ՔՊ-ական փոխքաղաքապետը թափառող շների հարցն է լուծում

ՔՊ-ական փոխքաղաքապետը թափառող շների հարցն է լուծում

Պարզվում է՝  Գյումրու  ՔՊ-ական փոխքաղաքապետ  Դավիթ Առուշանյանն այս օրերին Երևան է մեկնել հատուկ նպատակով՝ ուսումնասիրելու թափառող կենդանիների ստերջացման, ապաստարանների կառուցման աշխատանքների կազմակերպման մայրաքաղաքի փորձը, քննարկումներ է ունեցել  և պայմանավորվածություններ ձեռք բերել տեղի մասնագետների հետ: Վերադառնալուն պես այդ թեմայով աշխատանքային հանդիպում  է ունեցել Գյումրի համայնքի ավագանու խմբակցությունների ղեկավարների հետ, որպեսզի Գյումրիում ևս թափառող կենդանիների ապաստարաններ կառուցվեն:

Նշենք, որ Գյումրիում թափառող կենդանիներն իսկապես մեծ խնդիր են: Թափառող շների ոհմակներից ու հարձակումներից մարդկանց հեռու պահել չի լինում։ Վնասազերծման միակ կիրառվող տարբերակը ստերջացումն է, որից թաղամասերում շների թիվը չի պակասում։

Այդ հարցը բազմիցս բարձրացվել է դեռ նախկին քաղաքապետի օրոք։ Գյումրիի քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք էր առանձնացրել ապաստարան կառուցելու համար,  եվ սպասում էր, որպեսզի որևէ կազմակերպություն կամ անհատ ներկայացնի թափառող շների խնամքը կազմակերպելու հաստատված ծրագիր, բայց մինչ օրս որևէ լուրջ առաջարկ չի եղել ։

Ուշագրավ է, որ  նորընտիր քաղաքապետի օրոք Գյումրու քաղաքապետարանն արդեն  մշակել է 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, որի նախագիծը օրերս ներկայացվեց հանրությանը:

Հասարակական լսման մասնակիցները նկատեցին, որ թափառող կենդանիների խնդիրը լուծելու մասին նախագծում որևէ բան նշված չէ, առավել ևս՝ այդ նպատակով ոչ մի կոպեկ չի հատկացվում: Հետաքրքիր է, թե փոխքաղաքապետն ինչպես եւ ինչ միջոցներով է պատրաստվում լուծել այդ անլուծելի թվացող խնդիրը։

Ի դեպ, ըստ հնգամյա զարգացման ծրագրի նախագծի՝ մի շարք ՀՈԱԿ-ներում 5 տարի շարունակ նորոգումներ են նախատեսվում, 200 մլն դրամ էլ  նախատեսած է Գյումրիում սատիրայի թատրոնի, նույնքան էլ Գյուրջիևի թանգարանի հիմնման համար, մինչդեռ կարծիքներ հնչեցին, որ  200 մլն դրամը  լիովին կբավարարեր, որ թափառող շների համար ապաստարան ստեղծվեր, եւ  դրանց մեկ հարկի տակ կարողանային հավաքել: