«Ժողովուրդ». Հանդիպում Եվրոպայի նախաձեռնությամբ. ինչ սպասել այս անգամ

«Ժողովուրդ». Հանդիպում Եվրոպայի նախաձեռնությամբ. ինչ սպասել այս անգամ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Բրյուսելում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Արդեն դրանից հետո այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպեցին Մոսկվայում նոյեմբերի 26-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպումից հետո երեք երկրների ղեկավարները հայտարարություն տարածեցին, որով վերահաստատեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա հետեւողական իրականացման եւ անվերապահ պահպանման հանձնառությունը: Բացի այդ, կողմերը նաեւ նշել են ռուսական խաղաղապահ առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում:

Եվ, ահա, ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպումից հետո այս անգամ երկու կողմերը հանդիպում են Եվրոպայի նախաձեռնությամբ: Ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այդ բանակցություններից առանձնապես սպասելիքներ չունի: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ սա հայ-ադրբեջանական բանակցությունների՝ վերջին տարիներին բնորոշ սխեման է, երբ բանակցություններն ընթանում են Ռուսաստանում եւ Եվրոպայում:

«Արեւմտյան գործընկերների աջակցությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով։ ԵՄ բոլոր բարձրաստիճան քաղաքական գործիչները, անկեղծ ասած, թույլ ֆիգուրներ են, այդ թվում՝ բրյուսելյան բանակցությունների նախաձեռնող Շառլ Միշելը: Բաքուն, որը մեկ հարվածով կտրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, միանգամայն գոհ է այն փաստից, որ Մինսկի խմբի ֆորմատը որպես այդպիսին չի գործում: ԵՄ-ն նույնիսկ սրան ոչ մի կերպ չի արձագանքել: Ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը Ղարաբաղը չեն համարում ոչ ադրբեջանական հող»,- նկատում է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում