Պարզ է, որ ՍԴ-ի որոշումը քաղաքական էր

Պարզ է, որ ՍԴ-ի որոշումը քաղաքական էր

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ապրիլի 2-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը՝ ըստ այդմ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։ Չնայած ի սկզբանե ոչ ոք դույզն-ինչ չէր կասկածում, որ ՍԴ-ն կմերժի դիմումը։ Անգամ դաշինքի ներկայացուցիչներն էին անհավատ այս հարցում։ Լեւոն Զուրաբյանը քանիցս կրկնեց այս օրերին, որ իրենք հույս չունեն, որ Սահմանադրական դատարանը կբավարարի իրենց դիմումն ու ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչի։ Բայց դիմել էին ՍԴ, որպեսզի ցույց տային, թե ինչպիսի խախտումներ են եղել ընտրություններում։ Լ․ Զուրաբյանը մի քաղաքական նպատակ էլ հնչեցրեց․ «Նպատակն էն մարդկանց բերանը փակելն է, որոնք ասում են՝ լեգիտիմ ընտրություններ են եղել»։ Փակվե՞ց այդ մարդկանց բերանները, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց ՍԴ-ն իր այս որոշմամբ փակեց ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու հերթական դուռը, որը բախել էին՝ լավ իմանալով, որ այն այս հարցում ի սկզբանե փակ էր իրենց համար։



Երեք օր ու մի քանի ժամ տեւած նիստերի ընթացքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը լուռ ու համբերատար լսում էր կողմերին, միջամտում նրբորեն, խայթում ու դիտողություն անում՝ կրկին նրբորեն, երեւի չէր ուզում իր պաշտոնավարման վերջին ակորդները փչացնել եւ անձնական թշնամիներ վաստակել՝ ի դեմս ընդդիմադիրների։ Նա նույնիսկ բավականին կոշտ դիտողություններ էր անում պատասխանող կողմից հանդես եկող ԿԸՀ նախագահին, դատախազին։ Ի վերջո, կարեւորը Հարությունյանի որոշումն է, ոչ թե բարի ու հանդուրժող վերաբերմունքն ընդդիմության հանդեպ կամ անհանդուրժողականությունն իշխանության եւ նրա ներկայացուցիչ Մուկուչյանի հանդեպ։



Երեկ առավոտյան իրենց եզրափակիչ ելույթներում կողմերը վերջին մեղադրանքներն ու քննադատությունները հնչեցրին միմյանց նկատմամբ։ Դրանից ձեռնպահ չմնացին ո՛չ Զուրաբյանը, ով ելույթից հետո լքեց դահլիճը, քանի որ «այս ֆարսին մասնակցելու ցանկություն այլեւս չուներ», ո՛չ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով եւս բավականին կոշտ տակտիկա էր որդեգրել Զուրաբյանին պատասխանելիս։



Ամենատպավորիչ ելույթն ունեցավ դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։ «Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները։ Կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը։ Այս հարցերի մասին գիտի յուրաքանչյուր տաքսիստ էս երկրում։ Բարձր դատարան, այս դատարանը վերջին ատյանն է, որը կարող է փակել այդ դռները»,- իր ելույթում բավականին էմոցիոնալ կերպով ՀՀԿ-ից ՍԴ-ի «անկախությունը» նկարագրեց Գրիգորյանը։ Դահլիճից ծափեր հնչեցին։



Ժամեր անց Գագիկ Հարությունյանն ու ՍԴ անդամները վերադարձան խորհրդակցական սենյակից ու մոտ մեկ ժամ բացատրեցին, թե ինչու են մերժում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը։ Դիմող կողմը մեկ ժամ ոտքի վրա կանգնած որոշումը լսողների շարքում չէր։ Նրանք լքել էին դահլիճը՝ բոյկոտելով ի սկզբանե կանխորոշված որոշումը։
«Լսելով կողմերին, ուսումնասիրելով ներկայացված փաստարկները, գործի նյութերը, ՍԴ-ն գտնում է, որ դիմող կողմը չի իրականացրել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում որեւէ իրավաչափ գործողություն, եւ գործում առկա չէ ապացուցողական նշանակություն ունեցող որեւէ փաստական հիմք, մասնավորապես՝ դատական ակտ»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանն ու «ավետեց» դիմումը մերժելու մասին։



2008-ի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող ՀԱԿ-ի կողմից Վահե Գրիգորյանի հետ նաեւ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էր հանդես գալիս։ Նա ընտրություններից առաջ հարել էր Օհանյանի դաշինքին ու թեեւ ներկա չէր ՍԴ-ի եռօրյա նիստերի ընթացքին, բայց տեղյակ էր որոշումից, եւ նրա համար եւս սպասելի էր, որ Սահմանադրական դատարանը պետք է մերժեր դիմումը։



«Եթե հիշում եք, ՕՐՕ-ն էլ դիմեց վարչական դատարան, որտեղ շատ ավելի լուրջ հարց բարձրացրին ու շատ ավելի տրամաբանական։ Հիմա անիմաստ ջուրծեծոցի է, ինչքան ուզում ես, ասա խախտումներ, էլի, ի վերջո, ասվում է, որ եթե անգամ դրանք կան, մեկ է՝ նշանակություն չէին կարող ունենալ արդյունքների վրա։ Այսինքն՝ վերջը պարզ չէ, թե քանի խախտում պիտի լիներ, որ նշանակություն ունենար»,- ասաց Պարգեւ Օհանյանը։
Նա կարծում է, որ ընդդիմությունն իր ընդդիմադիր կեցվածքը պահելու եւ մինչեւ վերջ իր ասածը պնդելու համար է դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ այդ մասին իրենք էլ են խոստովանել․ «Այնպես որ, Գագիկ Հարությունյանն էլ է ճիշտ՝ որպես պրոֆեսիոնալ պաշտոնյա, որ ապացույցները բավարար չեն, թեեւ, էլի եմ ասում, դա շատ վիճելի է, քանի որ ապացույցների բավարար կամ ոչ բավարար լինելը գնահատման հարց է։ Կարող է մեկ ուրիշ երկրում բավարար համարեին միայն այդ դպրոցների տնօրենների ձայնագրությունները»։



Այդուհանդերձ, ՍԴ-ի այս վճռի հիմքում քաղաքակա՞ն որոշում էր դրված, թե՞ զուտ իրավական էր՝ իսկապես չեն եղել ապացույցներ, չեն կարող բավարարել դիմումը։ «Եթե ինձանից ակնկալում եք քաղաքական պատասխան, առանձնապես չեմ խուսափում ասել՝ պարզ է, որ դա քաղաքական էր, կա, չի կարող չլինել։ Ոչ մի երկրում չկա, սուտ է, որ ասում են՝ Ամերիկան սենց-նենց»,- կարծում է նախկին դատավորը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