Ով ում է սատարում Քաղսիում 

Ով ում է սատարում Քաղսիում 

Մի քանի օրից քաղսեցիները գյուղապետ կընտրեն։ Ըստ գյուղացիների՝ դժվար ընտրության առաջ են կանգնել , շվարել են , թե ում ընտրեն՝ փոքր գյուղ չորս թեկնածու, մեկը մյուսին ծանոթ-բարեկամ։

Գյուղում խոսում էին, որ թեկնածուներին սատարում են քաղաքական ուժեր եւ հայտնի դեմքեր։
Մամուլում գրվեց, որ քրեական հեղինակություն, ծնունդով քաղսեցի Արամ Վարդանյանի՝   Վստրեչի Ապերը  սատարելու է նախկին գյուղապետ, գյուղապետի  թեկնածու Սեդրակ Դավթյանին:

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել անձամբ գյուղապետի թեկնածու Սեդրակ Դավթյանից.  «Ես հարցազրույց չեմ տալիս,  որովհետեւ 3 հատ հարցազրույց տվեցինք  սաղ գյուղը խառնեցին իրար էդ լրագրողները»: -ասաց ու անջատեց հեռախոսը: 

Վստրեչի Ապերի հովանավորությունը ունի՞   նախկին գյուղապետը, եւ լարվածություն կա՞ համայնքում, հարց ուղղեցինք գործող գյուղապետ Սահակ Ալեքսանյանին.   «Սկզբնական շրջանում գյուղում լարվածություն կար, հիմա չկա, յուրաքանչյուր թեկնածու պայքարում է իր ձայների համար, թե ո՞ւմ մոտ ոնց կստացվի, կտեսնենք  փետրվարի 17-ին:  Ես Ապերի անունից կարող եմ ասել,  քանի որ մենք բարեկամներ ենք, Ապերի անունը շրջանառում են միայն քաղաքական դիվիդենտներ շահելու համար, քանի որ նա գյուղում շատ բարձր հեղինակություն է, եւ հարգանք է վայելում:   Եթե Ապերի անունը շահարկում են, որ ձայներ շահեն, ես կարող եմ հայտարարել, որ  ինքը ընդանրապես չի խառնվում ընտրություններին, եւ ցանկություն էլ չունի զբաղվելու քաղաքանությամբ: Մինչեւ նախընտրական շրջանը Ապերը ոչ մեկի չի հանդիպել, եւ ոչ էլ խոսել է:  Համայնք այցելել  է, հանդիպել է իր ընկերներին, այստեղ  էլ 2 առանձնատուն ունի»:    

-Պարո´ն Ալեքսանյան, գյուղացիները ասում են, որ դուք սատարում եք թեկնածուների: Ո՞ր թեկնածուին եք սատարում:  

Ընտանիքում 2 ձայն ունենք մեկը կտամ Կարապետյան Ռուդիկին, մյուսը՝ Գրիգորյան Ռաֆայելին: 

Համայնքի ղեկավարի թեկնածու Ռաֆայել Գրիգորյանը չհերքեց, որ ունի Սասուն Միքայելյանի աջակցությունը.  «Այո, ես Սասուն Միքայելյանի շտաբի պետն  եմ եղել, եւ «Իմ քայլը»  80% քվե է տարել գյուղից, իսկ ինչ վերաբերվում է, որ Սասուն Միքայելյանը ուզում է  ինձ գյուղապետ դարձնել, կասեմ, որ  Սասուն Միքայելյանը աջակցում է ինձ, ոչ թե այլ նկատառումներով, այլ նա գյուղի համար մեծ գործեր է արել: Հիմա որոշել է, որ ինձ աջակցի, եւ ես հպարտ եմ դրա համար եւ պարտավորված եմ  նաեւ»,-ասաց երիտասարդ թեկնածուն: