Մեռնեմ ձեռներիդ, Փաշինյան, քո դուխը ոչ ոք չունի

Մեռնեմ ձեռներիդ, Փաշինյան, քո դուխը ոչ ոք չունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Փաշինյանի այցի նպատակը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելն էր: Այցի շրջանակում Պրահայում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Հանդիպումից րոպեներ անց հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ հստակ երեւում էին թշնամի պետությունների ղեկավարների հաղթանակած եւ խրոխտ կերպարներն ու Հայաստանի վարչապետի, արտաքին գործերի նախարարի խեղճացած, ընկճված, վախեցած կեցվածքը: Այստեղ են ասել` դրսում իրենց են «հոշոտում», ներսում իրենք են մեզ «հոշոտում»: Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ նման հանդիպման է մասնակցում Հայաստանից դուրս, տպավորություն է ստեղծվում, թե սա ուրիշ Փաշինյան է, միանգամայն այլ` անհատականություն, ով չունի ամբիցիաներ, չի ճղճղում, մատ թափ չի տալիս, չի սպառնում եւ, որ ամենակարեւորն է` միջազգային հանրության «աչքը չի մտցնում» իր բացառիկ լինելը: Չնայած Նիկոլ Փաշինյանի պարտվողական, խեղճուկրակ քաղաքականությանն ու կերպարին, նրա քաղաքական «մուրացկանությանը», դեռ կան մարդիկ, ովքեր նրան համարում են «դուխավիկ», բացառիկ ուժի տեր փրկիչ, հզոր, ինչու ոչ՝ նաեւ հերոս: Մենք ծաղկաքաղ արեցինք, թե Պրահայում հրապարակված տեսանյութի տակ, որը տեղադրել էր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, ինչպիսի «ձոներգեր» էին գրել մի շարք ֆեյքեր եւ իրական օգտատերեր:

Օգտատեր Վիգեն Ծատրյանը գրել է. «Մեր դուխով վարչապետը»:

Աննա Վարդանյանը գրել է. «Նիկոլ անկոտրելի»:

Օգտատեր Արայ Աննա․ «Մեռնեմ ձեռներիդ, Փաշինյան։ Քո դուխը ոչ ոք չունի։ Առաջ՝ դեպի մեր երազած ՀԱՅԱՍՏԱՆ»:

Վարչապետի աջակից հեղափոխական օգտատերը, ով, հավանաբար, Տարոն Չախոյանի ֆեյքերի ՊՈԱԿ-ի արբանյակներից է, գրել է. «Մեր հզոր առաջնորդ, մեծն առաջնորդ Փաշինյան Նիկոլ»:
Ռուզաննա Մարգարյան. «Վարչապետ ջան, մենք Ձեզ անվերապահորեն հավատում եւ վստահում ենք եւ համոզված ենք՝ ինչ որոշում էլ կայացնեք, այդ ամենը կլինի ի շահ ժողովրդի։ Մենք տեսնում ենք, թե ինչ գերբնական ճիգեր եք գործադրում առանց զիջումների խաղաղության հասնելու համար։ Անկոտրելի, խելացի ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ իմ վարչապետ ջան, ԱՍՏՎԱԾ ուժ ու կարողություն տա՝ այս ծանր վիճակը հաղթահարելու համար»:

Օգտատեր Ալինա Բաղրամյան. «Աստված մտքիդ ուժ տա, վարչապետ ջան։ Շնորհակալ եմ Մակրոնին՝ շատ հարազատի պես ա վերաբերվում քեզ։ Ով մեր ազգի լավն ա ուզում, աստված իրանց թիգունքին լինի»:

Վերա Հակոբյանը գրել է. «Ողջունում ենք բանակցության սեղանի շուրջ նստած հարգարժան Պետական այրերին… «Նախընտրելի է թերի խաղաղությունը, քան ոմանց կողմից հրահրված լավ պատերազմը»… Երկիր մոլորակի վրա մարդն է որոշում միանշանակ»:
Բացասական մեկնաբանությունները եւս քիչ չէին Փաշինյանի հրապարակման տակ: Օրինակ,

Արմինե Միքայելյանը գրել է. «Ալիեւը հայտարարում է, որ Նիկոլը ոչինչ չի կարող ասել ու անել Արցախի բնակչության հետ կապված, թե ինչ է լինելու նրանց հետ, Նիկոլը ոչինչ չի հակադարձում։ Միգուցե մի հայտարարությո՞ւն անեք։
Էս ի՞նչ արեցիք հայ ազգի գլխին։ Արցախը Ադրբեջան չէ՜, հասկացա՞ք, Արցախը Ադրբեջան չէ»։

Օգտատեր Դավիթ Գրիգորյանը «Գիժը՝ Եվրոպայում» ամփոփ մեկնաբանություն է թողել։

Քրիստինե Գեւորգյանը գրել է. «Նիկոլին քվե տվողներ, նայեք փողի դիմաց ում եք ծախվել եւ ում քվե տվել։ Հիմա հասկացա՞ք՝ ինչու նիկոլը կեղծ 44-օրյա պատերազմ կազմակերպեց։ Հանուն սրա, որտեւ Թուրքիայի հետ մտերմանալու գլխավոր նախապայմանը Արցախն Ադրբեջանին հանձնելն էր»։

Վարչապետի հասցեին նաեւ բազմապիսի հայհոյանքներ կային ու անեծքներ: Նկատենք նաեւ, որ Փաշինյանի աջակիցներից շատ-շատերն էլ Աստծուց էին օգնություն խնդրում, աղոթքներ գրում, փրկություն խնդրում Աստծուց եւ այլն: Մարդիկ անգամ չեն հասկանում, որ Աստված հրաշագործ չէ, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը փրկիչ չէ, եւ որ Աստված չի տալիս մարդուն այն, ինչ նա ուզում է, այլ տալիս է այն, ինչին մարդն արժանի է….