Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով դիմումը՝ ICO-ում

Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով դիմումը՝ ICO-ում

Սկիզբը՝ «Արմեն Սարգսյանը ՄԹ քաղաքացի էր ե՛ւ 2012-ին, ե՛ւ 2013-ին, ե՛ւ 2014-ին», 01.03.2021թ., եւ «Արմեն Սարգսյանը թերեւս ՄԹ քաղաքացի էր 2019-ին, նաեւ այսօր», 07.04.2021թ. հոդվածներում

Դիվանագիտական նպատակահարմարությունից ելնելով 

ՄԹ Home office-ից 2019-ի հունվարին ուղարկված պատասխանը մոտ երեք էջ ծավալ ուներ: Նամակագրությունն ամբողջությամբ՝ «Արմեն Սարգսյանը թերեւս ՄԹ քաղաքացի էր 2019-ին, նաեւ այսօր» հոդվածին կից, հրապարակել ենք «Հրապարակի» կայքում: Բնականաբար, այդտեղ գրված յուրաքանչյուր պարբերություն էլ արժեք եւ նշանակություն ուներ, բայց քվինտ-էսսենցիան հետեւյալ հատվածն էր. “I consider that section 27(4) (international relations) of the FOIA should also have been applied. The duty to confirm or deny whether information is held does not arise if to do so would, or would be likely to, prejudice relations between the United Kingdom and any other State, the United Kingdom and any international organisation or international court, the interests of the United Kingdom abroad, or the promotion or protection by the United Kingdom of its interests abroad. Arguments for and against confirmation or denial in terms of the public interest in relation to section 27, with the reasons for our conclusion, are set out in Annex D”.

Թարգմանաբար. «Ես կարծում եմ՝ FOIA-ի 27-րդ (4) միջազգային հարաբերություններ բաժինն էլ (FOIA-ն ՄԹ Տեղեկատվության ազատության մասին օրենքն է) այստեղ պետք է կիրառվի: Տեղեկություն հաստատելու կամ հերքելու պարտավորություն չի առաջանում, եթե դա անելը կարող է կամ թվում է, թե կարող է վնասել որեւէ այլ երկրի, միջազգային կազմակերպության կամ միջազգային դատարանի հետ Միացյալ Թագավորության հարաբերություններին, արտերկրում ՄԹ շահերին կամ ՄԹ-ի կողմից արտերկրում իր շահերն առաջ մղելուն եւ պաշտպանելուն: Հաստատելուն կամ հերքելուն թեր եւ դեմ փաստարկները հանրային շահի տեսակետից, երբ 27-րդ բաժնի հետ գործ ունենք, տրված են D հավելվածում` մեր եզրակացության հիմնավորումներով հանդերձ»:     

Ինչպես տեսնում ենք, Home Office-ից բաց տեքստով ասվում էր, որ Սարգսյանի քաղաքացիության կարգավիճակը չեն հստակեցնում դիվանագիտական նկատառումներից ելնելով: Ընդսմին, դա ասվում էր բոլոր առնչվող փաստաթղթերը քննելուց հետո եւ իմ երեք փաստարկներից երկուսին առհասարակ չառարկելով: Այդ թվում՝ այն որոշիչ փաստարկին, որ Սարգսյանի վերաբերյալ ես Home Office-ից չէի խնդրում որեւէ «զգայուն անձնական տվյալ», ինչպիսիք թվարկված են Data Protection Act-ի (Անձնական տվյալների պաշտպանության մասին ՄԹ օրենքն է) 2-րդ բաժնում: Իմ հարցն ակնհայտորեն չէր առնչվում Սարգսյանի ռասայական կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական համոզմունքներին, հոգեկան կամ մարմնական առողջությանը, սեքսուալ կյանքին կամ DPA 2-րդ բաժնի որեւէ այլ պաշտպանվող տեղեկության: Home Office-ը ոչինչ չէր ունեցել առարկելու:

Իմ մեկ այլ փաստարկին էլ չկար առարկություն, այն է` Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը գաղտնիք չի պարունակում, քանի որ ՄԹ քաղաքացիությունն ինչ-որ տեղ բաց աղբյուրներից հասանելի տեղեկություն է: Լոնդոնի Բրիտանական գրադարանում արդեն երեւի երկու հարյուրամյակ արխիվացվում են ՄԹ բնօրինակ Ընտրական գրանցամատյանները (Electoral register), որոնցով հնարավոր է պաշտոնապես ճշտել անձի բրիտանական քաղաքացիությունը:
Hime Office-ից առարկել էին միայն իմ այն փաստարկին, որ տեղեկությունը խնդրում եմ լրագրողական հրապարակման համար, եւ հասարակության շահերից է բխում Սարգսյանի երկքաղաքացի լինել-չլինելու հարցի հստակեցումը: Առարկել էին՝ ասելով, որ Սարգսյանն այլ երկրի բարձրաստիճան պաշտոնյա է, եւ նրա վերաբերյալ տեղեկություն հաստատելը կամ տրամադրելը լրագրությունից այն կողմ կարող է հետեւանքներ ունենալ, կարող է առաջացնել դիվանագիտական խնդիրներ:    Ահա այդպես… Իսկ եթե Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը դադարած լիներ, այն էլ՝ 2012-ից առաջ, ի՞նչ խնդիր պիտի առաջանար: 

