Պետք է խիստ զգուշավոր լինել

Պետք է խիստ զգուշավոր լինել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով այս տարվա նոյեմբերի վերջին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմեկնելու իր որոշմանը, հայտարարել է․ «Մենք մեր անվտանգային հարաբերությունները դիվերսիֆիկացնում ենք, որովհետեւ անվտանգային ոլորտում մեր գործընկերները, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով, մեզ չեն կարողանում զենք-զինամթերք վաճառել: Ռազմավարական առումով մենք քաղաքականության որեւէ փոփոխության մասին չենք պատրաստվում հայտարարել, քանի դեռ չենք հայտարարել կամ որոշել լքել ՀԱՊԿ-ն»։

Փաշինյանը նաեւ ասել է, որ այդ որոշմամբ Հայաստանը թե՛ ՀԱՊԿ գործընկերներին է մտածելու ժամանակ տվել՝ ինչ պետք է անել առկա խնդիրների հետ, թե՛ Հայաստանն ինքն էլ իր համար է մտածելու ժամանակ վերցրել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, նշանակում է հետեւյալը՝ Հայաստանը ռազմավարական առումով Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին թիկունք չի դարձնում եւ իր «գլխի ճարը տեսնում է» ընթացիկ իրավիճակը հաշվի առնելով։

Բացի այդ, եթե ճիշտ ենք հասկանում Փաշինյանի խոսքերը, Հայաստանը ՀԱՊԿ-ին «թիկունք կդարձնի» այն ժամանակ, թերեւս, երբ առկա խնդիրների հետ կապված արձագանքները կամ որոշումները լինեն առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու։ Հայաստանի մտահոգություններն ու վերապահումները, ընդհանուր առմամբ, հասկանալի են։ Եթե իրոք ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի համար Հայաստանն ունի արժեք եւ նշանակություն, ապա ենթադրելի է, որ որոշակի փոփոխություններ կարվեն, եւ կձեռնարկվեն քայլեր, որպեսզի Հայաստանին հնարավորինս սիրաշահեն, ու բանն այնտեղ չհասնի, որ արդեն, ինչպես ընդունված է ասել, «ռազմավարական մակարդակում» Հայաստանը փորձի իր անվտանգային հարցերի լուծման համար այլ «վայրեր» փնտրել։

Մյուս կողմից, սակայն, այս ամենը որքան էլ ընդունելի լինի, նաեւ չպետք է մոռանալ, որ գտնվում ենք այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, որն արդեն քանի տարի դարձել է աշխարհաքաղաքական դիմակայության «ճակատներից» մեկը, եւ նույնիսկ փոքր սխալը կարող է ճակատագրական լինել ու նույնիսկ պետականություն արժենալ։ Այստեղ կարեւորը խիստ զգուշավորության պահպանումն է։ Հայաստանը, ըստ էության, հիմա մի այնպիսի «խաղի» մեջ է մտել, որ «քայլում է թրի սայրի վրայով»։ Կկարողանա՞ գոնե նվազագույն կորուստներով դուրս գալ այդ խաղից՝ դժվար է ասել։ Սակայն գոնե ակնկալելի է, որ պետք է լինել չափազանց զգույշ ու հավասարակշռված եւ հնարավոր միջանկյալ «փոքրիկ հաղթանակների» կամ «փոքրիկ ձեռքբերումների» հաջողություններից գլխապտույտ չունենալ։

Տեղի ունեցողը գլոբալ առումով նոր աշխարհակարգի ձեւավորում է նշանակում, եւ այսօր ձեւավորվող նոր աշխարհակարգն առաջիկա տասնամյակներին լինելու է միջազգային հարաբերությունների համար այն համակարգը, որի շրջանակներում է ընթանալու մոլորակի քաղաքական կյանքը։ Ուստի սա պետք է միշտ հաշվի առնել ու ձգտել այնպիսի ճկուն ու զգուշավոր ընթացք որդեգրել, որ այդ աշխարհակարգում կարողանանք մեր թեկուզ աննշան տեղն ունենալ։