Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Հինգերորդ

Հայկական կինոյի հարյուր տարին․ Մաս Հինգերորդ

Հայկական խոսուն կինոյի զարգացումը նշանավորվեց ստեղծագործական փայլուն հաղթանակով՝ Գաբրիել Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա ստեղծված «Պեպո» կինոնկարով, որը էկրան է բարձրացել 1935 թվականին։ Մեկ տասնամյակից ավելի կուտակցված գեղարվեստական-գաղափարական փորձը, տեխնոլոգիական նոր հայտնագործությամբ՝ խոսուն կինոյի հնարավորություններում զուգորդված, թույլ տվեց ստեղծելու այնպիսի մի կինեմատոգրաֆիական ստեղծագործություն, որում վառ կերպով արտահայտվեցին հայկական կինոարվեստի բոլոր յուրահատկությունները։ 

Ռեժիսորն ու սցենարի հեղինակը Համո Բեկնազարյանն էր, ով չխաթարելով «Պեպոյի» գլխավոր միտքը, հարստացնում է այն նոր տեսարաններով ու պերսոնաժներով։ Կինեմատոգրաֆիական արտահայտչականությամբ այս ժապավենում պատկերվում է պիեսում ներկայացված ժամանակահատվածի իրականությունը՝ իր սոցիալական հակասություններով, որի համատեքստում արդեն ընդգծվում է աշխատավոր մարդու պայքարն ընդդեմ շահագործող դասակարգի ներկայացուցչի։ 

Կինոնկարի ստեղծման համար հավաքվում է փայլուն դերասանական կազմ։ Պեպոյի կերպարը մարմնավորում է Հրաչյա Ներսիսյանը, Կակուլիի դերում Մալյանն է, կինտոյի դերում՝ Գաբրիելյանը, Դուլուլի դերում՝ Գուլաքյանը, Շուշանի դերում՝ Հասմիկը, Գիքոյի դերում՝ Ավետյանը, Կեկելի դերում Մախմուրյանը, Զիմզիմովի կերպարը մարմնավորել  Ավետ Ավետյանը, Դարչոյին էլ մերմնավորել է Համբարձում Խաչանյանը։ Այս կինոնկարում առաջին անգամ կինոերաժշտություն է գրում Արամ Խաչատրյանը։ «Պեպոյի» երաժշտությունն աչքի է ընկնում իր ոգեկանությամբ, հասնում մինչեւ Սայաթ Նովա իր արմատներով եւ հայկական քաղաքային երաժշտական ֆոլկլոր։

Կինոնկարը ցուցադրվել է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, բազմաթիվ արտասահմանյան երկրներում։ «Պեպոն» եթե  դիտարկենք որպես դասակարգային պայքարն արտացոլող կինոժապավեն, ապա բնական է, որ խոսուն կինոյի ծնունդից հետո, հայկական կինոարվեստը չէր կարող շրջանցել այսպես ասած՝ պետության համար առաջնահերթ համարվող թեմաներից եւս մեկը եւ չստեղծել պատմա-հեղափոական կինոնկար։ 

Այս ժանրում արդեն առաջին խոսուն հայկական կինոնկարը «Կարոն» է՝ նկարահանված 1937 թվականին, ռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանի կողմից։ Հեղափոխական ռոմանտիզմով արբեցած ժամանակի հասարակության համար այն դառնում է ամենից ընդունված, իսկ ժամանակի երիտասարդության համար՝ ամենից սիրված կինոնկարը։ Այս կինոնկարում առաջին անգամ հայկական կինոյում ի հայտ է գալիս բոլշեւիկի կերպարը։ Սակայն հայկական խոսուն կինոյում, պատմա-հեղափոխական ժանրում ամենից նշանակալին թերեւս «Զանգեզուր» կինոնկարը պետք է համարել, որը նկարահանվել է 1938 թվականին։ 

Համո Բեկնազարյանն իր այս կինոնկարում կարողանում է ժամանակի քաղաքական-պետական պահանջներին համապատասխան, առավել արտահայտիչ կերպով ստանալ ապստամբած ժողովրդի կերպարը։ Միաժամանակ նաեւ՝ հայկական կինոյում արդեն մուտք գործած կոմունիստի կերպարը դառնում է կենտրոնական տեղ զբաղեցնող։ Նույն 1938 թվականին էկրան է բարձրանում «Սեւանյան ձկնորսները», որը նույնպես դասվում է պատմա-հեղափոխական կինոնկարների շարքին։ 

Պատմա-հեղափոխական ժանրի հաջորդ կինոնկարը Ստեփան Կեւորկովի «Լեռնային արշավն է՝ էկրան բարձրացած 1939 թվականին, որը ամրապնդում է հայկական կինոյի ստեղծագործական հաջողությունները։ 1940 թվականին արդեն «Հայ կինոն» թողարկում է Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսի հիման վրա նկարահանված «Քաջ Նազարը»։ Թեեւ ընտրված էր շատ լավ գրական ստեղծագործություն եւ կինոնկարի ստեղծմանը մասնակցում էին ժամանակի ամենալավ դերասանները, սակայն «Քաջ Նազարը» գրական գործի համեմատությամբ, ավելի թույլ է ստացվում եւ սատիրան, որը արտահայտված էր գրական գործում, ամբողջապես չի բացահայտվում կինոնկարում։ 

(շարունակելի) 

Արամ Յանին