Մարդկանց սեփականաշնորհված հողերն են, մոտենում ենք, որ մշակենք` կրակում են մեզ վրա

Մարդկանց սեփականաշնորհված հողերն են, մոտենում ենք, որ մշակենք` կրակում են մեզ վրա

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղից բնակիչները շարունակում են հեռանալ։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Նա նշեց, որ գիտի, որ մի քանի ընտանիք ևս պատրաստվում են հեռանալ գյուղից։ Սովորաբար ընտանիքների հեռանալուց հետո նոր է իմանում, որ գյուղի բնակիչները հեռացել են։ «Պայմաններից ելնելով մարդիկ թողնում, դուրս են գալիս։ Աշխատատեղ չկա՝ չես էլ կարող ստիպել, որ մնան»,- ասում է Միրզոյանը։ Արցախից բռնի տեղահանման ժամանակ գյուղում տեղավորվել են 250 հոգի, սակայն այս պահին ընդամենը ութ հոգի են մնացել։ «Մնացել են մեկ, երկու կամ երեք օր։ Մենք գրկաբաց ընդունում ենք, բայց մնացող չկա, երևի սահմանամերձ է՝ չեն ուզում նույն ապրումն ունենալ»,- ասաց Միրզոյանը։

Միրզոյանը նշում է, որ գյուղի առաջնային խնդիրներից մեկը խմելու ջրի խնդիրն է։ Ամեն մի թաղամասը երկու օրը մեկ ընդամենը մեկ ժամով է ջուր ստանում։ Բացի այդ ցանցն է շատ վատ վիճակում ու եկող ջրի որակն այնքան վատն է, որ շատ տեղերում ոռոգման ջրի փոխարեն կօգտագործեին՝ ասում է համայնքի ղեկավարը։ Առջևում ձմեռ է ու գյուղի ջեռուցման հարցը շատ մտահոգիչ է։ Միրզոյանը ասում է, որ չգիտի, թե գյուղացիներն ինչպես են տաքացնելու իրենց տները՝ փայտ չկա տարածքում, անտառ չունեն, ու չնայած գյուղը գազաֆիկացված է, սակայն բնակիչներին հասանելի չի՝ տունը գազով տաքացնելը չափազանց թանկ հաճույք է եկամտի բոլոր աղբյուրներից զրկված գյուղացու համար։ Գյուղի տներից երբեմն հարյուր, երբեմն երկու հարյուր , իսկ երբեմն էլ չորս հարյուր մետր հեռավորության վրա գտնվող թշնամու կողմից որևէ սադրանք չի նկատվել՝ պատմում է վարչական շրջանի ղեկավարը։ 44-օրյա պատերազմից հետո գյուղը կորցրեց իր եկամտի աղբյուրը՝ հողատարածքներն ու արոտավայրերը, անտառները՝ դրանք ամբողջությամբ օկուպացվեցին թշնամու կողմից։

«Մարդիկ հողագործությամբ էին զբաղվում, արոտավայրերի խնդիր ունեցանք՝ մարդիկ չէին կարողանում այլևս նորմալ անասպանությամբ զբաղվել՝ դրա համար էլ թողնում են գյուղը։ Ունենք մոտ 40 հա, իրենց վերահսկողության տակ է անցել, չենք կարողանում մշակել։ Մարդկանց սեփական հողերն են, սեփականաշնորհման վկայականներն ունեն, սակայն չեն կարողանում մոտենալ՝ թշնամին կրակում է», ասաց վերջինս։ Միրզոյանը պատմում է, որ երբ ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ իրենց դիրքերը առաջ տվեցին, այդ ժամանակից ի վեր գյուղացիները չեն կարողանում իրենց 40 հա հողը մշակել։ «Հիմա չեն թողնում, երբ մտնում ենք այդ դաշտամաս՝ կրակում են մեր վրա։ Մենք մշակում էին, բայց Տեղ գյուղի դեպքերից հետո էլ չէին թողնում։ Եթե քո վրա կրակում են, դու չես կարողանա քո ցանքսն անել՝ մարդիկ ի՞նչ անեն»,- եզրափակեց Խնածախի վարչական ղեկավարը։