Ինչպե՞ս են հաղթահարելու 22-ի ձմեռը Եվրոպան եւ Ռուսաստանը. տնտեսական պատերազմը շարունակվում է

Ինչպե՞ս են հաղթահարելու 22-ի ձմեռը Եվրոպան եւ Ռուսաստանը. տնտեսական պատերազմը շարունակվում է

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքը պատժամիջոցների տարափ տեղաց, Ռուսաստանն էլ փորձեց հակընդդեմ պատժամիջոցներ կիրառել Եվրոպայի նկատմամբ` դադարեցնել էներգակիրների մատակարարումը Եվրոպական միություն։ Ինչպե՞ս է հաղթահարվելու առաջիկա ձմռանը սպասվելիք էներգետիկ ճգնաժամը։ Ինչպե՞ս են լուծվելու այս հակասությունները: Ո՞վ ավելի շատ կտուժի այս պատժամիջոցներից` Եվրոպա՞ն, թե՞ Ռուսաստանը։ Զրուցել ենք էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ։

- Ինչպե՞ս կարող է Եվրոպան հաղթահարել սպասվող ճգնաժամը։

- Գլխավոր ելքն այս խնդրի, իհարկե, էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացումն է։ Բայց պետք է հասկանալ, որ այդ դիվերսիֆիկացիան մեկ օրվա կամ մեկ տարվա աշխատանք չէ, այլ բավական երկարաժամկետ ռազմավարություն է պահանջում։ Առնվազն վերջին 18 տարիների ընթացքում ԵՄ-ի կողմից իրականացվող, այսպես կոչված, «կանաչ գործարք» ռազմավարությունը, որն ուղղված էր հենց էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացմանը, չբերեց այն արդյունքներին, որոնք կարող էին ապահովել Եվրամիության էներգետիկ անվտանգությունը եւ անկախությունը։ Այնուամենայնիվ, կարճաժամկետ լուծումների ապահովման տեսանկյունից Եվրոպային այսօր անհրաժեշտ է էապես ավելացնել բնական գազի ներկրումներն այլ մատակարարներից։ Մասնավորապես, խոսքը գնում է Հյուսիսային Աֆրիկայի, Քաթարի մասին։ Բայց նկատում ենք, որ, օգտվելով ստեղծված իրավիճակից, եվրոպական շուկայում իր դիրքերն է փորձում ամրապնդել ԱՄՆ-ն, որը եւս վերջին տարիներին դարձել է հեղուկացված գազի թիվ մեկ արտահանողն աշխարհում կամ գոնե մրցում է առանցքային արտահանողների հետ։
Այստեղ պետք է նաեւ հաշվի առնել տրանսպորտային լոգիստիկ ծախսերը։ Արդյունքում եվրոպական շուկայում ամերիկյան հեղուկացված գազն իր գնով շատ ավելի բարձր է, քան, օրինակ, նույն Ռուսաստանից ներկրվող ավանդական խողովակաշարային գազը կամ էլ նույն Քաթարից, Ալժիրից ներկրվող բնական գազը։ Սակայն սա է միակ ուղին՝ բնական գազի այլ մատակարարների հետ երկխոսության ակտիվացումը։ Բայց մի բան հստակ է, որ որքան էլ այդ դիվերսիֆիկացիան իրականացվի, միեւնույն է՝  Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ հենց Ռուսաստանից ներկրվող բնական գազն իր գնով բավականին մրցունակ է։ Եվ պատահական չէ, որ, առհասարակ, «Գազպրոմը» կարողացել է ապահովել վերջին տարիների ընթացքում աշխարհում ամենացածր ինքնարժեքով արդյունահանվող բնական գազը։
Մեկ այլ ուղի, որը եւս պահանջում է շատ երկարաժամկետ պլանավորում․ դա այլընտրանքային միջոցն է՝ էներգետիկ համակարգերի միավորումը։ Բայց այստեղ եւս  կան բավականին լուրջ խնդիրներ, որովհետեւ այս ռազմավարությունն ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որը ԵՄ-ն իրականացնում է երկար տարիներ եւ չհասցրեց  հասցնել  այն աստիճանի, որ առանց պետական միջամտության, այսինքն՝ առանց սուբսիդավորման, այդ կայանները կարողանային ապահովել բարձր օգտակար գործողության գործակից եւ ապահովեին ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիայի գեներացիան։
Արդյունքում՝ այս փակուղու պայմաններում երկու հիմնական տենդենց կա․ Եվրոպայի առանձին երկրներ արդեն սկսել են ակտիվորեն խոսել ածխով աշխատող ջերմաէլեկտրակայանների վերագործարկման կամ դրանց տեսակարար կշռի ավելացման մասին։ Եվ երկրորդ՝ կան երկրներ, որոնք սկսում են վերանայել իրենց մոտեցումները միջուկային էներգետիկայի նկատմամբ։ Ածխի դեպքում ամբողջությամբ հակասում է ԵՄ-ի բնապահպանական օրակարգին, որը վերջին 20-25 տարիների ընթացքում իրականացվում էր, եւ հակասում է 2015 թ. կնքված փարիզյան համաձայնագրի հիմնադրույթներին՝ կլիմայի վերաբերյալ։
Երկրորդի դեպքում էլ, իհարկե, բավականին լավ տենդենց է՝ միջուկային էներգետիկայի զարգացումը։

