ԱԺ-ում հանդիպումներ են ունենում, բայց դեռ՝ ոչ բովանդակային

ԱԺ-ում հանդիպումներ են ունենում, բայց դեռ՝ ոչ բովանդակային

Վերջին շրջանում քաղաքացիական հասարակության մի քանի ակտիվ ներկայացուցիչներ՝ Դանիել Իոաննիսյանը, Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը, այցելում են Ազգային ժողով եւ քննարկումներ ունենում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականների հետ։ Քննարկման թեման օրենսդրական փոփոխություններն են՝ Ընտրական օրենսգրքի, Սահմանադրության որոշ դրույթների եւ այլն։ Նպատակը նաեւ անցումային արդարադատության ներդրումն է, որի ջատագովն են ՀԿ-ները։

Դանիել Իոաննիսյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպումները գաղտնի չեն, ավելին՝ մարտի 1-ին էլ իրենք ԱԺ-ում հանդիպել են «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։ 

«Ճիշտն ասած՝ դեռեւս տենց քննարկումներ չկան, մակերեսային, ոտքի վրա քննարկումներ, բայց ո՛չ բովանդակային։ Այսինքն՝ ինչպես կազմակերպել պրոցեսը, ինչ ճանապարհով ընթանալ, ինչպես անել, որպեսզի հանրային ներգրավվածություն ապահովվի եւ այլն։ Էդ ուղղությամբ ոտքի վրա ինստիտուցիոնալ խոսակցություններ կան, բայց բովանդակային քննարկումներ՝ կապված Ընտրական օրենսգրքի կամ, առավել եւս, Սահմանադրության հետ, ճիշտն ասած, չկա»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։ Նա նշեց, որ «ինստիտուցիոնալ» հանդիպում այդ մեկն է եղել, բայց իրենք՝ ՀԿ-ներով, մոտ երկու ամիս առաջ ուղարկել էին իրենց կազմած «Պետության վերականգնման ճանապարհային քարտեզը» բոլոր 3 խմբակցություններին՝ առաջարկելով հանդիպել, բայց դեռ միայն «Իմ քայլը» ֆրակցիան է առաջարկել հանդիպել եւ քննարկել։ Մի հանդիպում էլ ունեցել են Անվտանգության խորհրդի անդամների հետ։

- Ի՞նչ է մտնում այդ ճանապարհային քարտեզի մեջ։

- Շատ բան։ Դա հրապարակային փաստաթուղթ է ու մեծ փաստաթուղթ է, թե ինչպիսի բարեփոխումներ ենք մենք պատկերացնում շատ ոլորտներում՝ ներքին գործերի նախարարության ստեղծումից մինչեւ կրթության ոլորտի ռեֆորմներ։

- Մենք տեղեկացանք, որ ԱԺ-ում հանդիպումներ եք ունենում նաեւ Արարատ Միրզոյանի խորհրդականների հետ։ 

- Դե, ճիշտն ասած, Արարատ Միրզոյանի աշխատակազմը, դա, ըստ էության, շատերն էն մարդիկ են, որոնք որ իր աշխատակազմում էին Միրզոյանի՝ փոխվարչապետ եղած ժամանակ։ Նու, էդ մարդկանց հետ թեթեւակի հանդիպում եղել է, որովհետեւ մենք միասին էինք կազմակերպում պրոցեսը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների։ Հիմա էլ ԱԺ-ում ենք նրանց հետ հանդիպում, բայց դա դեռեւս մտքերի փոխանակության մակարդակի վրա է, որեւիցե բովանդակային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի բովանդակության, Սահմանադրության բովանդակության վերաբերյալ, չկա։

- Իսկ ինչի՞ վերաբերյալ եք կատարել այդ մտքերի փոխանակությունը։

- Շատ բաների։ Ավելի շատ հետեւյալն է՝ քննարկվում է, թե որն է հարցերի շրջանակը, եւ ավելի շատ քննարկվում է, թե ինչպես սկսել քննարկումները։ Հույս կա, որ հաջորդ հանդիպումը կլինի մի քիչ ավելի բովանդակային, կհասկանանք՝ ոնց ենք կազմակերպում բովանդակային քննարկում, ու արդեն կսկսեն բովանդակային քննարկումները տարբեր ռեֆորմների վրա, որովհետեւ ռեֆորմներ կան, որ կարեւոր են։

- Իսկ որո՞նք են կարեւոր։

- Օրինակ՝ հակակոռուպցիոն ռեֆորմը, իմ կարծիքով, շտապ ա։ Իմ կարծիքով՝ շտապ ա որոշակի առումով տեղեկատվության ազատության ռեֆորմը, որովհետեւ էնտեղ լուրջ խնդիրներ կան, մասնավորապես, օրինակ, պարգեւավճարների թափանցիկությունը։ Թափանցիկության բացակայությունը մտահոգում ա։ Ընտրական օրենսգրքի ռեֆորմը, որ ասեմ՝ շատ շտապ ա, չէ, որովհետեւ ընտրություններ առաջիկայում չկան, բայց էդ էլ, իհարկե, պետք ա արվի։ Ես ենթադրում եմ, որ ամեն դեպքում Սահմանադրության որոշակի կարգավորումներ կան, որոնք պետք է փոխվեն։ Մեդիա ռեֆորմը պետք ա արվի, որ ի վերջո հստակեցվի, թե ով ա լրատվամիջոց, իսկ ով՝ ոչ։ Ովքեր որ նորմալ լրատվամիջոց են, նկատի ունեմ՝ գրանցված եւ օրենք հարգող, այդ լրատվամիջոցները, իմ կարծիքով, պետք է ինչ-որ արտոնություններից օգտվեն եւ այլն։ Այսինքն՝ շատ բաներ կան, որոնք պետք ա անել։ Հիմա Դուք էլ լրատվամիջոցի ներկայացուցիչ եք, Դուք էլ գիտեք՝ լրատվամիջոցներն ինչ խնդիրներ ունեն։