Մարդկության մի փոքր հատվածը տնօրինում է մոլորակի ճակատագիրը

Մարդկության մի փոքր հատվածը տնօրինում է մոլորակի ճակատագիրը

Երբ Տերն արարեց երկիրը, մտածում էր, որ ամեն նոր ծնունդ, որը լույս աշխարհ է բերում, անկախ է մյուսներից, եւ բոլորը հավասար են, ավելին՝ բոլորը քույր-եղբայրներ են ու պետք է ապրեն մի ընտանիքի նման, չպետք է փորձեն իրար իշխել: Հավանաբար, այդպես էլ եղել է. որոշ ժամանակ նրանք իրոք  ապրել են մի ընտանիքի նման: Կդժվարանամ ասել, թե որ պահից սկսած է մարդու մեջ սկսել գլուխ բարձրացնել ագահությունը՝ իրեն մյուսներից վեր դասելը, որի հետեւանքով էլ սկիզբ է առել անարդարություն կոչվածը եւ մեր օրերում սարսափելի չափերի հասել:

Ցանկացած կենդանի, թռչուն, եթե անգամ շատ երկար ժամանակ քաղցած է լինում եւ կեր հայթայթելու հնարավորություն է ունենում, ուտում է այնքան, որքան թույլ է տալիս նրա մարսողական համակարգը, իսկ մնացածը թողնում են այլ կենդանիների, որ սովից չվերանան: Ասելիքս այն է, որ ոչ մի գազան կերի ավելցուկն իր հետ չի տանում, ոչ էլ նույն ընթացքում՝ զուգահեռաբար, նոր կեր է փնտրում, ավելին՝ եթե ճանապարհին նոր կեր էլ հանդիպի, նա անտարբեր կանցնի: Եթե վերն ասվածի առումով համեմատություն անենք մարդ արարածի եւ ցանկացած կենդանու միջեւ, ապա մարդիկ ճիշտ հակառակ կերպ են վարվում, ավելին՝ փորձում են միմյանց ձեռքից խլել ամբողջ կերը, եւ եթե անգամ այն պահեստավորելն անհնարին է, եւ դրա մի մասն անպայման թափվելու է, միեւնույն է՝ տանում են: Սա է մարդ արարածի իսկական տեսակը: 

Դպրոցական տարիներին դասագրքերում մի ստեղծագործություն կար. «Ինչի ձեռք տամ, ոսկի դառնա», որտեղ ագահ մարդն անչափ շատ ոսկի է դիզում, սակայն ցանկացած ուտելիք, որին ձեռք է տալիս, ոսկի է դառնում, եւ նա սովից մահանում է: Ահա կուրացած՝ ագահ մարդու վերջաբանը: Աշխարհի բոլոր երկրների ղեկավարները, բիզնեսմենների ճնշող մեծամասնությունը հիմնականում այս որակի մարդիկ են, նրանց ձեռքում է կուտակված աշխարհի հարստության մոտ 90 եւ ավելի տոկոսը, ու դրանք են ղեկավարում աշխարհի համարյա ողջ բնակչությանը, այլ կերպ ասած՝ տնօրինում մարդկության ճակատագիրը: 

Իսկ աշխարհի ժողովուրդների ձեռքին կա՞ն գործիքներ, որոնց միջոցով կարողանան փոփոխություններ մտցնել իրենց կյանքի որակի մեջ, փորձեն փրկվել նմանատիպ ողբերգություններից: Կարծում եմ,  նման ընդհանրական գործիքներ չկան, հավանաբար՝ կան գործիքներ, ասենք՝ բողոքի մեծ ալիք, հեղափոխություններ, հեղաշրջումներ, որոնց միջոցով առանձին երկրներում հնարավոր է իրականացնել նմանատիպ փոփոխություններ, որոնց արդյունքում էլ ընդհանրական՝ ողջ աշխարհի մասշտաբով, հնարավոր կլինի այդ փոփոխությունների իրականացումը:

Բայց դա հնարավոր է իրականացնել առանձին վերցրած երկրում, եւ որքանով այն շղթայաձեւ կտարածվի այլ երկրներում, աշխարհի մասշտաբով, պարզ չէ: Հակառակը` գնալով էլ ավելի է մեծանալու բեւեռացման գործընթացը, եւ իշխող շրջանակն էլ ավելի է նեղանալու, քանզի այդ մասը կուլ է տալու մյուսներին, ու վերը նշված տնօրինման գործընթացն էլ ավելի է խստանալու: Եվ արդյունքում աշխարհի բնակչության մեծ մասի ապրուստն աստիճանաբար հոսելու է զուտ գոյատեւման դաշտ: Սա թերեւս ավելի շատ տեսական գաղափար է, իսկ այն կյանքի կոչելը՝ պրակտիկորեն անհնարին:

Հենց այստեղ առաջանում է հարցերի հարցը. ո՞րն է նման կյանքով ապրելու իմաստը, երբ մարդը մեկ անգամ է ծնվում, եւ նրա կյանքն անցնում է նման դժոխային հետագծով, եւ ո՞ր տրամաբանությամբ մարդն իրավունք ունի ճնշել մեկ այլ մարդու, երբ բոլորը նույն Տիրոջ ծնունդն են, եւ որեւէ մեկը լրացուցիչ լիազորություններով օժտված չէ: 

Այս իրավիճակի հիմնական պատճառն ագահությունն է, որը ոչնչացնում է արդարությունը: Բայց եթե ագահ մարդուն կողքինները պատժեին, գուցե մյուսները զգաստանային եւ հրաժարվեին նման պահվածքից, եւ արդար ու ազնիվ  ապրելն իմաստ կունենար: Հենց անպատժելիության գործոնն է մարդկանց մղում նման քայլերի, եւ ագահ ու ստոր արարքներն այդպես են դարձել ապրելակերպ ու հասել տիեզերական չափերի: Աշխարհը շարունակ փորձում է մեխանիզմներ ստեղծել նման բաների դեմն առնելու համար, սակայն մինչ այժմ չի հաջողվում ստեղծել այն իդեալական մեխանիզմը, որը լիարժեքորեն կկանխի դա: Ցավոք, մարդկային ագահության մոլուցքն անսահմանափակ է, անչափելի, եւ այս իրավիճակն է բերելու մարդկության, հետեւաբար նաեւ՝ աշխարհի վերացման, քանզի բնական ճանապարհով ի հայտ եկած մարդկությունը գնում է խիստ անբնական ճանապարհով, որը երկար տեւել չի կարող…

 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