«Իմ ժամանակ պահակ չկար, կար մի հատ Մարկոս»․ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի ղեկավար

«Իմ ժամանակ պահակ չկար, կար մի հատ Մարկոս»․ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի ղեկավար

Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել էր, որ Էջմիածնի համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ հարուցված քրեական գործով՝ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավար Կարեն Գրիգորյանին, «Բնակարանային կոմունալ վարչության» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին:

Կարեն Գրիգորյանի համարին պատասխանած անձը հայտնեց, թե Գրիգորյանի համարը չէ, սխալվում ենք, իսկ երբ առարկեցինք, որ միշտ այդ համարով զանգել ենք, ասաց՝ ««սութ» եք ասում» և ցած դրեց հեռախոսը։ Նրա խորթ մայր Նազիկ Ամիրյանն էլ պատասխանեց, որ «կներեք, որ հարցազրույց չեմ տալիս և հարցերի չեմ պատասխանում»։ Նազիկ Ամիրյանը խորթ որդու վերաբերյալ միայն մեկ բան՝ «իհարկե ոչ» պատասխանեց՝ հավատո՞ւմ է մեղադրանքին հարցին։
Էջմիածնաբնակ անձից տեղեկացանք, որ Կարեն Գրիգորյանը շարունակում է բնակվել կա՛մ Էջմիածնի իրենց տանը, կա՛մ Երևանում՝ աներոջ՝ Հակոբ Հակոբյանի տանը։

Հիշեցնենք, որ ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարեն Գրիգորյանը ԵԿՄ իր կապերով պայմանավորված, ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել  համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող՝ պահակ։

Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ: Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի գրասենյակի անդամին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի  նյութական վնաս: Մի մարդ էլ բյուջեի հաշվին պայվել է Մանվել Գրիգորյանի  կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու համար։

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:
Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում, երբ հիշեցնենք, ԵԿՄ Էջմիածնի բաժանմունքի ղեկավարը Կարեն Գրիգորյանի եղբայր Արման Գրիգորյանն էր, որը հիմա հետախուզման մեջ է։

Մանվել Գրիգորյանին մոտ մի անձ ասաց, որ անկեղծ տարակուսում է, քանի որ ամեն անգամ Մանվել Գրիգորյանի ու նրա թիկնապահների հետ Ֆրանսիա գնալիս՝ մշտապես կանգնած են եղել թիկնապահների համար դեսպանատուն աշխատանքի տեղականք ներկայացնելու խնդրի առաջ։ Ուրեմն ինչւո՞ւ չէին թիկնապահներին որևէ տեղ գրանցում։

Զրուցեցինք նաև ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի ղեկավար Մաթևոս Ներսիսյանի հետ, որը այս գործի շրջանակներում պատասխանել է ԵԿՄ-ում աշխատող, բայց քաղաքապետարանի պահակ և պահակ-վարչության պետերի մասին ՔԿ հարցմանը։ «Տեղեկացրել եմ, որ ստեղ 2 հոգի կան, որ գրանցված են եղել ուրիշ տեղ ինչ-որ, աշխատավարձ են ստացել։ Ասել եմ, որ իմ ժամանակ ըտենց պահակ չի էլել։ Կար մի հատ Մարկոս, որին ես երկու ամիս առաջ հեռացրել եմ։ Բայց դակումենտացիայով գրանցումներ չեն եղել։ Բոլորը ԵԿՄ-ում աշխատելիս են եղել հասարակական հիմունքներով»։

Ի դեպ, հարցին, թե ի՞նչ վիճակում է ընդունել, պարոն Ներսիսյանն ասաց․ «Մենք առանց որևիցե բանի կառույցը վեկալել ենք։ Եկել ենք, ժողով ենք արել, պայքարել ենք ընդդեմ իրանց ու մենք նստել ենք։ Այ տենց։ Հեղափոխության ժամանակ։ Աուդիտ արել են, վերևից են արել, մեր մոտ ոչ մի բան չկա։ Լրիվ դատարկ է թողած եղել։ Մենակ շենքն՝ իրա ամեն ինչով»։