Մանե Գեւորգյանը նոյեմբերի 10-ին կռվող տղերքին ասում էր՝ սատկեիք

Մանե Գեւորգյանը նոյեմբերի 10-ին կռվող տղերքին ասում էր՝ սատկեիք

Ուղիղ մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել, մարդկանց մի բազմություն հենց գիշերը մուտք գործեց կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանից պատասխան պահանջելու։ Վարչապետը, իհարկե, կառավարության շենքում չէր, այնտեղ էր նրա խոսնակ Մանե Գեւորգյանը, որը նախօրեին աշխատանքից ազատվեց։ Զայրացած բազմությունը հանդիպել էր Մանե Գեւորգյանին, քաղաքացիներից մեկը քաշել էր նրա մազերից, մյուսը թքել էր նրա վրա։ Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, որն այժմ դատաքննության փուլում է։ 

Գործով 5 ամբաստանյալ կա՝ Հակոբ Սիսակի Գեւորգյանը, Արմեն Ռոբերտի Ղարիբյանը, Հրանտ Գեւորգի Հարությունյանը, Հակոբ Անթրանիկի Պէրպէրեանը, Սարգիս Նիկոլի Հարեյանը։ Դեպքի վերաբերյալ Մանե Գեւորգյանն ԱԱԾ-ում բողոք է ներկայացրել՝ ասելով, որ իր հասցեին նաեւ կյանքի սպառնալիքներ են հնչել։ Մեր ձեռքի տակ է հայտնվել այդ դեպքերի տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է Մանե Գեւորգյանը «դիմավորում» կառավարության շենք մտած անձանց։ 

Ամբաստանյալներ Արմեն Ղարիբյանի եւ Սարգիս Հարեյանի պաշտպան Կարեն Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դատաքննությունը նոր-նոր սկսվել է, գործի նյութերը հետազոտել ենք, մնացածը դեռ պիտի տեղի ունենա, հարցաքննությունը դեռ նոր են սկսելու, առայժմ ոչ մի հարցաքննություն չի եղել։ Մանե Գեւորգյանը բողոք ունի։ Իմ պաշտպանյալն ասում է, որ Մանե Գեւորգյանն անիծել է, Ղարիբյանը ցանկացել է հեռախոսով տեսաձայնագրել, Գեւորգյանը զինվորներին է անիծել։ Ես գտնում եմ, որ այդտեղ զանգվածային անկարգություն չկա, այստեղ ավելի շատ միջանձնային հարց է։ Գործի հիմքում կոնկրետ Ղարիբյանի մասով Մանե Գեւորգյանի բողոքն է եւ տեսաձայնագրությունները։ Մանե Գեւորգյանի ասածները ոչ ոք չի հաստատում, ինքն ասում է, որ սպանության սպառնալիքներ են իրեն տվել, բայց այդպիսի փաստ չկա։ Արմեն Ղարիբյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, հոդվածը 3-8 տարի է նախատեսում»։ 

Զրուցեցինք նաեւ Արմեն Ղարիբյանի հետ, ով Մանեի մազերն է քաշել։ Նա դեպքը ներկայացրեց ամենասկզբից. «Այդ օրը մենք Գորիսից էինք գալիս, մեզ ասել էին, որ մեր զոհված ընկերների վառված մասունքները Գորիսում են, որ Գորիսում 60 պարկ վառված դիակ կա։ Գնացել-հասել էինք Գորիս, Գորիսում այդ վառված դիակները նայել ենք, մեր ընկերոջ դիակը չկար, մենք ենք դիակների միջից գանգերը հանել-նայել, որովհետեւ մեր ընկերն Աֆղանստանում որ ծառայել էր, ծնոտը պլաստմասս էր։ Մեր ընկերոջը չգտանք։ Այդտեղից այդ տպավորությունների եւ ազդեցությունների տակ հետ ենք եկել Երեւան։ Ժամը 12-ի, 1-ի կողմերը հասել ենք քաղաք։

Այդ ժամանակ համացանցում աղմուկ ընկավ, որ Նիկոլը հողերը տվել է։ Այդտեղից գնացել եմ կառավարություն, արդեն լիքը ժողովուրդ էր հավաքվել։ Ջարդողն արդեն դուռ էր ջարդել, ինչ-ոնց, արդեն մտել էին։ Ես մտել եմ ներս, որ Նիկոլին տեսնեմ։ Մենք իրար ճանաչել ենք, Շուշիում իրար հետ խմել ենք, մեր՝ մահապարտների հետ շուրջպար է պարել, ինձ հետ ծանոթացել է եւ ինձ անձամբ՝ բաժակ բարձրացրած, ասել է, որ Հայաստանը ծաղկեցնելու է, Արցախը հզորացնելու է։ Իր բառերն եմ ասում, ինձնից ոչ մի բան չեմ ասում։ Դա է եղել, մտել էի, որ ասեի՝ Նիկոլ, էս ի՞նչ ես անում, Արցախի 75 տոկոսը տալիս ես, իմ ընկերները․․․, մենք՝ մահապարտներս, 8 զոհ ենք տվել, ամեն ընկերոջ մահն ինձ վրա ահավոր է ազդել, որովհետեւ իմ ամեն օրվա ընկերներն են եղել, ե՛ւ մարտական ընկերներն են եղել, ե՛ւ ամենօրյա ընկերներն են եղել։ Այդ պահին մտնում ենք ներս, այդ աղմուկի մեջ լսում եմ, որ մեկն անիծում է, ասում է՝ սատկեիք։ Ես դեռ չէի տեսել, թե ով է, բայց ձայնը լսեցի։ Սկզբից ով մտել էր, ամեն մեկը տարբեր կերպ ռեակցիա տվեց իր այդ խոսքերին: Հետո ես տեսա, որ ինքը համազգեստով տղերքին է ասում՝ սատկեիք։ Այդ խառը վիճակով հեռախոսս ուզում էի միացնել, որ ձայնագրիչը միացնեմ, էդտեղ իր մազերից բռնել եմ ու ասել եմ՝ խոսքերդ կրկնի, բայց այդ խառը վիճակում չկարողացա հեռախոսը միացնել։ Ես իրեն ո՛չ հարվածել եմ, ո՛չ վնաս եմ տվել, մազերից եմ բռնել ու ասել՝ խոսքերդ կրկնի, ինչի՞ համար ես այդպես ասում։

Փաստորեն, ասում եմ, դու ու հերդ, հեր ասելով՝ նկատի ունեմ Նիկոլին, պլանավորել էիք, որ մենք՝ բոլորս, զոհվելու ենք, ու դուք ինչ ուզեք, անեք` հողերը հանձնեք, էս կապիտուլյացիոն խայտառակ ակտը ստորագրեք։ Հիմա ինքն ԱԱԾ-ում գրել է, որ իբր ես իրեն ցավ եմ պատճառել, իրեն հայհոյել եմ, սպառնացել եմ, իրեն սպանելու սպառնալիքներ եմ տվել, իրեն ու իր հորը։ Եթե իրեն սպառնալու պահ լիներ, ես այդ պահին իր հետ ամեն ինչ կարող էի անել։ Ամբողջ իրականությունը դա է եղել»։ 
Գործով անցնող մյուս ամբաստանյալներին նա մինչեւ այս դեպքը չի ճանաչել։ «ԱԱԾ-ն մի քանի ամիս իմ հեռախոսն իրենց մոտ էր պահում, փորձում էին մեր միջեւ ինչ-որ կապ գտնել։ Ես ոչ մեկին չեմ ճանաչել, ոչ էլ ինչ-որ մեկի հորդորով եմ դուրս եկել, ոչ էլ կազմակերպված է եղել։ Հիմա սրանք 5 հոգու են ներգրավել այս գործի մեջ, ձեւակերպել են որպես խումբ, բայց ես ոչ մեկի հետ կապ չունեմ։ Այնտեղ մեզ վրա ջարդարարություն են ուզում դնել, պետական շենք-շինությունների գրավում։ Փաստորեն, ստացվում է, որ մազ քաշելու համար 3-8 տարի՞։ Դա անհեթեթություն է»,- ասաց Ղարիբյանը։ 

Զրուցեցինք նաեւ գործով մյուս ամբաստանյալի՝ Հակոբ Պէրպէրեանի հետ, ով թքել է Մանե Գեւորգյանի վրա։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր արարքը քննիչները որակել են որպես «հոգեբանական բռնություն»։ «Թքել եմ իր վրա, մեղադրվում եմ հոգեբանական բռնության մեջ, մեղադրանքը չեմ ընդունում»,- ասաց Պէրպէրեանը։ Իսկ ինչո՞ւ էիք թքում։ «Ես կռվի դաշտից էի վերադառնում, ինձ թիկունքից դավաճանել էին»։ 

Մենք փորձեցինք դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Մանե Գեւորգյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։