Պատերազմը վտանգեց նաև Արցախի թեմի գոյությունը

Պատերազմը վտանգեց նաև Արցախի թեմի գոյությունը

«Հայ առաքելական եկեղեցին Արցախի թեմը կորցնելու շեմին է». նման վերտառությամբ հոդված է հրապարակել Regnum լրատվական գործակալությունը , որում հեղինակը՝ Վատիկանի և Հռոմեական կաթոլիկ եկեղեցու, ինչպես նաև Միջին Արևելքի և Անդրկովկասի եկեղեցիների հարցերով փորձագետ Ստանիսլավ Ստրեմիդլովսկին, ներկայացնելով փաստեր առ այն, որ Արցախի թեմը վտանգված է,  քննադատել է Ստեփանակերտին ու Էջմիածնին՝  ժամանակին նախաձեռնողականություն չցուցաբերելու համար,որովհետև «Եթե Լեռնային Ղարաբաղում, Արցախի թեմի փոխարեն, հայտնվեր վերականգնված Աղվանական կաթողիկոսությունը, դա կդժվարեցներ Ալբանական եկեղեցի ստեղծելու Բաքվի գործողությունը: Սակայն ո՛չ Ստեփանակերտը, ո՛չ էլ Էջմիածինը այդ քայլին չեն գնացել: Այժմ նախաձեռնությունը Բաքվի ձեռքում է»: 

Ըստ հոդվածագրի՝ օրերս Վատիկան են այցելել «Հեյդար Ալիև» հիմնադրամի պատվիրակությունն ու Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչները: Այցի ընթացքում հիմնադրամի և Սուրբ Աթոռի հնագիտական խորհրդի միջև համագործակցության նոր համաձայնագիր է կնքվել` Սուրբ Կոմմոդոսի կատակոմբները վերականգնելու աշխատանքների շուրջ: Բայց սա ամենը չէ․մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին փոխանցվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունից նամակ, որում կոչ է արվում , որպեսզի «Վատիկանի մասնագետներն իրենց անմիջական մասնակցությամբ, ինչպես նաև կարծիքներով և առաջարկություններով  նպաստեն պատմական և մշակութային ժառանգության վերականգնմանը Ադրբեջանի օկուպացումից ազատագրված տարածքներում»։ Հոդվածագիրը եզրակացրել է․«Հարցը միայն այն չէ, որ Բաքուն հնարավորություն կունենա գումար վաստակել դեպի քրիստոնեական վայրեր կազմակերպվելիք զբոսաշրջությունից։ Այսպիսով հարվածի տակ է ընկնում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը»։
 
Հիշեցնելով, Ադրբեջանը հավակնում է Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը և դրանով էլ հիմնավորում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա եկեղեցիների գոյությունն ու իր պետականությունը: Հոդվածադիրը մեջբերում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս սրբազանին,որը պարբերականին ասել է․«Մենք Արցախի պետականությունը հաշվում ենք 5-րդ դարի առաջին կեսից՝ հայկական թագավորության անկումից հետո, երբ Արևելյան Հայաստանում՝ Արցախում, Ուտիքում, Փայտակարանում և Քուր գետի ձախ ափին հայկական թագավորություն է ստեղծվել՝ իր թագավորով և կաթողիկոսով»։- «Այն, ինչը ժամանակին անվանվում էր Կովկասի ալբանական թագավորություն և Ալբանական կաթողիկոսություն»:

Հիշեցնելով, որ  Գյուլիստանի խաղաղության պայմանագրից հետո Ալբանական կամ Աղվանական կաթողիկոսությունը, որի կաթողիկոսական նստավայրը գտնվում էր Գանձասարում դադարել է գոյություն ունենալ և վերափոխվել է Հայ Առաքելական Եկեղեցու մետրոպոլիայի, ապա բաժանվել երկու՝ Ղարաբաղի ու Շամախիի թեմերի, որոնց Ներկայիս իրավահաջորդը Արցախի թեմն է, հոդվածագիրը եզրակացնում է․«Քանի դեռ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թեկուզև չճանաչված, այն աջակցել և սնուցել է Արցախի թեմը: Եվ սա կապում էր Բաքվի ձեռքերը: Սակայն Ղարաբաղյան հաղթական պատերազմից հետո Բաքվի առջև նոր հեռանկարներ են բացվել>։

«Հրապարակի» զանգերին ոչ  Մայր աթոռի տեղակատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ոչ Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը չպատասխանեցին։ Արցախի թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես կարդացել եմ, մինչև կարդալն էլ տեղյակ էի իրենց այդ ցանկություններին, որ նման ծրագիր ունեն գաղտնի, որ մինչև անգամ դիմել են Տիեզերական պատրիարքին, որ Պատրիարքը հաստատի իրենց եկեղեցին։ Ադրբեջանի ձեռագիրն է, մենք գիտենք՝ իրենց ցանկություններն են։ Վաղն էլ կարող են մի ուրիշ ծրագիր մտածել։ Ամեն ինչ անում են, որպեսզի Արցախում ոչ հոգևոր, ոչ աշխարհիկ պետականությունը․․․ հանեն վերացնեն։  Բոլոր ճանապարհները փորձում են իրենց համար ցանկալի դարձնել։ Մինչև Վատիկան, մինչև Տիեզերական պատրիարք։ Բայց թե դրա տակ ինչ կա՝ ինչ ծրագրեր կան, դրա պատասխանը ես չգիտեմ։ Բայց  որ շարունակաբար անում են, ի դեմս Դադիվանքի, որ «հոգևորականներ են ուղարկում», նրանք հոգևորականներ չեն, սքեմավոր անձինք էին։ Ինչպես նաև Ծիծեռնավանք են այցելել և պարբերաբար այսպիսի գործառույթներ իրականացնում են»։

Արցախի թեմի առաջնորդին հարցրինք՝ խոչընդոտներ հարուցո՞ւմ են Դադիվանք այցելությունների ժամանակ։ Վրթանես սրբազանն ասաց, որ առանձնապես ոչ, բայց ստուգում են ուխտավորների պայուսակները, այնտեղ հանել տալիս համակարգիչները, ինչպես նաև՝ կորոնավարակի պատրվակով կրճատել են ուխտավորների թիվը՝ 50-60 ից 10։ «Թեպետ իրենք բոլորն էլ առանց դիմակի են։ Առանց դիմակի մեզ ստուգում են»,-ասաց Վրթանես սրբազանը։