Էնպիսի մարդիկ են հանդես գալիս ՔՊ-ից, որ նախկինում լրիվ ուրիշ թեվի մեջ էին

Էնպիսի մարդիկ են հանդես գալիս ՔՊ-ից, որ նախկինում լրիվ ուրիշ թեվի մեջ էին

Ոչ պաշտոնական քարոզարշավը մայրաքաղաքում արդեն մեկնարկել է, հետաքրքիր է, թե ինչ տրամադրություններ են տիրում մարզերում եւ հատկապես՝ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներ Վանաձորում ու Գյումրիում։ «Լուսավոր Հայաստան»  կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը տպավորություն ունի, որ Վանաձորում ակտիվ նախընտրական նախապատրաստություններ են։ «Ցանկացած կուսակցություն, քաղաքական միավոր, բոլոր նրանք, որոնք դեմ էին ընտրություններին, այսօր թափով նախընտրական ինչ-ինչ պոցեսների մեջ են, շտաբներ են բացում, մարդկանց են հավաքագրում, էն դեպքում, որ, չգիտեմ, ընդհուպ մինչեւ ինչեր էին ասում ընտրություններին մասնակցողների կամ էդ ուղղությամբ գնացողների հասցեին»,- ասաց Քրիստ Մարուքյանը։

Նկատի ունեք «17»-ի ձեւաչա՞փը։ Ոչ միայն․ «Ովքեր որ ակտիվ էին 17-ի հետ, ովքեր որ ակտիվ չէին՝ դեմ էին եւ այլն։ Այսինքն՝ մարդիկ, որոնք այլ կարծիքի էին, հիմա ակտիվ թափով նախապատրաստվում են ընտրություններին, ու ակտիվ եռուզեռ է»։ Իսկ 17-ում բոլորը, օրինակ՝ հանրապետականները, ակտի՞վ են, ՀՀԿ-ն դեռ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն չի արել։ Ավելին՝ Սերժ Սարգսյանն ասում է, որ չի կարելի մեկ ֆեյսբուքյան գրառման հիման վրա «բոբիկանալ»։ Մարուքյանն ասաց․ «Եթե նայենք, էդքան մեծ տարանջատումներ չկան մարդկանց խմբերի, որոնք ասոցացվում են Ձեր նշած մարդկանց եւ ուժերի հետ։

Այսինքն՝ նույն խմբի եւ կամ թեւի մարդիկ են, որոնք նախկինում ակտիվ են եղել տարբեր ֆորմատներով, հիմա էլ որոշակի ակտիվություն են դրսեւորում այս կամ այն դրոշի տակ»։ Քրիստ Մարուքյանի խոսքով՝ ակտիվ են նաեւ ՔՊ-ականները, «հիմնականում օգտագործելով ադմինիստրատիվ լծակները, այնքան, որքան որ ունեն»։ Նկատի ունեք մարզպետ-մարզային պաշտոնյաների՞ն (քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀՀԿ-ական է)։ Քրիստ Մարուքյանն ասաց՝ այո, բոլոր այն տեղերում, որտեղ ունեն նշանակած մարդիկ։ Իսկ «ադմինիստրատիվ լծակների օգտագործում» ասելով ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ են անում։ «Տեղում իրենց ենթակայության տակ ինչքան կառույց կա, էդ մարդկանց հետ պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ, ուղղորդումներ, խոստումների ակնկալիքներ, նման բաներ։ Ի՞նչ են անում նախընտրական շրջանում»,- ասաց Վանաձորի ավագանու անդամը։

Բանը, նրա խոսքով, դեռ չի հասել ժէկ-երի մակարդակով ստորագրություններ հավաքելուն, բայց այն մասերում, որտեղ ՔՊ-ն հասցրել է ունենալ ադմինիստրատիվ լծակներ, դրանք օգտագործվում են։ Իսկ Լոռու ՔՊ-ական պաշտոնյաներից ովքե՞ր են հատկապես ակտիվ։ Քրիստ Մարուքյանն առաջարկում է «չխորանալ, քանի որ էնպիսի մարդիկ են հանդես գալիս ՔՊ-ից, որ նախկինում լրիվ ուրիշ թեւի մեջ էին»։ Ի դեպ, Մարուքյանն ասում է, որ այս ընտրություններում եւս, ինչպես նախորդի ժամանակ, որեւէ մեկը որեւէ գաղափարական մոտեցում՝ ծրագիր կամ տեսլական չի առաջարկում։ 

