Արմաշից, Ավշարից, տարբեր գյուղերից ճանապարհին մարդկանց մեծ խումբ է մեզ միացել

Արմաշից, Ավշարից, տարբեր գյուղերից ճանապարհին մարդկանց մեծ խումբ է մեզ միացել

Երեկ ապրիլի 26-ին Տիգրանաշենից դեպի Երևան մեկնարկեց ընդդիմադիրների կազմակերպած երկրորդ քայլերթը։ Երկու օր առաջ էլ մի խումբ ընդդիմադիրներ Իջևանից էին սկսել երթ դեպի Երևան։ Hraparak.am-ը քիչ առաջ զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։

«Այսօր մենք Սուրենավանում տարբեր հանդիպումներ ունեցանք։ Մարդիկ մեզ  ընդառաջ եկան, հյուրասիրեցին։ Եվ հիմա՝  նրանց հետ զրույցից հետո, ուղղակի առաջ ենք շարժվում ընդհանուր մայրուղով։ Այն բոլոր հատվածներում, որտեղ գյուղեր կային, մարդիկ միանում էին։ Արմաշից, Ավշարից  մեծ մարդկանց խումբ է մեզ միացել, ովքեր մեր գաղափարակից ընկերներն են, ովքեր պատրաստ են պայքարի դուրս գալ մեզ հետ միասին։ Այս պայքարը պետք է ավելի մեծ թափ ստանա մայիսի 1-ից։ Մարդիկ դուրս եկան, մեզ հյուրասիրեցին, մեզ հետ իրենց գաղափարներով կիսվեցին և իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեզ հետ շարունակել պայքարը, որը վճռական է լինելու և որը պսակվելու է մեր հաղթանակով»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Մեր այն հարցին, թե ճանապարհներին եղե՞լ են արդյոք դեպքեր, որ մարդիկ խանգարեն իրենց երթն ու դժգոհություններ արտահայտեն, Աննա Գրիգորյանն ասաց, որ այդ ամբողջ ընթացքում որևէ մարդ չեն տեսել, ով այլ կարծիք կհայտնի։

«Անկեղծ պետք է ասեմ, որ ճանապարհներին մեզ հանդիպած մարդիկ, անգամ, նրանք, ովքեր մեքենաներով էին, դրական էին արձագանքում, մեքենաներից էլ ազդանշաններով  էին մեզ ողջունում։ Շատ մեծ քանակությամբ մարդիկ կային, որ մեզ հետ ուղղակի խոսում էին, մոտենում էին, ջուր էին տալիս։ Ովքեր, որ հետևում են մեր երթուղուն, մեզ սառը ջուր, քաղցրավենիք են բերում տալիս։ Մարդիկ, մարդկայնորեն և որպես գաղափարակիցներ իրենց աջակցությունն են հայտնում։ Երբ երեկոյան մի տեղ նստում ենք, խարույկ ենք վառում, մոտենում են, միասին քննարկումներ ենք անում, խոսում մեր երկրի ապագայի մասին, այն ապագայի, որը ոչ թե այս իշխանությունների պատկերացումներում է, այլ իսկական ապագայի, որը խաղաղություն է բերելու և ազգային արժանապատվությունը չի նսեմացնելու։ Իհարկե, կան նաև մարդիկ, ովքեր համաձայն չեն մեզ հետ և դեմ են մեր նախաձեռնությանը, դա իրենց որոշումն է»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե Տիգրանաշենից մինչև այս պահին Սուրենավան հասնելը, որքան մարդ է միացել իրենց  նախաձեռնած ակցիային, վերջինս նշեց, որ տարբեր համայնքներից իրենց են միացել մոտ 100-ից ավել մարդ։

«Քանի որ քայլերթն իրականացվում է օրվա ընթացքում, իսկ մարդիկ աշխատանքի են լինում, հատկապես երեկոյան են միանում։ Երբ նստած ենք լինում հանգստանալու, տասնյակ ընտանիքներ գալիս են և իրենց զորակցությունն են մեզ հայտնում։ Ասում են, որ մեր կողքին են և պատրաստ են մինչև վերջ կանգնել մեր կողքին, որովհետև սա մեր բոլորիս գաղափարի համար պայքար է։ Այնպես, որ մեր քայլերթը շարունակում ենք այս պահին։ Տարբեր գյուղերից մարդիկ, ովքեր հետևում են մեզ, կապի մեջ են մեզ հետ։ Մարդիկ գրում են, որ այս համայնքից կմիանան, կամ այնտեղ պարզապես կողջունեն, քանի որ չեն կարող քայլերթի մասնակցել։ Բավականին ակտիվ ներգրավվածություն կա մեր քաղաքացիների մոտ, որը իսկապես ոգեշնչող է, հույս է տալիս բոլորիս։ Եվ ես համոզված եմ, որ այս պայքարը հաղթանակով է պսակվելու»,- ասաց պատգամավոր Աննա Գրիգորյանը։