանքին, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ճիգեր էր գործադրում Մուկուչյանին դուրս բերելու ֆորմալ շրջանակներից եւ բերելու էմոցիոնալ, բարոյական դաշտ, բայց Մուկուչյանն անդրդվելի էր․ «Այս հարցը գործի քննության հետ կապ չունի, Ձեր հարցին ես արդեն պատասխանեցի, դրա վերաբերյալ ԿԸՀ-ում կա հարուցված վարույթ, ծանոթացեք դրան, պարզ կդառնա», եւ այսպես շարունակ։



«Պատասխանում եմ շատ հստակ․ կետ, չակերտները բաց․ «Ես այդ հարցին պատասխանել եմ», չակերտները՝ փակ, վերջակետ»,- Տիգրան Եգորյանի հարցերից մեկին ի պատասխան էլ ասաց Մուկուչյանը։ Լեւոն Զուրաբյանն սկսեց տեղից ռեպլիկներ թողնել, մատը տնկել ու ցուցադրաբար թափահարել օդում՝ ընդդեմ Մուկուչյանի։ «Ենթագիտակցական մակարդակդ էդքա՞ն է»,- Զուրաբյանի ժեստերին արձագանքեց Մուկուչյանը՝ հորդորելով նրան իրեն կոռեկտ պահել եւ իր հետ «դու»-ով չխոսել։ Միջամտեց ՍԴ նախագահը՝ հանդարտեցնելով կողմերին։ Ընդմիջմանը նրանք նորից շարունակեցին իրենց վեճը՝ «մատով խոսելու» շուրջ։ Ընդհանուր հայտարարի, սակայն, չեկան։



Ներկայացնենք մի քանի դրվագ Զուրաբյան-Մուկուչյան հարցուպատասխանից։ Հարց Մուկուչյանին․



- Երբ դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը հանդիպում է իր աշակերտի ծնողի հետ եւ հորդորում նրան ինչ-որ գործողություն կատարել, որը կապված չէ երեխայի դաստիարակության հետ, դա կարո՞ղ է ծնողի կողմից ընկալվել որպես ճնշում։



- Ի՞նչ կապ ունի էս գործի քննության շրջանակների հետ։



- Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում։



- Ոչ։ Ձեր տված հարցի համատեքստում՝ ոչ։



- Շատ լավ, այ, հենց պրոբլեմը դա է, որ կապերը չեք տեսնում։



- Ձեր հարցերի տրամաբանությունն ընկալեք, հետո կհասկանաք՝ կապ կա՞, թե՞ չէ։



- Երբ դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը հանդիպում է իր աշակերտի ծնողի հետ, նա իր լիազորություննե՞րն է իրականացնում, թե՞ ոչ։



- Նայած՝ ինչի համար են հանդիպել, ինչ են քննարկում։



- Շատ ճիշտ պատասխան եք տալիս։ Հիմա, եթե ինքը հանդիպում է ՀՀԿ-ի օգտին ինչ-որ քարոզ անելու նպատակով, ինքն այդ պահին գտնվում է իր լիազորություններն իրականացնելու սահմաններո՞ւմ, թե՞ ոչ։



- Էս գործի շրջանակներում, ես նորից եմ գտնում, կան հստակ հիմքեր, հստակ ապացույցներ, հիմա «երբ»-երով, «եթե»-ներով կամ ապագային միտված դատողություններով էս դահլիճում պատասխաններ չեն կարող տրվել։



Երկրորդ ընդմիջումից հետո հարցուպատասխանն ընթացավ արդեն Լեւոն Զուրաբյանի եւ հարակից պատասխանող հանդիսացող դատախազության ներկայացուցչի՝ Կարեն Բիշարյանի միջեւ։ Զուրաբյանը կրկին անդրադարձավ «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրությանը։
«Ցավոք սրտի, մենք արդեն նյութական ապացույցներ ենք ստանում քաղաքացիների կողմից կատարված ձայնագրությունների, գաղտնալսումների միջոցով: Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքական ուժերը, քաղհասարակությունը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն, քննիչներ, որպեսզի իրենք կարողանան այս ամեն ինչը բացահայտե՞լ, թե՞ ժամանակն է, որ ոստիկանությունը, դատախազությունն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը եւ այս ամենն իրենք բացահայտեն»,- հարցրեց Զուրաբյանը՝ ակնարկելով, որ դատախազությունը չի կարողանում բացահայտել այդ ձայնագրությունների տակ թաքնված օրինախախտումները։ Բիշարյանն էլ ասաց, որ իրավապահ մարմինները պատշաճ կատարում են իրենց պարտականությունները․ «Քրեական գործ է հարուցվել: Ամենամեծ ցանկության պարագայում անգամ որեւէ տվյալ չեմ կարող հրապարակել, ընթանում է նախաքննություն, իրավունք չունեմ որեւէ տվյալ հրապարակել»։



Օրվա ընթացքում դիմող կողմը նաեւ միջնորդություններով հանդես եկավ։ Մասնավորապես, միջնորդեցին հանձնախումբ ստեղծել իրավապահ մարմինների անգործությունը քննելու, նաեւ 1500 ընտրատեղամասերում տեսախցիկների արձանագրած տվյալներն ուսումնասիրելու նպատակով։ Երկու միջնորդություններն էլ ՍԴ-ն մերժեց։ Նիստը կշարունակվի այսօր, առավոտյան 9-ին։ Կլսեն կողմերի եզրափակիչ ելույթները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