- Ռուսաստանն արդյոք ինքն իր փորած փոսը չի՞ ընկնի` դեպի եվրոպական երկրներ էներգակիրների արտահանման կրճատումը չի՞ ազդի Ռուսաստանի վրա։ Արդյոք այս պատժամիջոցները պետությանը չե՞ն տանի տնտեսական խոր ճգնաժամի։

- Վերջին տարիների ընթացքում համաշխարհային շուկայում բնական գազի եւ նավթի գներն էապես աճ են արձանագրել։ Ռուսաստանի պետական բյուջեի հիմքում դրված է 50-55 դոլարը՝ մեկ բարել նավթի դիմաց։ Ինչ վերաբերում է բնական գազին, ապա միջին արտահանման գինը սահմանված է մոտ 185-190 դոլարի մակարդակում։ Նավթի գինը գերազանցում է 100 դոլարը, բնական գազն էլ վերջին մեկ տարվա ընթացքում պարբերաբար հատում է 3 հազար դոլարի շեմը։ Այդ հավելյալ գումարը, որն աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունը, այս շրջանում չէր ուղղվում եւ այսօր էլ չի ուղղվում Ռուսաստանի պետական բյուջե, դա ուղղվում է ստաբիլիզացիոն ֆոնդ։ Այս ստաբիլիզացիոն ֆոնդը Ռուսաստանի տնտեսության համար ինչ-որ իմաստով անվտանգության բարձիկների դեր է խաղում։
Վերջին ամիսների ընթացքում՝ փետրվարից ի վեր, ուկրաինական դեպքերով պայմանավորված, այդ ստաբիլիզացիոն ֆոնդի ընդհանուր միջոցներն ու ծավալն  ավելացել են շուրջ 40 տոկոսով։ Սա պարզապես, որպես տնտեսական անվտանգության ապահովման  գործիք, Ռուսաստանը ցանկացած պահի կարող է օգտագործել խոշոր ենթակառուցվածքներ, սոցիալ-տնտեսական տարբեր նախագծեր իրականացնելու համար։
Երկրորդը՝ ռուսական ածխաջրածինների արտահանումը դեպի եվրոպական շուկա չի նշանակում, թե ռուսական էներգետիկ համակարգը կհայտնվի փակուղու մեջ։ Այո, խնդիրներ կլինեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Եվրոպայի գազի սպառման մոտ 40 տոկոսն ապահովում է Ռուսաստանը։ 2021 թվականի դրությամբ 155 մլրդ խորանարդ մետր բնական գազ է արտահանվել։ Բայց, դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը եւս զբաղվում է շատ ակտիվորեն դիվերսիֆիկացիայով՝ ակտիվորեն դիրքավորվում է ասիական շուկաներում, մասնավորապես՝ Չինաստանում։ Այստեղ պետք է խոսենք նաեւ ռուս-իրանական էներգետիկ գործարքների մասին, որը ենթադրում է շուրջ 40 մլրդ դոլարի ներդրումների իրականացում եւ համատեղ նավթագազային նախագծերի՝ կյանքի կոչում։ Ակնհայտ է, որ այստեղ շատ մեծ դերակատարում ունեն Չինաստանը եւ չինական շուկան։
Փաստ է, որ Չինաստանն այսօր աշխարհում բնական գազի սպառմամբ գլխավոր դրայվերն է։ Այսինքն՝ Չինաստանն է այսօր իրականում թելադրում աշխարհում բնական գազի սպառման հիմնական տենդենցները՝ որպես թիվ մեկ սպառող տնտեսություն։ Եվ պարզ է, որ  առաջիկայում հիմնական մրցակցությունը մղվելու է հենց չինական շուկայի համար։ Ռուսաստանը եւս դիվերսիֆիկացնում է իր արտահանումը, Եվրոպայում առկա են խնդիրներ՝ արտահանում են այլ ուղղություններով: Այստեղ կա Չինաստան, Հնդկաստան՝ բավականին դինամիկորեն աճող շուկա։ Կան մի շարք պետություններ Հարավ-արեւելյան Ասիայում, որոնք եւս պատրաստ են մեծ ծավալներով էներգակիրներ ներդնել։ Այսպես ասած` ռուսական  ածխաջրածինները պարզապես առանց գնորդի չեն մնա։ Բայց մի կարեւոր հանգամանք եւս․ վերջին տարիներին աշխարհում գնալով աճում է հեղուկացված գազի տեսակարար կշիռը՝ տարեկան այն կազմում է մոտավորապես 4-4.5 տոկոս։ Եվ ըստ համաշխարհային էներգետիկ գործակալության կանխատեսումների՝ արդեն 2035 թվականից ի վեր այն լինելու է առանցքային  ռազմավարական էներգակիր։ Ռուսաստանը բավականին մեծ աշխատանք է կատարում, հատկապես իր հյուսիսային շրջաններում՝ կառուցելով գազի  վերամշակման գործարաններ։
Ամենահետաքրքիրն այստեղ այն է, որ Ռուսաստանը հեղուկացված գազի ոլորտում իրականացնում է իր քաղաքականությունը ոչ թե պետական «Գազպրոմ» ընկերության միջոցով, այլ մասնավոր ընկերությունների։ Ռուսաստանում գործում է հայտնի «Նովատեկ» ընկերությունը, որն անկախ ընկերություն է, եւ որի բաժնետոմսերը պատկանում են նաեւ մի շարք արեւմտյան ընկերությունների՝ ֆրանսիական «Տոտալին» եւ այլն։ Եվ այս «Նովատեկ» ընկերությունը, մեծ հաշվով, դուրս է պատժամիջոցներից։ Ի հեճուկս պատժամիջոցային տրամաբանության, այս ընկերությունը շարունակում է տարբեր երրորդ ընկերությունների միջոցով Ռուսաստանում արտադրված հեղուկ գազն արտահանել տարբեր երկրներ։

- Այդ թվում նաեւ Եվրոպա՞։

- Այո, իհարկե։ Որովհետեւ այդ պատժամիջոցները չեն վերաբերում բնական գազին։ Վերաբերում են բացառապես նավթին։ Հիմա արդեն խոսքը գնում է կոնվենցիոնալ բնական գազի մասին։ Բայց հեղուկացված գազը, ոչ կոնվենցիոնալ, խողովակաշարային բնական գազ է, դրա արտահանման, տեղափոխման համար անհրաժեշտ չեն խողովակաշար ենթակառուցվածքներ։ Դրա համար անհրաժեշտ է նավատորմ։ Պարտադիր չէ, որ նավատորմը պատկանի ռուսական կողմին, դա կարող է, փաստերով ասեմ՝ Մոնղոլիայի դրոշի տակ համաշխարհային օվկիանոսում շահագործվող լցանավ լինի, որը տեղափոխում է հեղուկացված գազ։ Այնպես որ, այս շրջանցման միջոցները Ռուսաստանն ունի եւ ակտիվորեն դրանք կիրառում է։

- Ինչպե՞ս է ստացվում, որ այդ մասնավոր ընկերությունների նկատմամբ Ռուսաստանը հանդուրժողական է եւ չի իրականացնում պատժամիջոցներ։

- Որովհետեւ կա հանրային քաղաքականություն, որի մասին մենք ընթերցում ենք մեդիաներում, որի մասին արվում են հայտարարություններ ամենաբարձր մակարդակով, եւ կա խորքային քաղաքականություն կամ բիզնես եւ ֆինանսական էլիտաներ, որոնք եւս մեծ ազդեցություն են ունենում այդ քաղաքականության իրականացման վրա, եւ կան հստակ շահեր։ Անգամ պատժամիջոցները որ սկսվեցին, Միացյալ Նահանգները շարունակում էր Ռուսաստանից նավթամթերք ներկրել։ Մեծ Բրիտանիան շարունակում էր  Ռուսաստանից ամիսներ շարունակ հեղուկացված գազ ներկրել։

- Այսինքն՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ունեն նավթի բավականին պաշար։

- Այո։ Պաշարները Եվրոպական միության հիմնական խնդիրներից մեկն են։ Եվ նրանք փետրվարից ի վեր հայտարարում են, որ սեփական ռեզերվներ, պաշարներ են ձեւավորում` աշուն-ձմեռը հաղթահարելու համար։ Չենք կարող խոսել այն մասին, որ այդ պաշարներն ամբողջությամբ առկա են, եւ մասնավորապես Եվրոպական միության հիմնական գազի պահուստարանները լիքն են, բայց, այնուամենայնիվ, մոտ 70 տոկոսը կա։