Ազգի գլխատում

Ազգի գլխատում

Եթե 1915 թվականին հայ ճանաչված մտավորականներին, ազգի սերուցքը գլխատում, հետո էին ժողովրդին Դեր Զոր քշում, այսօր հակառակն ենք տեսնում։ Հայ ժողովրդին իր բնօրրանից քշեցին ու հիմա առաջնորդներին են ձերբակալում, դատում։ Հակառակ երևույթն է կատարվում, բայց պետք է ասել, որ հակառակը ավելի վատ բան է հուշում։ Թշնամին չի ավարտել իր սև գործը, ամեն ինչ դեռ առջևում է։ Նույնիսկ Մարիամիկը գիտեր այդ մասին, երբ ժամանակին գրառում էր արել, որ ամեն ինչ նոր է սկսվում։ Ադրբեջանը դեռ նոր է սկսում իրագործել իր ազգակործան ծրագիրը։ Արցախի գեներալներին կձերբակալի, հետո հերթը կհասնի Հայաստանի գեներալներին, քաղաքական գործիչներին։ Հայաստանն էլ թշնամու կողմից շրջափակման մեջ է, այնպես չէ, որ թշնամին հիմա սսկված է ու ձեզ թվում է, թե դուք Արցախից շատ բանով եք տարբերվում։ Առանց այդ էլ ներսից իր ցուցումով կազմաքանդած երկիրը կթողնի ալիքների վրա, որ քամին ոնց ուզի, որտեղ ուզի՝ քշի։ Ես այդ ծրագրի հետ եմ կապում 2018 թվականից առ այսօր այս իշխանության իրականացվող քաղաքականությունը, որի մեջ ոչ մի պետականամետ, Հայաստանի պետական շահերին ծառայող տարր չեմ տեսնում։ Ժողովրդի մեջ ատելություն բորբոքել ՀՀ ու Արցախի հերոսների, առաջնորդների նկատմամբ, որից հետո երբ թշնամին ձերբակալի նրանց, ժողովուրդը չընդվզի, այլ ասի՝ Մոսոն գող է, թող տանեն, Բակոն թալանչի է՝ թող տանեն, Ջալալը դավաճան է, թող տանեն, Վարդանյանը ռուսամետ է, թող տանեն․․․ Մյուսների անունները չթվարկեմ։ 

Երբ ասում եք, թե ի՞նչ կապ կա մեր իշխանության և Ադրբեջանի մեջ, կարող եմ նման բազում օրինակներ բերել, որ մեր իշխանության և Բաքվի իշխանության ծրագիրը նույնն է։ Պառակտել, իրար դեմ հանել հայ ժողովրդին, նախկիններին այնքան սևացնել, որ թշնամու կողմից նրանց ձերբակալությունը ցնծությամբ ընդունվի։ Ելքը մեկն է։ Պետք է հասկանալ, որ նման գլխատումը պետության սուվերենությունը, ասել է թե պետությունը կործանելու ամենալուրջ քայլն է։ Երբ չկա առաջնորդող հովիվ, գառները ցաքուցրիվ են լինում։ Ու՞մ համար պարզ չէ, որ խաղաղության պայմանագրի հիմքում սա է՝ անմռունչ ենթարկվելու մատաղացու գառի կարգավիճակին։ Առայժմ սա պետք է գիտակցել ու սթափվել, (ելքը հասկանալը, գիտակցելն է), գլխատումից հետո թելը կտրած ուլունքի նման անկանոն դուրս եք թափվելու ու ցրվեք տարբեր ուղղություններով։