Օմբուդսմենի ինստիտուտի անխոչընդոտ աշխատանքի ապահովումն անկյունաքարային նշանակություն ունի տվյալ ծանրագույն ժամանակաշրջանում․ Լարիսա Մինասյան 

Օմբուդսմենի ինստիտուտի անխոչընդոտ աշխատանքի ապահովումն անկյունաքարային նշանակություն ունի տվյալ ծանրագույն ժամանակաշրջանում․ Լարիսա Մինասյան 

Նախօրեին անդրադարձել էինք ՀՀ ՄԻՊ-ի դեմ սանձազերծած արշավին՝ նրան կառավարության նիստերին չեն հրավիրում, կա նաև նախագիծ, որը նախատեսում է այս ինստիտուտի ֆինանսավորումը կրճատել։ Գրավոր հարցում էինք ուղղել նաև «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասանին՝ խնդրելով մեկնաբանել։

Ստորև ներկայացնում ենք տիկին Լարիսա Մինասյանի պատասխանը։

««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»- ը կիսում է միջազգային (Freedom House) և տեղական իրավապաշտպան համայնքի այն կարծիքը, որ անընդունելի է Մարդու իրավունքների ազգային հաստատության՝ ՄԻՊ-ի բյուջեի հնարավոր կրճատումը սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու միջոցով։ Տվյալ նախագիծը ոչ միայն չի բխում ՀՀ Սահմանադրական նորմերից, այլև հակասում է Փարիզյան սկզբունքներին, որոնց համաձայն` պետությունը պարտավոր է ապահովել օմբուդսմենի ինստիտուտի ֆինանսական անկախության երաշխիքները։ Սա բավականին զգայուն հարց է՝ հաշվի առնելով նաև այն հանագամանքը, որ ՀՀ ՄԻՊ ինստիտուտը Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմ է և պետք է ունենա բավականաչափ միջոցներ կատարելու հետևողական մշտադիտարկում փակ և կիսափակ հաստատություններում՝ խոշտանգումները, վատ և անմարդկային վերաբերմունքը իսպառ վերացնելու նպատակով։

Օմբուդսմենի ինստիտուտի անխոչընդոտ և արդյունավետ աշխատանքի ապահովումն անկյունաքարային նշանակություն ունի տվյալ ծանրագույն ժամանակաշրջանում, երբ մեր պետությունում մարդու իրավունքներն ավելի խոցելի են դարձել պատերազմական հանցագործությունների, համավարակից բխող սահմանափակումների և այլ պատճառներով։
 
Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք նաև նշել, որ այս օրինագծերի փաթեթի մեջ նշվում էր նաև Կրթության բյուջեին անդրադառնալու հարցը՝ հնարավոր կրճատման տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ սա անթույլատրելի քայլ կլինի։ Հաշվի առնելով այն իրավիճակը, որ Հայաստանն ունի հանրակրթության ոլորտում՝ որակյալ կրթության հասանելիության տեսակետից, հաշվի առնելով, որ ԿՈՎԻԴ-ով պայմանավորված որակյալ կրթության տրամադրումը ընդհատվեց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական արդարության հարցը, նույնիսկ մոտ չէ իր լուծմանը, և որ այս ամենի արդյունքում ուղղակիորեն ոտնահարվում են երեխաների կրթություն ստանալու իրավունքը, մենք կարծում ենք, որ սա ևս ոչ պակաս հարց է, որին պետք է անդրադառնալ, նաև Պաշտպանը պետք է ներառեր սա իր մտահոգությունների շարքում։ 

Հարգանքով՝

ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրեն 
Լարիսա Մինասյան»։