Ինչեւէ, Home Office Internal Review պատասխանի գլխավոր արժեքը եւ դերն այն էր, որ այդ փաստաթղթի առկայությունը թույլ էր տալիս խնդիրը բարձրացնել արդեն ՄԹ Information Commissioner-ի առջեւ: Սա բրիտանական կառավարությունից անկախ գործող ՄԹ բարձրագույն մարմին է` տեղեկատվության ազատությանը եւ հասանելիությանը վերաբերող խնդիրներով, եւ այդ ատյանի որոշումները պարտադիր են կատարման բոլոր պետական, կառավարական հանրային մարմինների համար: Ինչն ավելի էական է` իր գործունեության մեջ Information Commissioner-ն առաջնորդվում է ոչ թե ՄԹ կառավարության շահերով, ավելի՝ տեղեկատվության ազատության եւ լրագրողների: 

Ինչո՞ւ միայն հիմա 

Թեկուզեւ շուրջ մեկ տարի ուշացումով իմ Internal Review հարցմանը պատասխանելով՝ ՄԹ Home Office-ն ինձ տալիս էր իրավունք եւ հնարավորություն՝ հարցը բարձրացնելու ՄԹ Information Commissioner-ի առջեւ, եւ էականը դա էր: Այդուհանդերձ, այդ հնարավորությունն ունենալով 2019-ի հունվարից, ոչ 2019-ին, ոչ 2020-ին՝ ես ICO (Information Commissioner’s Office) չդիմեցի: Ինչո՞ւ:
Հարցն այն է, որ ես սիրում եմ եւ մի փոքր էլ ճանաչում եմ Մեծ Բրիտանիան, քանի որ Լոնդոնից ու Լորդերի պալատից մինչեւ Մարլբորոյի գյուղակներ ու մասնավոր ընկերություններ այցելելու առիթներ եմ ունեցել եւ այն հաստատուն կարծիքն եմ կազմել, որ Մեծ Բրիտանիայում ծառայողները, հատկապես՝ պաշտոնյաները, խորը պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց պարտականություններին, կոչմանը եւ ինքնուրույնությանը: 

Իմ այդ իմացությունից ելնելով, լիովին վստահ էի, որ Home Office-ի մերժումը UK Inforamtion Commissioner-ին բողոքարկելու դեպքում որքան հնարավոր էր, որ ICO-ում էլ մտածեին, ինչպես Home Office-ում, թե Սարգսյանի քաղաքացիության դադարեցված լինել-չլինելը հստակեցնելը դիվանագիտական անցանկալի հետեւանքներ կարող էր առաջացնել, եւ ձեռնապահ մնային հստակեցնելուց, նույնքան էլ հնարավոր էր (եւ նույնիսկ ավելի հավանական), որ ICO-ում առաջնորդվեին տեղեկատվության ազատության առաջնահերթությամբ, ընդունեին իմ փաստարկները (որոնց, ըստ էության, Home Office-ն էլ չէր առարկել) եւ որոշեին, որ դիմումը պետք է բավարարվի, Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվությունը պետք է տրամադրվի:

Եթե հաշվի առնենք, որ Արմեն Սարգսյանի՝ ՄԹ քաղաքացիության դադարման որեւէ վկայություն գոյություն չունի, եւ Սարգսյանն ինքը չի ասել, թե իրեն երբեւէ Declaration of Renunciation է տրվել (որը ՄԹ քաղաքացիության դադարման միակ իրավական հիմքն է), դա նշանակում է, որ Սարգսյանի քաղաքացիության կարգավիճակի մասին տեղեկությունը, մեծագույն հավանականությամբ, հրապարակավ կհաստատի նրա ՄԹ քաղաքացի լինելը (նվազագույնը մինչեւ 2015թ.):

Գերմանական մի ասույթ կա, որը ես շատ եմ գնահատում եւ որից համարյա երբեք չեմ շեղվում: Ասույթը հետեւյալն է. «Դուռ բացելուց եւ որեւէ տեղ մուտք գործելուց առաջ նախ մտածիր, թե ինչպես ես այդտեղից դուրս գալու»: Հետեւաբար, ICO-ին դիմելուց առաջ ես չէի կարող չմտածել, թե ինչ կլինի, եթե Արմեն Սարգսյանի ՄԹ քաղաքացիության կարգավիճակը ICO-ի որոշմամբ ՄԹ իշխանությունների կողմից հայտնվի, եւ պարզվի, որ նա այսօր էլ կամ նվազագույնը մինչեւ 2015թ․ ՄԹ քաղաքացի է եղել: 

Սարգսյանի` երկքաղաքացիության հանգամանքի պաշտոնական հաստատումը ոչ միայն Հայաստանի համար կլինի միջազգայնորեն անպատվաբեր, որովհետեւ կստացվի՝ Հայաստանն այնքան անզոր կամ ընդհակառակը` կոռումպացված երկիր է, որ նույնիսկ սեփական նախագահի համապատասխանությունը սեփական սահմանադրության պահանջներին չի կարողանում ապահովել: Արմեն Սարգսյանի համար թերեւս պատասխանատվություն կծագի ՀՀ Քրեական օրենսգրքի 314.1 հոդվածով, եթե, իհարկե, ավելի վաղ առողջական նկատառումներով չհեռանա Հայաստանից, ինչպես 1996-ին էր արել:

Քրեական պատասխանատվություն կարող է ծագել նաեւ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ական խառնակույտի համար, որ, տեղյակ լինելով Սարգսյանի ՄԹ քաղաքացիության փաստին, առանց այդ քաղաքացիության դադարած լինել-չլինելու հանգամանքը պարզելու, Սահմանադրության ոտնահարմամբ եւ քրեական հանցանքի մասնակից դառնալով՝ երկքաղաքացուն ընտրել են ՀՀ նախագահ: Բայց այս ամենը երկրորդական է, որովհետեւ Սարգսյանը կարող է իր ՄԹ քաղաքացիության մասին տեղեկությունը հրապարակայնացնելու ICO որոշման պարագայում, հրապարակմանը չսպասելով՝ հրաժարական ներկայացնել եւ հեռանալ` կանխելով հրապարակային սկանդալները: 

Ամեն պարագայում, սակայն, Սարգսյանի ՄԹ քաղաքացիության 2011-ին դադարած չլինելու պաշտոնական հաստատման դեպքում Սարգսյանն անխուսափելիորեն թողնելու է ՀՀ նախագահի պաշտոնը: Եվ այդտեղ էլ թաքնված է շան գլուխը: Ո՞վ է հաջորդ նախագահ ընտրելու: Մտավոր ու հոգեկան հաշմության անվերջանալի վկայություններ տվող Փաշինյանն ու իր ուսապարկե՞րը… Ի սեր Աստծո: Արմեն Սարգսյանի մասին ինքս ինչ էլ մտածեմ, կգերադասեմ, որ նա մնա իր պաշտոնում, քան Փաշինյանն ու ուսապարկերը ՀՀ նախագահ ընտրեն: 

Հենց այդ՝ «Ո՞վ է հաջորդ նախագահ ընտրելու» հարցն աչքի առջեւ ունենալով՝ ամբողջ երկու տարի չդիմեցի ICO-ին եւ դա արեցի միայն բոլորովին վերջերս, երբ արդեն, բարեբախտաբար, իրավիճակ է փոխվել` երկիրը գնում է արտահերթ ընտրությունների։

Յուրաքանչյուրը կյանքում գործում է՝ ելնելով իր համոզմունքներից: Իսկ ես համոզված եմ, որ արտահերթ ընտրություններում որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը յուրաքանչյուրն իր ճամբարում իրենց ընտրության ֆավորիտ հռչակեն` մեկն էլ, մյուսն էլ մեկ-երկու տասնյակ պատգամավորներով կանցնեն խորհրդարան, եւ եթե ՀՀ նախագահի ընտրության հարց ծագի, այդ ընտրությունը զերծ կլինի նրանց որոշիչ միջամտությունից կամ ազդեցությունից: Չեմ թաքցնում, որ ինձ համար Ռոբերտ Քոչարյանը նույնքան մերժելի եւ անընդունելի է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե մտքիս ծայրով անգամ հավատայի Քոչարյանի` 10-15 պատգամավորից այն կողմ որեւէ դերակատարությանը հաջորդ խորհրդարանում կամ իշխանությունում, դարձյալ չէի դիմի ICO: Մինչդեռ դիմեցի: 

Ես հավատում եմ, որ Քոչարյան-Փաշինյան դիխոտոմիայից շատ ավելի հաջող թեկնածուներ եւ ընտրության հնարավորություն կլինի առաջիկա ընտրություններում: Իսկ մինչեւ ընտրությունները Փաստաբանների պալատի 50 անդամի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում ընթացող քննությանն օժանդակելու համար կայքում այս հոդվածին կից կհրապարակենք ՄԹ Home Office-ի պաշտոնական ուղեցույցը, որը պարզաբանում է ՄԹ քաղաքացիության դադարման կարգը եւ Declaration of Renunciation-ի RN ձեւաթուղթը, որն անձի ՄԹ քաղաքացի չհանդիսանալը հաստատող միակ պաշտոնական փաստաթուղթն է:

Փաստաթուղթ 1

Փաստաթուղթ 2