Եթե էդքան լավն էիք, գոնե 500 հոգի մարդ թող դուրս գար, ասեր՝ մեր ձայները կեղծել են․ Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Եթե էդքան լավն էիք, գոնե 500 հոգի մարդ թող դուրս գար, ասեր՝ մեր ձայները կեղծել են․ Նարեկ Գալստյան (տեսանյութ)

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և «Հայազն» կուսակցություններն այսօր՝ «Աշխատավորների օրը, հավաքվել էին «Անի պլազայում», որ խոսեին ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքներից, թե ինչպես են դրանք խախտվում, ինչ խնդիրներ կան այս ոլորտում, ապա հայտարարեին իրենց միավորման մասին։ Օրվա տոնի վերաբերյալ ելույթներից հետո հայտարարվեց, որ «Հայազն» կուսակցությունը, այսօրվանից միավորվելով ՍԴՀԿ-ի հետ, հանդես կգա ՍԴՀԿ դրոշի ներքո։



ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն ասաց, որ այսօր այս դահլիճում տեղի է ունենում աննախադեպ քաղաքական գործընթաց, որովհետեւ Հայաստանում առաջին անգամ քաղաքական կուսակցությունները միանում են իրար ոչ թե նախընտրական շրջանում՝ ընտրությունների մասնակցելու և հետագայում տուն գնալու նպատակով, այլ միանում են՝ նախևառաջ ի մի բերելով մեկ գաղափարական և քաղաքական օրակարգ, որը, ըստ Նարեկ Գալստյանի, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է։



Այստեղ հնչեցին ծափեր, որից հետո պարոն Գալստյանը պատմական էքսկուրս անցկացրեց՝ հիշելով մինչ այս թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում տեղի ունեցած միավորումների, կոալիցիաների մասին, որոնք «առաջին իսկ անհրաժեշտության դեպքում անմիջապես փլուզվում են և տուն են գնում», և հետո սկսում են մամուլով իրար հասցեի վատ-վատ բաներ ասել։



«Պատճառը մեկն է, որովհետև այդ մարդիկ չունեն նույն տեսակը, այդ մարդիկ չունեն նույն գաղափարները, նույն մտքերը։ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ թե՛ 130-ամյա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, և թե «Հայազն» կուսակցությունը, և թե՛ այն անհատներն ու կուսակցությունները, որոնք հետագայում միանալու են մեզ, ունենալու են մեկ ընդհանուր գաղափրական հենք, մեկ ընդհանրական մոտեցում և մեկ քաղաքական օրակարգ։ Եվ այդ օրակարգն է, որ տանելու է մեզ բոլորիս դեպի առաջ»-իր ելույթում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը։



Այնուհետև անդրադարձավ նաև ընդդիմադիր ուժերին՝ քննադատության սլաքն ուղղելով նրանց վրա՝ երկրում ստեղծված իրավիճակի մեղավորության մի բաժին էլ հատկացնելով ընդդիմությանը։ Մասնավորապես նշեց, որ այսօր բազմաթիվ քաղաքական գործիչներ սպառել են իրենց և նրանց տուն գնալու, թոշակի գնալու ժամանակն է։



Մանրամասները՝ տեսանյութում․



 Վահե ՄԱԿԱՐՅԱՆ