Թուրքերի համար հուլիսի 19-ի գագաթնաժողովն ավարտվել է հիասթափեցնող արդյունքով

Թուրքերի համար հուլիսի 19-ի գագաթնաժողովն ավարտվել է հիասթափեցնող արդյունքով

«Հուլիսի 19-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովը՝ այսպես կոչված սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի շրջանակներում։ Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինի, Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ «տարածաշրջանի երկրները կպահպանեն կայունությունը տարածաշրջանում: Կսահմանափակեն «օտար երկրների» ազդեցությունը (նկատի ունեն ԱՄՆ-ն և Եվրոպան), ինչպես նաև կնպաստեն Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության շրջանակներում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը»,- ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Վերլուծաբանի խոսքով անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանում տարանցիկ հոսքերի դիվերսիֆիկացման թեմաներին։ Վերոնշյալը եղել է արձանագրություն և հայտնի է դարձել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների մամուլի ծառայությունների պաշտոնական հաղորդագրություններից։ 

«Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի դրամատիկ է եղել։ Փաստորեն, մեր տարածաշրջանում խաղի նոր կանոններ հաստատվեցին Թեհրանում և գծվեցին ազդեցության նոր սահմաններ։ Հասկանալի է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը Թուրքիային համախոհ չեն համարում, Թուրքիան եղել է և կմնա արևմտյան վեկտորի ներկայացուցիչ՝ սահմանափակ թուրքական նեղ շահերը առաջ տանելու իրավունքով։ Բայց թուրքերի համար գագաթնաժողովն ավարտվեց հիասթափեցնող արդյունքով։ Նախ, իրանցիներն անմիջապես խստորեն զգուշացրել են թուրքերին, որ վերջիններս անգամ չմտածեն Սյունիքի բռնակցման մասին, քանի որ դա Իրանի համար կկտրի հյուսիսային «ելքը» և Իրանին կդնի շատ ծանր իրավիճակում (այստեղ պետք է հաշվի առնել այն ցավալի փաստը, որ իրանցիները «անհանգստանում են» Հայաստանի տարածքային ամբողջականության մասին ավելի շատ, քան Հայաստանի ներկայիս իշխանությունները),-ասաց Աբովյանը: 

Սակայն, վերլուծաբանն այստեղ ընդգծում է, որ իրանցիները, ի տարբերություն Հայաստանի ղեկավարության, կարողանում են պաշտպանել իրենց շահերը, ուստի այստեղ պետք չէ առանձնակի ուրախանալ: Երկրորդը՝ թուրքերին չհաջողվեց համոզել ռուսներին և իրանցիներին համաձայնվել Հյուսիսային Իրաքի և Սիրիայի որոշ մասերի մերժմանը՝ հօգուտ պանթուրանական նախագծի: 

Աբովյանը գտնում է, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ կարող ենք փաստել, որ թուրքերն այս անգամ չհասան իրենց նպատակին։ Բայց թուրքը թուրք չէր լինի, եթե անկախ ամեն ինչից չշարունակեր տարածաշրջանային դիմակայության իր գիծը։ 

Վերլուծաբանն ասում է. «Բառացիորեն հաջորդ օրը թուրքերը ռմբակոծեցին խաղաղ իրանամետ շիաներին Իրաքի հյուսիսում՝ սպանելով ութ հոգու, ինչը հակաթուրքական աննախադեպ ալիք բարձրացրեց Իրաքում, նույնիսկ Անկարայում Իրաքի դեսպանը հետ կանչվեց։ Այնուհետև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն շատ թուրքական, բռի հայտարարություն արեց՝ ասելով, որ Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու համար Թուրքիան որևէ մեկի թույլտվության կարիքը չունի։ Իհարկե, Չավուշօղլուն նկատի ուներ Իրանին և Ռուսաստանին։ Անմիջապես սիրիացիները սկսեցին զորքեր տեղափոխել Թուրքիայի հետ սահման, իսկ թուրքերը սկսեցին իրենց առաջավոր հարձակողական զենքերը կենտրոնացնել Սիրիայի հետ սահմանին։ Այստեղ կարևոր է շեշտել, որ երկու գործոն կա, որ ստիպում է թուրքերին փորձել «վա-բանկ»-ի գնալ. Առաջին՝ Թուրքիայում ամենակատաղի գնաճը և սոցիալական բողոքները գրեթե ոչ մի շանս չեն թողնում Էրդողանին 2023 թվականի ամռանը վերընտրվելու համար, և Էրդողանի համար իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը ցույց տալն է, որ թուրքերի բոլոր սոցիալական խնդիրները արժեին, որ Թուրքիան տիրանար պայմանական Հալեպին։ Երկրորդ՝ ռուսների և իրանցիների աճող ազդեցությունն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նավթաբեր զարկերակների վրա, ինչն իր հերթին չափազանց բացասական ազդեցություն է ունենում ռուսական նավթի և գազի մատակարարումների դիվերսիֆիկացման Արևմուտքի փորձերի վրա»։ 

«Իհարկե, աշխարհաքաղաքական բնույթի բազմաթիվ այլ պատճառներ կան, բայց ամենակարևորը այն է, որ թուրքերը դեռ չեն կարողացել պայմանավորվել ռուսների և իրանցիների հետ տարածաշրջանի բաժանման հարցում, ինչը նշանակում է, որ թուրքերը կգնան սրման ավանդաբար ռուսներին ու իրանցիներին տրված ազդեցության գոտիներում, և այստեղ միանգամայն տեղին հորիզոնում Հայաստանի ներկայիս իշխանությունն է թուրքերին և ադրբեջանցիներին Հայաստանի «բանալիները» հանձնելու բոլորովին աննորմալ հայեցակարգով, որը նրանք անվանում են «խաղաղության դարաշրջան», որն այսօր իրականում սպասարկում է թուրքական և ադրբեջանական շահերը տարածաշրջանում և հանդիսանում է հիանալի գործիք թուրքերի համար՝ թուլացնելու իրենց տարածաշրջանային մրցակիցների դիրքերը»,-եզրափակեց վերլուծաբան Արման Աբովյանը։