Քանի ադրբեջանցի է ժամանելու Երևան․ «Պատրաստ ենք ապահովելու բոլորի անվտանգությունը»

Քանի ադրբեջանցի է ժամանելու Երևան․ «Պատրաստ ենք ապահովելու բոլորի անվտանգությունը»

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, ինչպես հայտնի է, կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ից 23-ը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ:

Այսօր Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է իր մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը։ Հայտնի է դարձել, որ Երևան են ժամանելու ադրբեջանցի 5 ծանրորդներ։ 

«2023 թվականին ամենակարևոր հանրային իրադարձություններից մեկը լինելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում կտեղադրվի առաջնության հետհաշվարկի ժամացույցը: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար, ինչը մեծացնում է հետաքրքրությունը այս մրցաշարի նկատմամբ: Հայաստան են գալու Եվրոպայի ամենաուժեղ մարզիկները»,- թեմայի վերաբերյալ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։

«Ցանկացած նման մեծ միջոցառումներ անցկացնելու հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր երկիր երաշխավորում է տվյալ մայրցամաքի ֆեդերացիաների անվտանգ և անխոչընդոտ մասնակցությունը տվյալ մրցաշարին: Պատրաստ ենք հավատարիմ մնալ մեր խոստումներին և ապահովել բոլորի մասնակցությունը: Մենք պարտավորվում ենք հյուրընկալել բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցության հայտ ներկայացնելու իրավունք ունեն։ Մեր հայտարարած պայմաններն ապահովելու ենք: Պատրաստ ենք հյուրընկալել բոլորին, այդ թվում՝ Ադրբեջանին», - ասել է նա։