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հակառակը, ասաց, որ առանձնակի ակտիվություն չկա․ «Մարդիկ իրենց կյանքով, առօրյայով ապրում են, հատուկ ինչ-որ աժիոտաժ չեմ նկատել»։ Բայց ինքն էլ է լսել ու տեսել, որ տարբեր կուսակցություններ քաղաքում գրասենյակներ են հիմնում։ «Եթե չեմ սխալվում՝ վերջերս «Հանրապետություն» կուսակցությունն էր, երեկ էլ ինչ-որ մի գրասենյակ բացվեց, թե վերաբացվեց՝ չեմ կարող ասել»։ Իսկ ՔՊ-ականների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման մասին հարցին ի պատասխան ասաց․ «Էս պահին ի՞նչ վարչական ռեսուրս, ի՞նչ է կատարվում, որ օգտագործեն կամ չօգտագործեն»։ ՀՀԿ-ի մասնակցության վերաբերյալ էլ Մամիկոն Ասլանյանը տվյալ պահին որեւէ բան ասել չկարողացավ։ Իսկ ինքը, օրինակ, աշնանը պետք է մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ Թեեւ՝ որ կուսակցությունից, պարզ չէ։

Զրուցեցինք նաեւ Գյումրիից ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Ղուկասյանի եւ Վարդեւան Գրիգորյանի հետ։ Վարդան Ղուկասյանը կարծում է, որ Գյումրիում այս պահին ակտիվ նախընտրական տրամադրություններ չկան։ «Հիմա ես քարոզարշավ չեմ նկատում, երբ ժամանակը եկավ, պայքարը սկսվեց, կզանգես, քեզ կպատասխանեմ։ Ինչ վերաբերում է, որ ասում ես՝ գրասենյակ-բան, ստից-մտից, էլի․․․ ի՞նչ պտի անեն էդ գրասենյակները որ։ Գիտեք՝ նենց մարդ պետք է լինի, որ իր հետեւից մարդիկ գնան, ասենք՝ 5-7-հոգանոց մեկը գրասենյակ է բացում, դրան ո՞վ է լսելու»։ Ո՞ւմ կլսեն, ո՞ւմ կհավատան։ Վարդան Ղուկասյանն ասում է․ «Երկիրն էնքան քիչ է, որ բոլորին ճանաչում են, էդ խոսքերի հետեւից ոչ ոք չի գնում։ Նայում են ապրած կյանքին, էդ մարդը երկրի համար մի բան արե՞լ է կամ կարո՞ղ է անի։ Հուսով եմ՝ նման ձեւով կլինեն ընտրությունները, որովհետեւ հոգնել է ժողովուրդը խաբեբայությունից։ Մինչեւ աչքով չտեսնի, չի հավատա, չտեսնի՝ դու ով ես եղել քո ապրած կյանքով։ Թե չէ՝ հա, սարեր խոստանում են, բայց դե հիմա սարերին ո՞վ է հավատում։ Առաջվա ժողովուրդը չէ»։ Քանի որ ընտրություններից հանվել է ռեյտինգային ընտրակարգը, Վարդան Ղուկասյանը Գյումրուց չի առաջադրվի։ Իսկ համամասնականո՞վ։ Ասաց, որ հիասթափված է այսօրվա քաղաքականությունից եւ դեռ չգիտի՝ կառաջադրի՞ թեկնածությունը որեւիցե կուսակցությունում։ «Բայց փաստ է, որ կպաշտպանեմ իմ գիտեցած թեկնածուին»։

ԲՀԿ-ից Վարդեւան Գրիգորյանն էլ ասաց՝ չեն նախապատրաստվում, քանի որ դեռ վստահ չեն, որ ընտրություն է լինելու։ Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, այդ ժամանակ էլ կսկսվի։ Նրան, ի դեպ, հարցրինք, թե եղե՞լ են իր հետ քննարկումներ՝ ցուցակի անցողիկ տեղերում ընդգրկվելու վերաբերյալ։ Ասաց՝ ոչ։