էս պահին քաղաքը կառավարող ուժը «Բալասանյան դաշինքն» է միանձնյա․ ավագանու անդամ

էս պահին քաղաքը կառավարող ուժը «Բալասանյան դաշինքն» է միանձնյա․ ավագանու անդամ

«Քաղաքացիական պայմանագրի»՝  «Բալասանյան դաշինքի» հետ հուշագիրը խզումից հետո Գյումրիում քաղաքական դաշտը շարունակում է լարված եւ անորոշ մնալ: Ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո , Իրաքի դեսպանի պաշտոնից հետ կանչվեց նախկին քաղաքապետի՝ Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, իսկ ավագանու վերջին նիստին  «Քաղաքացիական պայմանագիր»-ը տապալեց Գյումրի համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատումը: Տարեվերջին Գյումրու ավագանու արտահերթ նիստին, ինչպես սպասվում էր, ՔՊ-ն դեմ քվեարկեց բյուջեի հաստատմանը, իսկ մյուս երկու խմբակցությունները՝ «Զարթոնքն» ու «Ապրելու երկիրը»՝ ձեռնպահ, կողմ քվեարկեցին միայն «Բալասանյան դաշինքն» ու ՀՀԿ-ն, ինչը բավարար չէր նախագածի հաստատմանը: Խմբակցությունները միայն կողմ քվեարկեցին փոխքաղաքապետերի պաշտոնում «Բալասանյան դաշինքի» առաջադրած երկու թեկնածուներին : Ինչու տապալվեց բյուջեն, ինչու ձեռնպահ քվեարկեցին, hraparak.am-ի հետ զրույցում Գյումրի համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը ընդգծեց, որ իրենք նախորդ տարիներին էլ են բյուջեի հաստատմանը ձեռնպահ քվեարկել:

«Իրականում, ես փոխքաղաքապետերի, բաժնի պետերի աշխատանքից ազատվելը գնահատեցի ճգնաժամ, բայց, իհարկե, կառավարելի ճգնաժամ: Երբ մեր հանդիպումներին փորձում էինք ճշտել, թե ինչ միջոցներ են ձեռնարկում, որ չխորանա այդ ճգնաժամը, հավաստիացնում էին, որ առաջնահերթ մտադրվել են նշանակել համայնքի ղեկավարների տեղակալներին, հետագայում՝ բաժնի պետերին եւ մյուս աշխատակիցներին։ Վերջին ավագանու նիստին եւ տեղակալների ընտրությունն էր,  եւ 2024թ-ի բյուջեն քննարկվեց, «Ապրելու երկիրը» տեղակալների ընտրությանը կողմ քվեարկեց այն տրամաբանությամբ , որ պատասխանատվությունը ստանձնում է մեկ թիմ , եւ արդյունքում չի լինի այնպիսի իրավիճակ, որ չկատարված աշխատանքի համար մեկը մյուսին մեղադրեն, քանի որ ինչպես ասացի, կա մեկ թիմ, որի վրա է պատասխանատվությունը: Կոնկրետ բյուջեի հետ կապված, որ չհաստատվեց. նախ ես գտնում եմ, որ բյուջեն մեկ օրվա կազմվող ֆինանսական փաստաթուղթ չէ եւ հաշվի առնելով ծրագրերը, որոնք ներկայացվել են ողջ տարվա ընթացքում, կատարված եւ չկատարված աշխատանքները, եւ այդ մեկ տարում « Բալասանյան դաշինքն»  ու ՔՊ-ն համատեղ կառավարել են , այս դեպքում պատասխանատվությունը երկուսինն էր, իսկ մենք ձեռնպահ քվեարկեցինք, մեր քվեարկության արդյունքում չէր, որ բյուջեն չհաստատվեց, նշեմ, որ ընդամենը 6 ավագանի է ձեռնպահ քվեարկել։ Հիմա էս պահին քաղաքը կառավարող ուժը «Բալասանյան դաշինքն»  է միանձնյա, մեր կողմից ներկայացվել են որոշակի դիտողություններ եւ նկատառումներ, եթե հաշվի կառնվեն, կքննարկվեն եւ համապատասխան գնահատական կտրվի։ Հավելեմ, որ «Ապրելու երկիրը» 2021-ին էլ է ձեռնպահ քվեարկել, 2022-ին ոչ մի անգամ կողմ կամ դեմ չենք եղել» ,- , hraparak.am-ին ասաց Մալխասյանը: