Իշխանությունների թե անգիտությունից, թե անգրագիտությունից, թե դավաճանությունից վտանգ եմ տեսնում

Իշխանությունների թե անգիտությունից, թե անգրագիտությունից, թե դավաճանությունից վտանգ եմ տեսնում

Հայաստանյան վերջին իրադարձությունների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Զոլյանի հետ։ 

- Պարոն Զոլյան, ինչ եք կարծում՝ ո՞ւմ ձեռքերում է այսօր Արցախի ճակատագիրը։

- Ցավոք սրտի, այսօր Արցախի ճակատագիրը որոշվում է ոչ թե Երևանում, այլ միգուցե, Մոսկվայում, Անկարայում, բայց իմ կարծիքով, ավելի ճիշտը՝ Դոնբասում։ Այս առումով Հայաստանն այլևս ի վիճակի չէ կարգավորել այս հարցը, և, բնականաբար, Փաշինյանի ասածները շատ քիչ բան են նշանակում, բացի իր իշխանությանը մնալու մոլուցքից։ Այնքան էլ մեծ նշանակություն չեմ տալիս Փաշինյանի ասածներին։ Պետք է ավելի լուրջ մտածել, թե ինչ է լինելու Արցախի ապագայի հետ, և ինչ տարբերակներ կան։ Ոչ թե մեր ցանկություններով ղեկավարվել, այլ իրականության մեջ։ Իսկ իրականությունն այնպիսին է, որ այսօր այն Հայաստանը, որն այսօր կա, ի վիճակի չէ երաշխավորել Արցախի անվտանգությունը որևէ անկախ կարգավիճակից։ Ուստի պետք է մտածենք, ինչ հնարավոր տարբերակներ կան, որ Արցախը կարողանա գոյատևել և չդառնա Ադրբեջանի մաս։

- Ինչու 90-ականների որոշ պատգամավորներ, որոնք այն ժամանակ պայքարում էին Արցախը Հայաստանին միացնելու համար, այսօր լծված են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու գործընթացին, և տառ առ տառ, բառ առ բառ կրկնում են երկրի վարչապետի ամեն խոսքը։

- Եթե նկատի ունենք Վիգեն Խաչատրյանին, ապա նա Լևոն Տեր-Պետրոսյանի մի գրպանում է, մեղմ ասենք, և անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում Լևոն Տեր – Պետրոսյանը։ Եվ այդ պատճառով է, որ իրեն հեռացրեցին Ռամկավար ազատական կուսակցությունից։ Հովիկ Աղազարյանն էլ, չեմ կարծում, խոսում է այն, ինչ մտածում է իրականում, նա պարզապես ծաղրածուի դեր է կատարում։

- Երկար ժամանակ է, ինչ շրջանառվում են լուրեր, որ Արցախն այսօր չէ որ հանձնվել կամ վաճառվել է թշնամուն։ Ինչ եք կարծում՝ ինչու են այսպես արտահայտվում։

- 90-ականների սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանը, և առհասարակ մինչև 90-ականների ընտրությունները՝ Վանո Սիրադեղյանը, դրա մասին խոսում էր։ Ասում էր, որ չի կարելի թույլ տալ, որ պոչը ղեկավարի մարմնին, այլ գլուխը պետք է ղեկավարի մարմնին։ Ես հիշում եմ այդպիսի խոսակցություններ, ինչ-որ չափով ավելի նուրբ Լևոն Տեր-Պետրոսյանից և, այսպես ասած, բոլոր վանոյականներից։ Դրանց թվում էր նաև Խաչատուր Սուքիասյանը, ով առավել հայտնի է «Գռզո» մականունով։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանը, ով նրանց աշակերտներից և մանկլավիկներից էր։ Եվ բնական է, որ այդ ծրագիրը կար։ Հիմա փաստաթղթի ձևով է եղել, թե ինչպես՝ ես տեղեկություններ չունեմ։ Բայց կարծում եմ, որ այսօր նախ և առաջ պետք է ետ նայել, տեսնել, թե Արցախում ինչ է կատարվում։ Գտնում եմ, որ Արցախը նախ և առաջ պետք է ունենա իր առաջնորդը, որի հետ հնարավոր է և խոսել, և վստահել։ Նրան պետք է վստահեն ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում։ Սա շատ կարևոր եմ համարում։

- Մինչեւ ապրիլի վերջը ձևավորվող դելիմիտացիոն հանձնաժողովը սահմանազատման նախապատրաստական աշխատանքներ պետք է սկսի սահմանին։ Ի՞նչ սպասել։

- Տեսականորեն հնարավոր է, որ այդ աշխատանքները տարբեր հարթություններում անցկացվեն։ Ես Հայաստանի դելիմիտացիայի հնարավորությունը չեմ տեսնում։ Մեկ տարի է, ինչ այդ խոսակցությունները կային, բայց ոչ մի քայլ չի արվում, և չի էլ արվի։ Որովհետև դա բավականին լուրջ գործընթաց է և ոչ միայն նախապատրաստական աշխատանքներ է պահանջում, այլ որոշակի համագործակցություն համապատասխան պետական մարմինների միջև։ Օրինակ, Վրաստանի հետ մենք այդպիսի խնդիրներ չունենք, բայց մինչև հիմա այդ դելիմիտացիան պաշտոնապես չի արվել։ Ուստի սպասել, որ մի ամսից դա կլինի, չեմ հավատում։ Ես այլ վտանգավոր բան եմ տեսնում այստեղ, ոչ թե դելիմիտացիա՝ բուն որպես տեխնիկական գործընթաց, այլ այսպես կոչված անկլավների խնդիրը, որ Խորհրդային Հայաստանի տարածքում կային որոշակի տարածքներ, որոնք վարչականորեն ադրբեջանական խորհրդային հանրապետության ենթակայության տակ էին։ Հանկարծ այդ խնդիրը չդարձնեն օրակարգ, որովհետև դա լրիվ այլ է։ Այն անկլավները՝ Ադրբեջանի ոչ թե պետական, այլ վարչական հսկողության տակ էիքն և բնական է՝ անկախ պետությունների դեպքում այդ ամենը պիտի փոխվի։ Այսօրվա իշխանությունների թԵ անգիտությունից, թե անգրագիտությունից, թե դավաճանությունից, համենայնդեպս ես այդ վտանգը տեսնում եմ։

- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր խորհրդարանական ընդդիմությունն ակցիաներ է իրականացնում։

- Ընդդիմությունն իր գործն է անում, իր պարտականությունն է դա անել։ Նախ և առաջ ընդդիմությունը պետք է պատկերացնի, թե որտեղ է Արցախի ճակատագիրը լուծվում և հասկանա, որ դա բոլորովին էլ կախված չէ Նիկոլ Փաշինյանից։ Նա ի վիճակի չէ այդ հարցին լուծում տալ։ Բայց դա չի նշանակում, որ չպետք է պահանջեն Փաշինյանի հրաժարականը։ Արցախի խնդիրը չպետք է կապել Փաշինյանի հետ։ Նա կարող է խանգարել դրա լուծմանը, բայց որոշիչ դեր չունի։ Մենք պետք է հասկանանք, թե Արցախին ինչ է սպասվում միջազգային համատեքստում։ Նախ իրավիճակը Արցախի ներսում, Արցախը ինչին է պատրաստվում և ինչ միջազգային համատեքստում կարելի է դա իրականացվել։